Ջոն Բոլթոնը կտրուկ էր, ղարաբաղյան կարգավորմամբ շահագրգռված

Ջոն Բոլթոնը կտրուկ էր, ղարաբաղյան կարգավորմամբ շահագրգռված
Ինչպես հայտնի է՝ երեկ Հայաստան էր ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ջոն Բոլթոնը։ Երեկ առավոտյան, որքան կարելի է հասկանալ, նա սկսել եւ մինչեւ կեսօր ավարտել էր նախանշված բոլոր հանդիպումները ՀՀ իշխանությունների, անգամ փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ եւ կեսօրից շատ չանցած՝ ժամը 13-ին, արդեն ԱՄՆ դեսպանատանն էր, որտեղ կայացավ նրա մամլո ասուլիսը։



Միայն հանգամանքից, որ իր ներկա տարածաշրջանային այցի ընթացքում Բոլթոնը Մոսկվայում, դիցուք ,միայն ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ բանակցել էր 5 ժամ շարունակ, իսկ Հայաստանում վարչապետի, արտգործ եւ պաշտպանության նախարարների, անվտանգության քարտուղարի հետ հանրագումարում՝ հազիվ 2 ժամ, արդեն կարելի է եզրակացնել․ արդյոք Բոլթոնը ՀՀ իշխանությունների հետ բանակցե՞լ է, թե՞ նրանց հստակ ու կտրուկ ուղերձներ է փոխանցել եւ այդքանով էլ շփումներն ավարտել։ Ընդսմին, ՀՀ իշխանությունների հանդիպումներն այնքան գործնական ու կարճատեւ էին եղել, որ դեսպանատանը կարծել էին, թե ասուլիսը ժամը 13-ից էլ շուտ կարող է սկսվել, եւ հեռախոսազանգերով նախազգուշացնում-խնդրում էին ավելի շուտ գալ դեսպանատուն։



Իր ասուլիսում խորհրդական Բոլթոնը կարճ ներածական խոսք ասաց կայացած հանդիպումների մասին։ Տեղեկացրեց, որ վարչապետի հետ հանդիպումը տեւել է 1 ժամ 20 րոպե, դրանից առաջ էլ կայացել են հանդիպումները մյուս պաշտոնյաների հետ։ Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության, Իրանի դեմ նոր պատժամիջոցների, Մերձավոր Արեւելքի իրադրությանն առնչվող հարցեր։ Բոլթոնն ընդգծեց, որ Հայաստանի հետ հարաբերություններն ԱՄՆ-ի համար ունեն առաջնային նշանակություն, եւ ԱՄՆ-ն շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քանի որ խաղաղությունը հարկավոր է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, այլեւ կծառայի ԱՄՆ շահերին։



Այնուհետ պատասխանեց լրագրողների կողմից հնչեցված հինգ հարցի։ Հենց առաջին հարցով «Ազատություն» ռադիոկայանից Հրանտ Թամրազյանը փորձեց մի դրական բառ լսել Բոլթոնի շուրթերից Նիկոլ Փաշինյանի կամ ապրիլ-մայիսյան շարժման մասին, հարցնելով՝ պրն խորհրդական, Դուք Հայաստանում եք, հանդիպել եք վարչապետ Փաշինյանին, մեզ մոտ նոր իրականություն է, թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել, նոր իշխանություններ են, Դուք ի՞նչ տպավորություն ստացաք երկրից, վարչապետից, արդյոք լավատե՞ս եք մեր ապագայի հանդեպ։ Բոլթոնն անտեսեց Հայաստանի ապրիլ-մայիսյան իրադարձություններին պրն Թամրազյանի տված գնահատականները, ըստ էության անտեսեց նաեւ Փաշինյանին եւ շարժմանն ի նպաստ դրական գնահատական կորզելուն ուղղված ենթահարցերը եւ միայն գործնական պատասխանեց, որ վարչապետի հետ քննարկվել է ակնկալվող խորհրդարանական ընտրությունների հարցը, եթե այդ ընտրություններում, ինչպես ցույց են տալիս հարցախույզները, եւ ինչպիսի կարծիք են հայտնում փորձագետները, վարչապետին հաջողվի ստանալ ամուր մանդատ, ապա դա լավագույն ժամանակը կլինի ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ վճռական քայլեր անելու համար։



