Վաճառել են ուրվական քաղաք

Վաճառել են ուրվական քաղաք
Կալիֆորնիայում վաճառվել է Սերո-Գորդո լքված կամ ուրվական քաղաքը՝ ընդամենը 1,4 միլիոն դոլարով։ Ինչպես հաղորդում է The Los Angeles Times-ը, ուրվական քաղաքի նոր սեփականատերը ցանկություն է հայտնել այն բացել տուրիստների համար։ «Սերո Գորդոն համարվում է լավագույն աուտենտիկ հանքափորային քաղաքներից մեկըԿալիֆորնիայում։ Նոր սեփականատիրոջը այն տուրիստական գոտու վերածելու նախաձեռնության մեջ աջակցություն ցուցաբերում են անհատներ, կամավորներ, ինչպես նաեւ Սերո Գորդոյի հիմնադրամը ու այլ մասնավոր կազմակերպություններ, ովքեր հետաքրքրված են, որ պատմական այս օբյեկտը պահպանվի եւ բաց լինի հասարակության համար»,- ամփոփում է պարբերականը։ Հիշեցնենք, որ այդ տարածքում արծաթ հայտնաբերվել է 1865 թվականին եւ հաջորդ տասնամյակներին այն դարձել է արծաթի խոշորագույն հանքերից մեկը Լոս Անջելեսում։ Հետագայում սակայն, այնտեղ հրդեհ է տեղի ունեցել, անկում են ապրել մետաղների գները եւ Սերո Գորդոյի աստղն այսպես ասած՝ հանգել է։ Անցյալ դարասկզբին մի պահ արդյունահանումը կրկին վերականգնվել է, սակայն կարճ ժամանակ անց՝ նորից փակվել է վերջնականապես։ Հետաքրքրական է այն, որ հենց ուրվական քաղաքի նախկին սեփականատերերը հայտարարություն են տվել այն վաճառելու մասին, հսկայական թվով առաջարկներ են ստացվել՝ այն թեմատիկ թանգարանի, գյուղատնտեսական կենտրոնի վերածելու եւ այլնի հետ կապված, սակայն ընդունվել է այն նախագիծը, որը ենթադրում է ավելի հետաքրքիր զարգացման ծրագրի իրականացում ուրվական քաղաքում։ Ներկայումս Սերո Գորդոյում կա 22 շինություն՝ ներառյալ եկեղեցի եւ հյուրատուն։