Մեզ խաբել են, թե մենք ապրում ենք ազատ աշխարհում

Մեզ խաբել են, թե մենք ապրում ենք ազատ աշխարհում

Ամերիկացի հայտնի լրագրող Մեգան Քելլիին հեռացրել են NBC հեռուստաալիքից, իբրև թե վերջինս ինչ-որ ռասիստական անթույլատրելի արտահայտություններ է արել։

Կարող է թվալ, թե այս թեման կապ չունի Հայաստանի ու ընդհանրապես մեր հետ, բայց հիմա կտեսնենք, որ դրա մեջ առկա խնդիրները ոչ ավելի, ոչ պակաս մեր կյանքի անբաժանելի մասնիկներն են։

Լրագրողն առավոտյան ժամանցային ինչ-որ հաղորդման ընթացքում ընդամենը նշել է, որ Հելոինի ժամանակ մարդիկ կարող են երեսները սև ներկել՝ Blackface, ու դրանում ռասիզմ չկա։

Ընդամենը այս արտահայտության համար հայտնի լրագրողի հաղորդումը փակել են, իսկ նրան էլ՝ հեռացրել։ Մեգանն իսկապես տաղանդավոր լրագրող է, նա դեռևս նախընտրական կամպանիայի ժամանակ սուր բանավեճի մեջ էր մտել այն ժամանակ դեռ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Վերջերս էլ հարցազրույց էր վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ու մեղմ ասած իր սուր հարցերով խեղճացրել նրան։

Փաստորեն ոչ այնքան զգույշ արտահայտության պատճառով սոցիալական կայքերում ու մամուլում հիստերիայի մեծ ալիք է բարձրացել։ Վե՛րջ, դատավճիռը հստակ է, Մեգանը ռասիստ է, տականք է, նա այլևս մարդ չէ ու իրավունք չունի ապրել ու ստեղծագործել «քաղաքակիրթ» հորջորջվող աշխարհում։

Այս ամենի մեջ ես երեսպաշտություն եմ տեսնում, կեղծիք, իրական արժեքների պղծում ու մարդկային ինտելեկտի դեգրադացում։

Հիմա այդ նույն ուղղադավան երեսպաշտները ինչո՞ւ չեն պահանջում ԱՄՆ նախագահ Թրամփի հրաժարականը, որը այդ նույն Մեգանի քննադատություններն ամենայն ցինիզմով կապում էր կնոջ դաշտանային օրերի հետ, իբրև թե Մեգան Քելլին արյունահոսում է բոլոր տեղերից։ Մի՞թե սա սեքսիզմ չէ։

Իմ կարծիքով՝ լրագրողի հեռացումը գրաքննության պարզ օրինակ է։ Չէ՞ որ նա մարդ է, կարող է և սխալվել վրիպել կամ ով է ասել, որ այդ տաբու թեմաների մասին չի կարելի կատակել ու ընդհանրապես խոսել։

Նշենք, որ ԱՄՆ-ն արդեն վաղուց հաղթահարել է ռասիզմի ու ստրկության ծանր հետևանքները ու խանգարող ոչինչ չկա անցյալի մասին համարձակ խոսելու համար։

Վստահ եմ՝ ԱՄՆ-ի սևամորթ բնակչությունը չի էլ նեղացել լրագրողի արտահայտությունից, մեծ մասը նույնիսկ չի լսել ու չէր լսի, եթե մի քանի պարապ դեգենեռատներ աղմուկ չբարձրացնեին։

Այս նույն նողկալի երևույթները հանդիպում են նաև Հայաստանում ու առհասարակ ամբողջ աշխարհն է ապրում դրա մեջ։ Հաշված րոպեների ընթացքում մարդուն կարող են ոչնչացնել ու փոշի դարձնել։

Մեզ խաբել են, թե մենք ազատ աշխարհում ենք ապրում, չկա նման բան, դա վարդագույն խաբկանք է։

Իրականում մենք ապրում ենք «Պանոպտիկոնի» մեջ։ Ի դեպ, սա ես չեմ ասում, այլ հենց ինքը՝ Միշել Ֆուկոն։

Պանոպտիկոնը կլոր բանտ է ու ինչպես ասում է գաղափարի հեղինակ Բենտամը, դա բանտի իդեալական մոդել է։ Իսկ Ֆուկոն էլ գրում է, որ մենք ապրում ենք հենց այդ իդեալական բանտի մեջ։

Տեսեք Պանոպտիկոնն իր կլոր կառուցվածքով հնարավորություն է տալիս, որ ընդամենը մեկ հսկիչ կարողանա հետևել ամբողջ բանտին։ Բանտարկյալները չգիտեն, թե հսկիչը կոնկրետ որ ուղղությամբ է նայում, բայց անընդհատ զգում են նրա անտեսանելի ներկայությունը։

Այսինքն՝ բռնություն գործադրող մի ամբողջ գումարտակին փոխարինելու է եկել ընդամենը մի հոգի, որն առանց ֆիզիկական բռնության լարվածության մեջ է պահում ամբողջ բանտին։

