Ափսոս է պաշտոնը

Ափսոս է պաշտոնը
Որքան էլ դժվար է ինքնուրույն լինել, սեփական դիմագիծ ունենալ, սկզբունք ու տեսակետ, բայց եթե մարդը քիչ թե շատ նշանակալի դերակատարում է ուզում ունենալ երկրում, պետք է այդպիսին լինի։ Ոչ ոք չի հարգում ստորաքարշներին, քծնողներին, ծռմռվողներին, անգամ եթե այդ քծնանքն ուղղված է իրենց։ Ինչպե՞ս կարող է կայանալ, ասենք, Սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուրդը, վճռաբեկ դատարանը, եթե այս մարմինները ղեկավարող մարդիկ միշտ առաջնորդվում են «ով՝ էշ, մենք՝ փալան» սկզբունքով։ Ինչպե՞ս կարող է կայանալ Ազգային ժողովը, եթե դրա նախագահը վախենում է ընդդիմությունից, ինչպե՞ս կարելի է հարգել երկրի նախագահին, եթե նա հաճոյանում է վարչապետին։



Ի՞նչ կարելի է սպասել նախարարներից, որոնք վախենում են ծպտուն հանել կառավարության նիստերում եւ միշտ գուշակում են, թե ինչ է ուզում լսել կառավարության ղեկավարը։ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանն ընտրվեց անցումային շրջանում։ Նրան այդ պաշտոնին բերեց Սերժ Սարգսյանը, սակայն կյանքն այնպես դասավորվեց, որ ընդամենը մեկ-երկու ամիս անց ամեն ինչ խառնվեց իրար, եւ նա ստիպված էր գործել ու հարմարվել «Նիկոլի ժամանակներին»։ Հասկանալի է, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանն այնպես է ձեւել, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը որեւէ էական դերակատարում չունենա երկրում, եւ վարչապետի լիազորություններին երբեք վտանգ չսպառնա։ Բայց ցանկացած պաշտոնի կարեւորությունը պայմանավորված է այն զբաղեցնողի անձով։



Աննշան մարդն ամենակարեւոր պաշտոնն էլ կարժեզրկի, եւ արժեքավոր մարդը ամենաաննշան պաշտոնն անգամ կարժեւորի։ Չի կարելի կրել «ՀՀ նախագահ» բարձր անունը եւ այդքան անշուք դեր կատարել երկրի կյանքում։ Ափսոս է պաշտոնը։ Եթե ի վիճակի չես, ազատիր այն՝ ավելի արժանի մարդու համար։