Մարդիկ պետք է փոխվեն

Մարդիկ պետք է փոխվեն

Երևի թե ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ հեղափոխությունը չի կարող սահմանափակվել միայն քաղաքական համակարգի փոփոխությամբ, իրավական ու տնտեսական ռեֆորմներով ու կոռուպցիան արմատախիլ անելով։

Իր արժեքային ողջ ներուժով հեղափոխությունը պետք է շատ ավելի լայն բովանդակություն ստանա՝ թիրախավորելով մարդկային կյանքի բոլոր ոլորտները։ Մարդիկ պետք է փոխվեն։ Իսկ փոխվելու համար մարդը պետք է առաջին հերթին կարողանա հաղթել ինքն իրեն՝ արմատախիլ անելով իր ներսում բազմացող որդերն ու մեռած բջիջները։ Թե չէ ստացվում է այնպես, որ հին իրականությունն այլևս չկա, բայց դրա վնասարար ժառանգությունը դեռևս ապրում է մարդկանց հետ ու մարդկանց մեջ։

Իհարկե քաղաքական համակարգի փոփոխությունը, ռեֆորմներն ու կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, օրենքի ու սահմանադրականության գերակայությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում մարդկային կյանքի որակական փոփոխության համար, բայց ամենն այդ քիչ է։ Մարդը հնարամիտ կենդանի է ու միշտ էլ կարողանում է ելքեր գտնել օրենքները շրջանցելու համար։ Այսինքն եթե խաղադրույքը դնենք միայն օրենքի վրա, ապա կստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որ մենք մարդկանց զուտ վարժեցնում ենք։ Բայց ընդհակառակը մենք չպետք է նրանց վարժեցնենք, այլ պետք է հասնենք նրան, որ անհատը ինքնին դառնա այդ օրենքի արժեքային կրողը։ Այլ խոսքով ասած օրենքի գերակայության հետ համընթաց պետք է փոխվի նաև աշխարհայացքը, աշխարհճանաչողությունը, առօրյան, պետության ու քաղաքականության վերաբերյալ պատկերացումներն ու ընկալումները։

Ես Շվեդիայում ապրող մի բարեկամ ունեմ, որը պարբերաբար ծանրոցներ է ուղարկում Հայաստան։ Ծանրոցներում ամեն ինչ կարելի է գտնել, հրուշակեղենից մինչև կենցաղային տարատեսակ իրեր։ Մի օր հարցրեցի, թե ինչու է նա այդ ամենը ուղարկում, եթե նույն ապրանքներից կարելի է գտնել նաև Հայաստանում։ Պատասխանը սարսափելի էր, քանի որ բանից պարզվում է, որ այդ ապրանքները գողացված էին։ Բայց հետաքրքիրն այն էր, որ այդ մարդը նաև իր հանցանքի համար չափազանց ուշագրավ արդարացում ուներ։ Նրա հիմնավորմամբ շվեդները ապուշ են ու հիմնականում չեն նկատում գողությունը, իսկ նկատելու դեպքում էլ ոստիկանություն չեն զանգում։ Բացի այդ գրեթե բոլոր գաղթականներն էլ այդ գործի վրա են՝ արաբները, հայերը, թուրքերը, ինչպես նաև Սև Աֆրիկայից ժամանածները։

Փաստորեն ստանում ենք չափազանց հետաքրքիր մի իրավիճակ։ Շվեդիայում օրենքի գերակայությունն ամեն ինչից վեր է, բայց ամեն դեպքում հնարամիտ գաղթականները կարողանում են ելք գտնել այդ օրենքը շրջանցելու համար։ Արդյո՞ք շվեդ վաճառողներն իսկապես ապուշ են, որ չեն նկատում հրուշակեղենի գողությունը։ Ո՛չ, վստահաբար նրանք ապուշներ չեն, պարզապես այդ մարդկանց աշխարհայացքին խորթ է մանր գողությունը, և նրանք երբևէ չեն ակնկալել, որ ինչ-որ մեկը կարող է խանութից քաղցրեղեն գողանալ։ Բնական է, որ շվեդ բնակիչների միջավայրում երևույթն այդ տարածված չէ, դրա համար էլ նկատելու դեպքում էլ ոստիկանություն չեն զանգում՝ խղճալով «կարիքի» մեջ գտնվող մարդկանց։ Բայց որտեղից իմանան մեր շվեդ ընկերները, որ այդ մարդիկ ոչ թե կարիքից դրդված են այդպիսի քայլի դիմում, այլ նրանց աշխարհայացքն է այդպիսին՝ հնարամտորեն շրջանցել օրենքն ու հետո գլուխ գովալ այդ հերոսությամբ։