Մեկ այլ հուզախառն հարցի, թե ներկա բանակցություններն ընթանում են «հող՝ խոստումների դիմաց» բանաձեւով, եւ եթե հայկական կողմը հողեր վերադարձնի, ապա ո՞վ պիտի հայկական կողմի անվտանգությունն ապահովի, երբ Ալիեւը անգամ Երեւանի հանդեպ հավակնություններ ունի, 1915-ին աշխարհը դիտորդի դերում էր, երբ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ եւ այլն, դեսպան Բոլթոնը հանգիստ պատասխանեց, որ կողմերն իրենք պետք է այնպիսի կարգավորումներ գտնեն, որ ապագան երաշխավորված լինի, եւ մեջբերեց իր նախկին ղեկավար Բեյքերին, ով մեկ այլ հակամարտության կապակցությամբ ասել է․ «ԱՄՆ-ն չի կարող ավելի շահագրգռված լինել խաղաղությամբ, քան հակամարտող կողմերը»։



Այն հարցին, թե ԱՄՆ-ում հնարավո՞ր է օրենսդրության փոփոխություն Freedom Support Act-ում, ինչը թույլ տա զենք վաճառել Ադրբեջանին, եւ արդյոք այդ դեպքում ԱՄՆ-ն զենք կվաճառի նաեւ Հայաստանի՞ն, Բոլթոնի պատասխանն էր՝ Ռուսաստանը Հայաստանի հիմնական զենքի մատակարարն է եւ մատակարարում է Ադրբեջանի զենքի շուրջ 80 տոկոսը։ Այդպիսով Ռուսաստանն ահռելի ազդեցություն է ձեռք բերել կողմերի նկատմամբ, սակայն դրանից խաղաղությունը չի մոտեցել։ ԱՄՆ-ում միշտ էլ այն կարծիքին են, որ մրցակցությունն է ստեղծում բարելավում, ամերիկյան զենքը, ամեն պարագայում, շատ ավելի լավն է, քան ռուսականը, այնպես որ՝ այս մեկնակետից ԱՄՆ օրենսդրությունը քննարկելու իմաստ կա։



Սիրիա ուղարկվող ՀՀ զորախմբի հետ կապված՝ Բոլթոնը զգուշացրեց, որ մեծ սխալ կլինի որեւէ երկրի համար որեւէ կողմից սիրիական կոնֆլիկտում ռազմական առումով ներգրավվելը, երբ այնտեղ ներկա պահին առանց այն էլ 7-8 հակամարտող կողմեր կան։



Վերջին հարցն անհասկանալի տեղեկատվություն, թե դատողություն էր այն մասին, թե ըստ Մինսկի խմբի նախկին համանախագահներից մեկի՝ Ռիչարդ Հոգլանդի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում այժմ Կազանի փաստաթուղթը չէ, Մադրիդյան սկզբունքները չեն, եւ հարց էր տրվում, թե ինչն է այժմ կարգավորման հիմքում, եւ եթե բանակցություններ սկսվեն, դրանք ում միջեւ պիտի ընթանան, արդյոք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի՞։



Բոլթոնի պատասխանն էր՝ ինքը Հայաստան չի եկել ղարաբաղյան հակամարտության հանդեպ ամերիկյան դիրքորոշումը եւ քաղաքականությունը փոխելու համար, այլ հայաստանյան կողմից կարծիքներ լսելու, եւ իր տպավորությունն այն է, որ Հայաստանը մեծապես աջակցում է Մինսկի համանախագահների աշխատանքին, ձեւաչափին եւ մանդատին։ Մնում է, որ եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում եւ ստանա ամուր մանդատ, դրանից անմիջապես հետո անցնի վճռական քայլեր կատարելուն, որոնք կտանեն դեպի խաղաղության հաստատում։ Ըստ Բոլթոնի՝ Ադրբեջանն էլ, անշուշտ, պետք է իր կողմից վճռական քայլեր կատարի՝ խաղաղությանն ընդառաջ։



Այսպիսով, Ջոն Բոլթոնը Երեւանում, ըստ էության, բաց տեքստով ասաց, որ Փաշինյանի վարչապետությունից՝ եթե ոչ աշխարհն ընդհանրապես, ապա առնվազն ԱՄՆ-ն հաստատապես ունի մեկ էական ակնկալիք՝ կատարել այն անհրաժեշտ եւ ոչ պոպուլիստական քայլերը ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման ուղղությամբ, որ նախկին իշխանությունները չեն կատարել։



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**