ԲԷՑ-ը՝ մասնավո՞ր, թե՞ պետական․ ի՞նչ դիրքորոշում ունի նորանշանակ նախարարի պաշտոնակատարը

ԲԷՑ-ը՝ մասնավո՞ր, թե՞ պետական․ ի՞նչ դիրքորոշում ունի նորանշանակ նախարարի պաշտոնակատարը
2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի միջեւ՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը «Տաշիր կապիտալ»-ին հանձնելու նպատակով: «Տաշիր կապիտալ»-ն առաջարկել էր 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել եւ համապատասխան խորհրդատվական աջակցություն տրամադրել ԲԷՑ ղեկավարությանը։ Մինչ գործարքի վերջնական կայացումը, «Տաշիր կապիտալն» արդեն սկսել էր տնօրինել ԲԷՑ-ը եւ անգամ ինչ-որ ներդրումներ էր կատարել ԲԷՑ-ի արդիականացման ուղղությամբ։ Հետո «Տաշիր» ընկերությունը հայտարարեց, որ իրենք են հրաժարվել ԲԷՑ-ի կառավարումից, քանի որ այն շահութաբերության տեսակետից հետաքրքիր չէ իրենց։ Մինչդեռ ԲՀԿ քվոտայով առաջադրված այլեւս նախկին նախարար Արթուր Գրիգորյանն էլ այդ օրերին՝ հեղափոխությունից անմիջապես հետո հայտարարեց, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մնալու է որպես պետական հիմնարկություն, այդպես ավելի օգտակար է։ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր գրուպ»-ին, բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, եւ այն մնալու է որպես պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը»,- ասել էր Գրիգորյանը։



Գրիգորյանի հայտարարությունից տառացիորեն 1-2 օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ խնդրին՝ հերքելով նախարարի ասածը եւ նշելով, որ դեռ ոչինչ որոշված չէ, եւ չի բացառվում, այնուամենայնիվ, որ ԲԷՑ-երն ապապետականացվեն կամ հանձնվեն մասնավորի կառավարմանը։ Այս ամենի ֆոնին պարզ չէ նորանշանակ նախարար անկուսակցական Գարեգին Բաղրամյանի դիրքորոշումը։ Արդյոք ձեռնտո՞ւ է ԲԷՑ-ի նման ընկերությունը պետական հիմնարկ դարձնելը, քանի որ ենթադրվում է, որ ընկերությունում ներդրումներ կատարելու ու արդիականացնելու բեռը մնում է պետության ուսերին։ Այդ հարցով դիմեցինք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը՝ հասկանալու պետության դիրքորոշումը ԲԷՑ-ի վերաբերյալ։ Նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունը նպատակահարմար չի գտնում առաջիկայում ընկերության մասնավորեցումը կամ մասնավորին կառավարման հանձնումը։



««Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն շարունակելու է իր գործունեությունը որպես նախարարության ենթակայության` 100 % պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն: ԷԵԲՊ նախարարությունը նպատակահարմար չի գտնում առաջիկայում ընկերության մասնավորեցումը կամ մասնավորին կառավարման հանձնումը: Ընկերության արդյունավետ կառավարումը հնարավոր է իրականացնել նաեւ պետական կարգավիճակով: Ընկերության հաշվեկշռում են բարձր լարման մայրուղային էլեկտրահաղորդման ցանցերը, որոնց միջոցով Հայաստանը կապվում է հարեւան երկրների հետ (Իրան-Վրաստան): Ընկերությունը մատուցում է էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայություն, ինչպես նաեւ իրականացնում է արտահանում եւ ներմուծում: Գործող օրենսդրության համաձայն՝ ընկերությունում իրականացվող ներդրումները վերադարձվում են (ամբողջովին հատուցվում են) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընկերության համար հաստատվող սակագներով: Ընկերությունը չունի խնդիրներ` ներդրումներ իրականացնելու համար միջազգային վարկային կազմակերպություններից անհրաժեշտ միջոցներ (ցածր տոկոսադրույքով) ներգրավելու հարցում: Բացի այդ, սպասվող օպտիմալացումների արդյունքում խնայված միջոցների մի մասը նույնպես կարող է ուղղվել ներդրումների իրականացմանը»,- ասվում է էներգետիկայի նախարարության պաշտոնական պատասխանում։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**