Նիկոլ Փաշինյանին պետք է քաջալերել, բայց նրա ոչ բոլոր քայլերն են ողջունելի

Նիկոլ Փաշինյանին պետք է քաջալերել, բայց նրա ոչ բոլոր քայլերն են ողջունելի
Արթուր Ալեքսանյանը՝ գնդապետ Ամարասի Արթուրը, թեեւ ունի առողջական խնդիրներ, սակայն հետեւում է ընթացիկ քաղաքական իրադարձություններին։ Նրա կարծիքով՝ ապրիլյան հեղափոխությունից հետո քաղաքական կեղտոտ դաշտը մաքրվել է, ինչից կարելի է միայն ոգեւորվել։



«Եթե դա հաջողվեց անել Նիկոլ Փաշինյանին, ապա ես ուզում եմ ինչ-որ տեղ քաջալերել, որպեսզի իրականացնի իր ծրագրերը։ Հայաստանը պետք է դարձնենք մեր երազած երկիրը, չպետք է կանգ առնենք»,- ասաց Ամարասի Արթուրը։ Թեեւ նա ընդհանուր առմամբ ողջունում է Նիկոլ Փաշինյանի քայլերը, սակայն նրա որոշ նշանակումների հետ կապված ունի վերապահումներ։ «Կոնկրետ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում չեմ ողջունում։ Միայն Հունան Պողոսյանը չէ, որ փորձառու է եւ կարող է լուծել այդ մարզում կուտակված խնդիրները։ Կան ավելի վաստակավոր մարդիկ, որոնք կարող են Սյունիքի մարզի խնդիրները լուծել»,- նկատեց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա Ամարասի Արթուրը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ուշացրել է դրանց անցկացումը։



«Որքան ուշանան այդ ընտրությունները, այնքան ավելի շատ դժվարություններ եւ կորուստներ կունենանք։ Չի կարելի ուշացնել այդ ընտրությունները։ Ողջունելի են նաեւ այն փոփոխությունները, որ չորս կուսակցություն պարտադիր պետք է ներկայացված լինեն ԱԺ-ում, այսինքն՝ ԱԺ-ում պետք է լինի ընդդիմություն։ Կարծում եմ, որ ապագա ԱԺ-ում, բացի իշխող կուսակցությունից՝ «Քաղաքացիական պայմանագրից», ներկայացված կլինի նաեւ «Բարգավաճ Հայաստանը»։ Հնարավոր է, որ 5-7 տոկոսի շեմը հաղթահարեն նաեւ «Սասնա ծռերը», կանցնի նաեւ «Լույս» դաշինքը։ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն շանս չունեն մուտք գործելու ԱԺ»,-իր կանխատեսումները ներկայացրեց Ամարասի Արթուրը։