Գրեթե նույն աշխարհայացքն առկա է նաև Հայաստանում։ Ճիշտ է, հեղափոխություն է տեղի ունեցել, բայց մարդկային հոծ զանգվածներ դեռևս հակված են շրջանցելու օրենքը։ Եվ նույնիսկ օրենքի գերակայության պայմաններում նրանք շրջանցելու են այդ օրենքը, քանի դեռ չեն փոխել իրենց աշխարհայացքը։ Իմ համոզմամբ այստեղ լուրջ առաքելություն ունի պետությունը։ Նա պետք է կարողանա իր քաղաքացիներին իսկապես քաղաքացի դարձնել, ոչ թե միայն անձնագրով, այլ սրտով ու հոգով, աշխարհայացքով ու գաղափարական ընկալումներով։ Որպեսզի Հայաստանի քաղաքացիներն էլ անկախ օրենքի գերակայության լինելիությունից հակված չլինեն շրջանցելու օրենքը։

Տեսեք Թավշյա հեղափոխությունից հետո հստակ արձանագրվել ու ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք ընտրությունները չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու, քաղաքացիները ընտրությունների ժամանակ «թրաֆիքինգի» չեն ենթարկվելու, իրենց կամքից անկախ իշխող կուսակցության անդամ չեն դառնալու, թաղային հեղինակություններն ձայներ չեն հավաքելու և այսպես շարունակ։ Այսինքն՝ ընտրությունները յուրաքանչյուր քաղաքացու համար այսուհետ պետք է դիտարկվեն որպես սեփական խղճի ու նախընտրությունների հիման վրա կատարված որոշում։

Բայց բազմաթիվ մարդկանց համար իրավիճակի փոփոխությունն այս կարծես թե խորթ է։ Նրանց աշխարհայացքը չի փոխվել ու չի համապատասխանում նոր իրավիճակի արժեքներին։ Երբեմն ինձ մոտ են գալիս վաղեմի ծանոթներ ու խնդրում են միջնորդել իրենց համար, որպեսզի դառնան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Ակնհայտ է, որ նրաց ցանկությունը ոչ թե գաղափարական է, այլ բազմաթիվ մարդկանց աշխարհայացքային ընկալումների համաձայն իշխող կուսակցության անդամ դառնալով հնարավոր է բավարարել անձնական կարիքներն ու շահերը, ինչպես նաև հայտնվել նպաստավոր կարգավիճակում։ Օրինակ՝ երեկ մեկն ասում էր, որ իր ընկերը «կռուգով» տղա է ու ընտրությունների ժամանակ կարող է «վիզ» դնել ՔՊ-ի համար, եթե ես իմ կապերի միջոցով նրան մտնցնեմ կուսակցություն։

Իհարկե «վիզ դնելու» պատրաստակամություն հայտնողները խորը հիասթափություն են ապրում, երբ իմանում են, որ ես ՔՊ-ի անդամ չեմ ու որևէ լծակ չունեմ նրանց օգնելու համար։ Սա իսկապես շոկ է նրանց համար, քանի որ աշխարհայացքի համաձայն իշխող քաղաքական ուժի անդամ դառնալը պարտադիր առաքելություն է։

Հիմա մենք ի՞նչ անենք այս մարդկանց հետ, ինչպե՞ս բացատրենք, որ չի կարելի այդպես ապրել։ Նույնիսկ հեղափոխությունը նրանց չի փոխել։ Կարծում եմ այստեղ իրենց վճռական ասելիքը պետք է ունենան իշխանություններն ու իշխող քաղաքական ուժը։ Խնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ է իրականացնել երկու քայլ․

1․ Նմանատիպ ակնկալիքներ ունեցողներին ցույց տալ դռան կողմը։

Բայց նրանց վանելով չի կարելի ենթադրել, թե անձնական ակնկալիքները հենց այնպես անհետանալու են։ Ընդհակառակը՝ մարդիկ նոր «փեշակ» են փնտրելու ու հավատացնում եմ, որ կգտնեն։ Կգտնեն այն ուժերի մոտ, որոնք նախկինում սովոր էին այդպես աշխատել։

2․ Սա կանխելու համար անհրաժեշտ է քաղաքացիների համար զբաղվածության միջավայր ստեղծել, որպեսզի նրանք կարողանան բավարարվածություն ստանալ իրենց կյանքի պայմաններից ու այլևս քաղաքականությունը չդիտարկեն որպես եկամտի գործիք: Այսինքն քաղաքականությունը պետք է բաց լինի միայն քաղաքական ասելիք ունեցող անհատների համար։ Բայց չէ՞ որ մենք մարդկանց չենք կարող ստիպել ու չենք էլ կարող անհատական բոլորի պարագայում հասկանալ ասելիքի բովանդակությունը։ Դրա համար էլ պետք է այնպիսի իրականություն ստեղծվի, որ անհատը հենց ինքը շահագրռված չլինի մտնել այնտեղ, որտեղ ասելիք չունի։ Մարդիկ պետք է զբաղված լինեն, իսկ դրա համար անհրաժեշտ են սոցիալական ու տնտեսական լրջագույն բարեփոխումներ։

Մարդիկ պետք է փոխվեն, նրանց աշխարհայացքը պետք է փոխվի։