Ուժեղ եղեք

Ուժեղ եղեք
Ուժեղ մարդ-թույլ մարդ, ուժեղ իշխանություն-թույլ իշխանություն․ ինչքա՜ն խեղաթյուրված են մեզ մոտ այս հասկացությունները եւ դրանց ընկալումը։ Ուժեղ մարդն էլ, իշխանությունն էլ բարի է լինում, մեծահոգի, լայնախոհ, մարդկանց մանր-մունր թերություններին ու արատներին վերեւից է նայում։ Մարդկանց սխալներից ու թուլություններից չի օգտվում, նենգ քայլերի չի դիմում, տակից խաղեր չի տալիս, հետեւից չի բամբասում՝ դժգոհությունն էլ, գոհունակությունն էլ, տխրությունն էլ, ուրախությունն էլ բաց ու համարձակ է արտահայտում՝ չվախենալով հետեւանքներից։



Երբ բռնում են իր սխալները, «կրուտիտներ» չի անում, այլ շիտակ խոստովանում է եւ ներողություն խնդրում։ Անգամ իր հակառակորդի հետ հարաբերվելիս ուղիղ է եւ ազնիվ։ Ուժեղ մարդը կամ ուժեղ իշխանությունը մի կարեւոր հատկություն էլ ունի՝ նա հստակ հայացքներ ու դիրքորոշում ունի, կենսակերպ ու բնավորություն։ Նրան դժվար է շեղել իր բռնած գծից, կոտրել, վախեցնել, ճնշել։ Նա երբեք չի նայում, թե շրջապատն ինչ կասի, ինչպես կվերաբերվի իր արարքներին ու ասածներին։ Ո՛չ հայհոյանքից է վախենում ու նահանջում, ո՛չ գովեստներից է ոգեւորվում եւ օդ թռչում։ Նա ունի նպատակ ու անելիք եւ երբեք պահի ազդեցության տակ որոշումներ չի կայացնում ու աշնան տերեւի նման չի դողում իրավիճակի չնչին փոփոխությունից։



Չի կարող հստակ եւ ուժեղ իշխանությունը ողջ օրն անցկացնել ֆեյսբուքներում, մոնիթորինգ անել, թե լատինատառ գրողների մասսան ինչ է պահանջում իրենից, եւ կատարել այդ պահանջները։ Ծրագիր եւ մարտավարություն ունեցող իշխանությունը չի կարող ոտքերի վրա հաստատուն չկանգնող մանկիկի նման մե՛կ այս կողմ թեքվել, մե՛կ այն կողմ, իրավիճակային լուծումներ գտնել եւ լսել միայն նրանց ձայնը, ովքեր այդ պահին ուժեղ են բղավում։