Պուտինն ու Թրամփը կհանդիպեն մի քանի շաբաթից՝ Փարիզում

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն մի քանի շաբաթից՝ Փարիզում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ օգտակար կլիներ, եթե Փարիզում միջազգային հանդիպման շրջանակներում տեղի ունենար նաեւ իր եւ ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այս մասին նա ասել է Սպիտակ տան հատուկ խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմը հետաքրքրված է շփումներով, եթե իհարկե նման հետաքրքրություն կա նաեւ ամերիկյան կողմից մոտ։ «Իհարկե օգտակար կլիներ ուղիղ երկխոսության շարունակումը ԱՄՆ նախագահի հետ։ Նախ եւ առաջ հարմար առիթ են այն միջազգային միջոցառումները, որոնք տեղի են ունենալու առաջիկայում, օրինակ՝ Փարիզում»,- մասնավորապես ասել է Ռուսաստանի նախագահը։ Խորհրդական Բոլթոնն էլ հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահի համար շատ հաճելի կլինի հանդիպել իր ռուս պաշտոնակցի հետ Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Ավելի վաղ, Bloomberg  լրատվական գործակալությունը արդեն գրել էր, որ հնարավոր է, որ Պուտինն ու Թրամփը հանդիպեն Փարիզում՝ Առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։