Վահե Գրիգորյանի թեկնածությունը հայտնի էր բոլորին, բացի ներկայացնողից

Վահե Գրիգորյանի թեկնածությունը հայտնի էր բոլորին, բացի ներկայացնողից
Այսօր Ազգային ժողովում քննարկվելու է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցը։ Նախագահ Արմեն Սարգսյանը երկար մտորումներից հետո, այնուամենայնիվ, կատարեց ոմանց պահանջը եւ այս պաշտոնում առաջադրեց փաստաբան եւ իրավախորհրդատու Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Հենց սկզբից էլ պարզ էր, որ նա առաջադրելու է Վահե Գրիգորյանին, ում թեկնածությունն էին պնդում որոշ հասարակական կազմակերպություններ եւ փաստաբաններ, բայց ամենակարեւորը՝ գործող իշխանությունը։ Չնայած կանխատեսելի, պարտադրված ընտրությունից խուսափելու նպատակով ՀՀ նախագահը կատարել էր քաղհասարակության եւս մեկ պահանջ՝ հանձնաժողով էր ստեղծել, որոնք պետք է հուշեին իրեն, թե ում ընտրի։ Ե՛վ խմբի անդամները, ե՛ւ լրագրողները չէին կասկածում, որ նախագահը 5 թեկնածուից ընտրելու է հենց Վահե Գրիգորյանին։



Տպավորություն է, որ Գրիգորյանն ինքն էլ չէր կասկածում, որ հաղթելու է, այն աստիճանի, որ խմբի իրավաբանների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե ինչ է նրանց մասին մտածում, եւ նրա կարծիքը ոչ մեկին հաճելի չէր եղել։ Իսկ ո՞ւմ հաճելի կլինի, եթե իրենց ասեն, որ իրենք ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու վերաբերյալ կարծիք հայտնելու բարոյական իրավունք չունեն, լեգիտիմ չեն եւ այլն։ Խմբում են եղել հայտնի անձինք՝ հանձնաժողովի նախագահը եղել է նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, անդամները՝ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը, փաստաբան Զորայր Հարությունյանը, իրավագիտության դոկտոր Գեւորգ Դանիելյանը, ՄԻՊ գրասենյակից՝ Նինա Փիրումյանը, մի քանի համալսարանականներ, Փաստաբանների պալատի, Դատավորների միության ներկայացուցիչներ։



«Մարդկանց վերաբերյալ ոչ մի կոպիտ բան չեմ ասել: Ես խոսել եմ որոշ անդամների՝ գործընթացին մասնակցելու սահմանադրականության մասին: Իմ՝ խորհրդատվական այս մեխանիզմի հետ կապված մտահոգությունները ես բարձրաձայնել եմ հենց հանձնաժողովի անդամների առջեւ, որոնք դրանք ամբողջությամբ ընդունել են, սակայն իրենց իրավասությունների տիրույթում չի եղել եղած կարգի փոփոխությունը»,- ասում է Վահե Գրիգորյանը։ Այնուամենայնիվ զարմանալի է, որ այդ ելույթից հետո իրավաբաններն ընտրել են իրեն կամ էլ բոլորովին այլ անձանց անուններ են գրել, բայց Արմեն Սարգսյանը կանգ է առել հենց նոր իշխանության ֆավորիտի վրա։



Արդեն հայտնել ենք, որ ՍԴ անդամի եւս 4 թեկնածու կար՝ տարիներ առաջ ԱՄՆ արտագաղթած դատավոր Սուրիկ Ղազարյանը, Արդարադատության խորհրդի աշխատակազմի նախկին ղեկավար Իշխան Նազարյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավունքի տեսության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր Արթուր Վաղարշյանը, փաստաբան Բաբկեն Սահրադյանը։ ՍԴ անդամի պարտված թեկնածուները չեն ցանկանում իրենց տպավորությունները հայտնել մրցույթից։ «Չեմ ուզում մեկնաբանել, սա իմ անձնական իրավունքի դաշտն է»,- ասաց Բաբկեն Սահրադյանը։ Իշխան Նազարյանին խնդրեցինք գնահատել մրցույթը։ «Եթե ես շահագրգռված անձ չլինեի, շատ բան կասեի»,- ասաց նա։ Կարող է շահագրգռված անձ լինեք, բայց ասեք, որ նորմալ ընտրություն էր, նախագահն է այդպես որոշել։ «Իհարկե, նախագահն է որոշել»։



2-3 ամիս առաջ բոլորս գիտեինք, որ Վահե Գրիգորյանն է ընտրվելու, եւ հիմա նրա անունն ասվեց։ «Քաղաքականության հարցերով ես չեմ զբաղվում, ես լոյալ մարդ եմ, ես քաղաքական գործիչ չեմ, ես չգիտեմ»,- պատասխանեց ԱԽ նախկին քարտուղարը։ Խմբի ղեկավար, նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը համաձայն չէ, որ Գրիգորյանի ընտրությունը կանխորոշված էր․ «Չէի ասի՝ կանխորոշված ընտրություն, որովհետեւ մինչեւ վերջին օրը, նախ, չգիտեինք, թե ովքեր են դիմելու։ Դիմելուց հետո էլ չի հրապարակվել, թե ովքեր են դիմել։ Այսինքն՝ կանխորոշել հստակ, թե ով կլինի, չեմ կարծում, որ հնարավոր էր»։



Տարասյանին հիշեցրինք, որ մամուլում հրապարակումներ կային, որ Վահե Գրիգորյանն է ընտրվելու, իսկ թեկնածուների անունները 3 ամիս առաջ ոչ պաշտոնապես շրջանառվում էին։ «Դրանք ենթադրություններ են եղել, 3 ամիս առաջ չէ՝ շատ ավելի ուշ։ Վերջերս է զրույցը եղել նախագահի եւ հնարավոր թեկնածուների միջեւ, եւ հետո է նախագահը որոշել, թե ում է առաջադրելու»։ Ինչո՞ւ է նախագահը կանգ առել Վահե Գրիգորյանի թեկնածության վրա, Էմիլ Տարասյանը չպատասխանեց՝ խոստանալով մանրամասները ներկայացնել ԱԺ նիստում։



Փաստենք, որ կրկին փակ եւ ոչ թափանցիկ, կարելի է ասել՝ գաղտնի ընթացակարգ է կիրառվել։ Թեկնածուների անունները չեն հրապարակվել՝ պատճառաբանությամբ, որ նրանցից ոմանք դեմ են եղել որ իրենց անունների հրապարակմանը։ Նախագահն իր ընտրության հիմնավորումը հրապարակային ձեւով չի կատարել, պարտված թեկնածուներին չի բացատրվել նրանց պարտության պատճառը։ Իրավաբանները խորհրդատվական կարծիք են հայտնել, սակայն թե որ իրավաբանն ում օգտին է արտահայտվել, եւս հանրությունից գաղտնի է պահվում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