Մութ ու ցուրտ նկուղից՝ լուսավոր բնակարան

Մութ ու ցուրտ նկուղից՝ լուսավոր բնակարան
Լոռու մարզի Դեբեդ գյուղում բնակվող Նազլուխանյանների ընտանիքին սպասվող անձրեւներն ու ցուրտն այլեւս չեն մտահոգում: Թեեւ այս գյուղում ձմռան ցրտաշունչ ներկայությունը սովորաբար ավելի երկար է պահպանվում՝ մինչեւ 160 օր, իսկ նոր կառուցված տունն էլ գտնվում է ծովի մակերեւույթից 1100մ բարձրության վրա, նախկին խնդիրներն այլեւս չկան: Երեք տարի առաջ գնված կիսակառույցի փոխարեն ընտանիքն արդեն նոր տուն ունի: Մինչեւ բնակարանամուտի բերկրանքը, Նազլուխանյանները ստիպված են եղել ապրել շինության նկուղում՝ բնակվելու համար հարմար միակ հատվածում: Կիսակառույցը եղել է առանց ծածկի եւ ոչ ամբողջական պատերով:



«Շուրջ վեց տարի ընտանիքիս հետ ապրել եմ իմ հայրական տանը, որտեղ առանց այդ էլ նեղվածք էր: Հետո հնարավոր եղավ գնել այս կիսակառույցը: Եվ եթե բնակարանաշինության նման ծրագիր չլիներ, երեխաներս ստիպված էին լինելու դեռ երկար ապրել նկուղում: Գուցե այնտեղ անցներ նրանց ամբողջ մանկությունը, որը խոնավությունից ու մթից դարձել էր տխուր: Նրանք անընդհատ հիվանդանում էին: Դուք ոչ թե միայն տուն եք կառուցում, այլեւ ուժ ու լույս եք տալիս»,- ասել է ընտանիքի հայրը՝ Կամսարը:



ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ընտանիքը հաշված ամիսների ընթացքում նկուղից տեղափոխվել է հարմարավետ բնակարան, ուր կան ե՛ւ կոմունալ բոլոր հարմարությունները, ե՛ւ լուսավոր ապագայի նկատմամբ հավատը:



Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Նազլուխանյաններին՝ գնահատելու շինարարական տարվա արդյունքներից մեկը եւ ընտանիքի հետ կիսելու բնակարանամուտի ուրախությունը:



«Ամեն կառուցվող տան հետ ամրանում է որեւէ մեկի հավատը: Եվ դա է ամենակարեւորը: Ծրագրի գնահատման ամենահաջողված ցուցիչը ոչ թե բարձրացող պատն է, այլ քեզ նայող երեխայի աչքերի փայլը: Հոգսերի մեջ խորացած ընտանիքներում ամենամեծ ցավն զգում են երեխաները՝ մանկությունից կրելով ծնողներին օգտակար լինելու անզորության զգացումը: Շինարարական աշխատանքներին մասնակցելու ընթացքում հաճախ եմ նկատել, թե ինչպիսի ոգեւորությամբ են նրանք հետեւում կամավորներին: Եվ այսօր ուզում եմ խոսքս ուղղել բոլոր ծնողներին՝ ձգտեք ուրախության փայլը պահպանել ձեր երեխաների աչքերում: Դրա համար երբեմն պահանջվում են շատ ավելի քիչ ջանքեր, քան կարող ենք պատկերացնել: Փոխանցեք նրանց սեր եւ վստահություն, եթե անգամ դուք չունեք այդ վստահությունը: Եվ կտեսնեք, թե նրանց այդ զորավոր ուժը ներարկելուց հետո ինչպես են փոխվում նաեւ ձեր ներաշխարհն ու ինչ-որ բան փոխելու հնարավորությունը: Բոլոր դժվարությունները ժամանակավոր են»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:      



«Երբ խոսքը վերաբերում է երեխաների բարեկեցությանը, բոլոր հարցերը լուծման հրատապություն են ստանում: Այն, թե ինչպիսի պայմաններում են մեծանում երեխաները, շատ դեպքերում որոշում է ապագայի նկատմամբ նրանց լավատեսությունն ու երազելու, նորն արարելու ձգտումը: Մեր համագործակցության արդյունքում երջանիկ երեխաների թիվը գնալով ավելանում է, ասել է թե՝ ծրագիրը հաջողված է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը:



ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) եւ ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։