Բուհերի միավորման համար լուրջ հիմնավորում է պետք

Բուհերի միավորման համար լուրջ հիմնավորում է պետք
Օրերս կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ մասնավոր բուհերի միավորումն անխուսափելի է, եւ որ միավորումը կապահովի ֆինանսավորման արդյունավետությունը։ «Եթե բուհերի վերամիավորման ճանապարհով չգնանք, ապա պետությունն ավելի շատ ֆինանսական միջոցներ է ծախսելու, ինչն արդյունավետ չի լինի»,- նշել էր նախարարը։ Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ԳԱԱ պրոֆեսոր Արա Ավետիսյանը կարծում է, որ պետք է սպասել ու իմանալ, թե ինչի մասին է խոսքը, ինչ են հայտարարում, ինչ սխեմաներ նկատի ունի ԿԳՆ-ն, հետո կարծիք հայտնեն։ «Այդ հարցերին չեն մոտենում հանպատրաստից, դա լուրջ ծրագիր է, ֆինանսների միատեղում, հենց այնպես չեն միավորվում»,- արձագանքեց Արա Ավետիսյանը։



Մեր հարցին, թե շա՞տ չեն մասնավոր բուհերը մեր փոքրիկ հանրապետության համար, Արա Ավետիսյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած, այսօր մասնավոր բուհերին տրված է հնարավորություն՝ ապացուցելու իրենց անհրաժեշտությունը։ Կարծում եմ, այսօր նրանց կարիքը չկա։ Նրանցից ոչ մեկը իր գոյության ընթացքում չապացուցեց իր կենսունակությունը , իսկ պետական բուհերի մեջ էլ կա միավորում, սակայն կարեւոր է, թե ինչ սխեմայով եւ խնդիրն ինչ կերպ է ձեւակերպվում։ Պետք է լինեն տարածաշրջանայի՞ն բուհեր, թե՞ առանձին, փոքր բուհեր, որոնք այդպես էլ չեն ձեւակերպում իրենց խնդիրները»։ Արա Ավետիսյանը նկատում է, որ գործող «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներով հիմնական գաղափարները, տերմինները լրիվ չեն ձեւակերպված, ասենք՝ այդ բուհը՝ համալսարանը, համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։



Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանին Գերմանիայում լավ են ընդունել, ինքն էլ նախարարական հայտարարություն է արել։ Արա Ավետիսյանը հիշում է, որ մի քսան օր խոսում էին ակադեմիական ինստիտուտները միավորելու մասին, հետո ասացին, որ այդ ինստիտուտները պետք է միավորվեն բուհերի հետ։ «Անշուշտ, առանձին դեպքերում դա անհրաժեշտություն է, բայց դրան մոտենալ որպես սկզբունք, կարծում եմ, լուրջ հիմնավորում է պետք»,- նշեց մեր զրուցակիցը։