Նույն տրամաբանության վրա է կառուցված նաև մեր կյանքը։ Մենք այլևս միջնադարում չենք ապրում, մեզ չեն վառում, կախում ու կտտանքների չեն ենթարկում, բայց մեզ անընդհատ հետևում են։

Փաստորեն միջնադարի ու մեր իրականության տարբերությունն այն է, որ մեզ վառելու փոխարեն հետևում են, այսինքն արյունոտ ինկվիզիցիային փոխարինելու է եկել անարյուն ինկվիզիցիան։ Մեզ տեղավորել են քառակուսի սահմանների մեջ, ասել են, որ ազատ ենք ու մենք, խաբվելով, գլխի չենք ընկել, որ ընդամենը կլոր բանտի մեջ ենք։ Մեզ հետևում են, հետևում է իշխանությունը, հետևում է հանրությունը, բոլորը, բոլորը։ Եվ երբ մենք փորձում ենք դուրս գալ այդ սահմաններից, «բանտում» ապրող «ազատները» մեզ ոչնչացնում են, բայց ոչ թե ֆիզիկապես, այլ՝ հոգեպես ու մարդկայնորեն։

Ի՞նչ տարբերություն միջնադարում կախարդության արհեստական մեղադրանքով կնոջը այրելու ու 21-րդ դարում Մեգանին անզգույշ կատակի համար հոգեպես ոչնչացնելու միջև։ Չկա տարբերություն, աշխարհը չի փոխվել, փոխվել են միայն կտտանքների գործիքները։ Թերևս միջնադարի տարբերակը մի փոքր ավելի արժանապատիվ է, քանի որ այրվող կինը հետո ստիպված չէր լինելու տեսնել իրեն ատող, գազազած ամբոխի արյունոտ բերանները։ Իսկ Մեգանը տեսնելու է։

Պետք է հասկանանք, որ գրաքննությունը միայն ինստիտուցիոնալ դրսևորում չէ, պարտադիր չի դրա համար հատուկ ցենզուրայի նախարարություն ունենալ։ Գրաքննությունը կարող է լինել նաև տարերային, երբ ամբողջ հանրությունն է դառնում գրաքննող։

Փակ ու սուրբ թեմաներ կան, փորձվի շոշափել դրանք ու միանգամից կդառնաս տականք, կոչնչանաս ու հետքդ էլ չի մնա։ Հայաստանում այդ տրամաբանության մեջ են տեղավորվում բանակը, եկեղեցին և այսպես շարունակ։

Բայց եկեք խոստովանենք էլի, Մեգան Քելլիից ի՞նչ ռասիստ։

Կարծես թե կրկնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության տխրահռչակ պրակտիկան, երբ սպիտակների կողմից ճնշված սևամորթները ապարտեիդից հետո սկսեցին ճնշել սպիտակներին։

Կարծում եմ՝ սա համամոլորակային բնույթ է ստանալու ու նախկինում ճնշվածները փորձելու են ռևանշ վերցնել ճնշողներից՝ ճնշելով նրանց։

Օրինակ՝ Իսլամական տեռորիզմը հազար ու մի պատճառ ունի, բայց դրա գաղափարական ընդլայնման առաջնային աղբյուրներից մեկը ռևանշիզմի գաղափարն է, իբրև թե «Իսլամական աշխարհը» պետք է ռևանշ վերցնի ժամանակին իրեն գաղութացնողների նկատմամբ։

Աշխարհի տարբեր կետերում կարող ենք տեսնել սևամորթների մոտ լայն տարածում ստացող ռասիստական տրամադրությունները սպիտակների նկատմամբ։ Բայց կարո՞ղ ես ձայն հանել, տականք ռասիստի պիտակը կկպցնեն ճակատիդ։ Նրանք ռասիզմին փորձում ենք հակադարձել ռասիզմով։

Գրեթե կասկած չունեմ, 50 տարի հետո գեյերն էլ խտրական վերաբերմունք են ցույց տալու հետերոների նկատմամբ։ Դա գրեթե օրինաչափություն է, քանի որ նույնիսկ հիմա էլ կարելի է նկատել կուտակվող ագրեսիան ու ատելությունը, որը փոխադարձ է։ Կարո՞ղ ես ծպտուն հանել, հետադիմականի ու հոմոֆոբի պիտակները նորից ճակատիդ։

Էս ատելության միջավայրը աշխարհը լավ տեղ չի տանելու ու ելք չկա, որովհետև մենք ապրում ենք կլոր բանտի՝ պանոպտիկոնի մեջ ու մեզ թվում է, թե ազատ ենք։ Այսպես դեռ երկար կշարունակվի, քանի դեռ գոյատևում է «բաց հասարակության» խաբկանքը ու դրա կողքին քարշ են գալիս հորինված թշնամիները՝ արհեստական ու լպրծուն պիտակումներով դրոշմված՝ ռասիստներ, հոմոֆոբներ և այսպես շարունակ։

Մարդիկ, կարդացեք Միշել Ֆուկո։