Նորայր Գրիգորյան․ Ամեն առավոտ

Նորայր Գրիգորյան․ Ամեն առավոտ
**Երեւան, թեկուզ՝ Էրեբունի**



Դեռ չէի հասցրել պառկել խոտին,



նայել երկնքին,



երբ ծառը փակեց երկնքի բոլոր մուտքերը,



ծառը՝ եռագույն պտուղներով:



Եվ երրորդ գույնի պտուղներից



յոթի կորիզներից մեկը բանալի էր,



որ բացում էր հայրենիքի կամ



դրախտի դուռը.



մնացածները սղոցներ էին,



որ անընդհատ սղոցում էին ծառի բունը՝



երկնքի պատկերը բացելու համար:



Այսպես, մի ձեռքում բանալի, մյուսում՝ սղոց,



կանգնած եմ ծառի տակ,



ասում են՝ արդեն 2800 տարի:







**Այս առավոտ**



Ես ապրում եմ կամ չեմ ապրում այս առավոտ,



ինչ էլ լինի, զարմանալի օրեր կան դեռ,



մի քիչ մնամ, վաղ է գնալ Տիրամոր մոտ,



գուցե գտնեմ կեսօրվա մեջ կորած մի սեր:







Ինչ էլ լինի, տե՛ս ծաղկում են ծառերը սեգ,



գուցե ապրեմ կամ էլ չապրեմ կեսօրվա մեջ,



իմ զրույցը կիսատ մնաց Տիրամոր հետ,



բայց երեկոն խոստանում է սերը գտնել:







Ես ապրում եմ կամ էլ մեռնում իրիկվա մեջ,



ինչ էլ լինի, օրերը տաք դեռ կհոսեն,



ինչքա՜ն սերեր դեռ կարթնանան գիշերվա մեջ,



երբ Տիրամոր արցունքները վրաս հոսեն:







**Անհասցե**



Ես կրակում եմ օրվա այտին.



-Համբերությունը կյանք է,-ասում է օրը,



ու մյուս այտը շրջում դեպի ինձ:



Ես կրակում եմ համբերության դեմքին..



-Լիցքավորի՛ր զենքդ,-ասում է համբերությունը,



և ինձ մեկնում փամփուշտներով լի պահունակը:



Ես կրակում եմ հիշողության սրտին.



-Սիրտս նման է էն դատարկ տներ,-



երգում է հիշողությունը ու անհետանում:



Ես կրակում եմ անհայտության վրա,



և ճանապարհները մոլորեցնում են ինձ:



Ես կրակում եմ մոլորության վրա,



ու մոլորությունը բռնում է ձեռքս:



Արդեն քառասուն և ավել տարի



ես թափառում եմ նույն վայրում.



առանց դեմքի, առանց համբերության,



առանց զենքի, ուր ճանապարհները



հեռանում են անհասցե,



ինձ էլ թողնում անհասցե մի տեղում:







*******



Երկնաջրերում ես թափառեցի



և իջա երկիր:



Մի ծառ ինձ ասաց.



-Մոտ արի, գարուն,



ես այն աղջիկն եմ,



որ մնաց այնտեղ,



ինձ կապույտ ծաղկե



շորեր հագցրու,



որ լողամ քո թաց



թևերի վրա:



-Ինձ ծառ դարձրու,-



ասացի նրան:







*******



Քարի մեջ արյուն կա,



ամպի մեջ՝ անձրև,



մանուկ էր՝



քար նետեց



ամպի մեջ անձև...







*******



Համբուրեցի ձեռքդ,



որ սրտիդ հասնեմ,



աչքդ, որ լույսիդ հասնեմ,



ճակատդ, որ մտքիդ հասնեմ,



քեզ, որ Աստծուն հասնեմ:







*******



Առաջ ես ծառի վրա էի ապրում,



երբ թռչունները վերադարձան,



իջա հողին:



Ինչքան այնտեղ ապրեցի, չգիտեմ,



հիմա ինձ վրա թռչուններն են ապրում:







*******



Երբ դատարկվում է համբերանքի բաժակը



կամ սեղանից ընկնում ու ջարդվում,



ձիերը հարթավայրի լույսը



տանում են դեպի լեռները,



ուր մանուկները ոտաբոբիկ են,



մերկանդամ, կարմրաթուշ,



և զատիկի ձվեր են գլորում



լեռնագագաթներից դեպի հարթավայր.



ամեն առավոտ, ամեն առավոտ...







**Նորայր Գրիգորյան-բանաստեղծ**



**Հրապարակ մշակութային հավելված**