Ի՞նչ որոշում կկայացվի «Շնող» ՀԷԿ-ի շահագործման հարցում

Ի՞նչ որոշում կկայացվի «Շնող» ՀԷԿ-ի շահագործման հարցում
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ուղարկած հայտարարության մեջ նշվում է, որ Շվեցարական կազմակերպությունները «Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքներն իրականացնելու ներդրումային ծրագրեր են ներկացրել, սակայն «Կարևորելով նախագիծը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից` նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կտրվի նախագծի բնապահպանական փորձաքննությունից և շահառու համայնքների հետ համաձայնեցումից հետո միայն»:



Հաշվի առնելով ներդրման ծավալներն ու կարևորությունը՝ որքանո՞վ է նպատակահարմար այն ներկայացնել նաև շրջակա համայնքների քննարկմանը, եթե համայնքները չհամաձայնեն, թույլտվությունը չի՞ տրամադրվի։ Հաշվի առնելով Ամուլսարի պատմությունը՝ վտանգ չե՞ն տեսնում նախարարությունում, որ շահառու համայնքները չեն համաձայնի և արդյոք սա չի՞ նշանակում ուղղակի հրաժարվել նման ներդրումից։ Եվ եթե բնապահպանական փորձաքննությունը դրական եզրակացություն տա, իսկ շահառու համայնքները չհամաձայնեն, ի՞նչ որոշում կկայացնի նախարարը։ Արդոք ներդրում իրականացնող կազմակերպությունները համաձայնել են այս պայմաններին։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար հարցումով դիմեցինք Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ստացված պատասխանում նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նշում է․



«Ներկայումս իրականացվում են «Շնող» ՀԷԿ-ի նախագծա-նախահաշվային աշխատանքները: Հաջորդ փուլերում կուսումնասիրվեն գրունտների ֆիզիկա-մեխանիկական հատկանիշները, կգնահատվի նախագծի բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, կբացահայտվեն բնապահպանական ռիսկերը և կկազմվի դրանց փոխհատուցման մանրամասն ճանապարհային քարտեզ:



ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կտրվի նախագծի բնապահպանական փորձաքննությունից և շահառու համայնքների հետ համաձայնեցումից հետո միայն: Սահմանված կարգով հանրային լսումներ կիրականացվեն շահառու համայնքներում, դա օրենսդրական պահանջ է: Ամեն դեպքում ներդրումները պետք է բխեն ՀՀ քաղաքացիների և շրջակա միջավայրի երկարաժամկետ շահերից: Իսկ որոշումը կարող է փոխվել միայն օբյեկտիվ պատճառների և հիմնավորումների արդյունքում:



Ներդրում իրականացնող կողմը տեղյակ է այս բոլոր գործընթացներից: Մեր տեղեկություններով նաև պատրաստակամություն են հայտնել «Շնող ՀԷԿ»-ի կառուցման ծրագրի հետ առնչություն չունեցող լրացուցիչ և անվերադարձ ներդրումներ իրականացնել համայնքային ենթակառուցվածքների ստեղծման համար՝ համայնքներում առաջացած և Դեբեդ գետ թափվող կեղտաջրերի կանոնավոր հեռացման և համապատասխան մաքրման կայանների կառուցման համար:



Կարծում եմ՝ բոլոր դեպքերում կկայացվի զգացմունքայնությունից զերծ և բոլոր շահագրգիռ կողմերի համար ընդունելի որոշում»։