Անմահ մահկանացուն

Անմահ մահկանացուն
_Շառլ Ազնավուրի կյանքի նոր փուլն սկսվել է՝ նրա արվեստը, մարդկային նկարագիրը, նրա ֆենոմենը նորովի բացահայտելու եւ արժեւորելու նոր փուլը։ Ազնավուրի մահվան բոթից շոկ ապրեցինք. գիտեինք, հասկանում էինք, որ Արտիստն առաջացած տարիքում է, բայց բոլորս էլ ենթագիտակցորեն շրջանցել էինք նրա ֆիզիկական չգոյության անխուսափելիությունը։ Կինոգետների, երաժշտագետների նոր սերունդները դեռ ուսումնասիրելու են Ազնավուրի արվեստը։ Ամենակարեւորը՝ անկախ տեսական ուսումնասիրություններից, հոդվածներից ու գրքերից՝ միշտ մնալու են Ազնավուրի կերպարի, արվեստի նկատմամբ միլիոնավոր մարդկանց հարազատության, մտերմության ու անափ սիրո զգացումները։_



_Շառլ Ազնավուրը նկարահանվել է շուրջ 80 ֆիլմում։ Այդ ֆիլմերի շատ քիչ մասն է լայն հանրությանը հայտնի. համացանցում նույնպես չկան, մինչդեռ կինոգետներն այնպիսի ֆիլմերի անուններ են տալիս, որոնք Ազնավուրի դերասանական կարիերայում կարեւոր դեր ունեն։ Զավեն Բոյաջյանի կինոգիտական խոր ու համակողմանի գիտելիքներին, վերլուծական հմտություններին ապավինելով՝ պատիվ ունեմ ներկայացնելու Ազնավուրին կինոյում՝ նրա բեմական կերպարի զուգորդումներով։ Իսկ այս ամբողջի հիմքում Մեծ Արտիստի մարդկային նկարագիրն ու տեսակն են։_



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/44322749_417914445404814_3546539944405106688_n.jpg?_nc_cat=102&oh=38da12e516fdb9fe43523938803af6af&oe=5C4F8076)



**Առաջին լուրջ հաջողությունները կինոյում**



Ազնավուրը պատմում է, որ դեռ 12 տարեկանից տարբեր ֆիլմերում փոքր դերեր է խաղացել, այնպես որ՝ 1950-ականներին կինոյում նրա հայտնվելը զարմանալի ու պատահական չէր։ Այդ տարիներին ամենահետաքրքիր կերպարներից մեկը մարմնավորել է Ժորժ Ֆրանժյուի «Գլխով պատին» ֆիլմում։ Երկրորդական դերի լավագույն կատարման համար Ազնավուրն ստացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակ։ Հենց այդ դերում է ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն առաջին անգամ տեսել Ազնավուրին, հիացել նրանով ու որոշել՝ իր հաջորդ ֆիլմում արտիստն անպայման խաղալու է։ Տրյուֆոն այնքան է տարված եղել Ազնավուրով, որ Դեյվիդ Գուդիսի վեպը վերաձեւել է, սցենարը հարմարեցրել նրա ինքնությանը, միայն թե արտիստը խորթություն չզգա։ Իսկ Տրյուֆոյի մասին ասում էին՝ ատրճանակը սեղանին դրած քննադատ, այսինքն՝ խիստ ու ոչնչացնող։ Տրյուֆոն, իսկապես, իր երկրորդ ֆիլմում նկարեց Ազնավուրին։ Դա «Կրակե՛ք դաշնակահարի վրա» ֆիլմն է, որտեղ Շառլ Ազնավուրը մարմնավորում է հայի՝ Էդուարդ Սարյանին, որն անցյալի մի ցավալի պատմության պատճառով ստիպված է ինքնությունը թաքցնել։ Ազնավուրի մարմնավորած դերի մասին Տրյուֆոն գրել է. «Նա իր յուրահատուկ տեսակով ու ինքնությամբ նոր, ինձ համար անսպասելի գույն բերեց ֆիլմին»։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/44402537_358991391342682_2554221534877057024_n.jpg?_nc_cat=109&oh=25eab026fcb8104427e064ee2d57ce2e&oe=5C86FEC7)



**Հաջողած արտիստ՝ կյանքում, անհաջողակների կերպարներ՝ կինոյում**



Ազնավուրն իր լավագույն դերերը ստեղծել է 1960-ականներին։ «Կրակե՛ք դաշնակահարի վրա» ֆիլմը ռուբիկոն էր, որը հաղթահարելով՝ նա սկսեց ավելի ու ավելի շատ գրավել ռեժիսորների ուշադրությունը։ Մի առիթով Ազնավուրը գրել է, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է փոքր մարդու կերպարը։ Նա հենց այդպիսի դերեր էլ մարմնավորել է կինոյում։ Կյանքի լուսանցքն ընկած, ներքին բախումներով կերպարներ, որոնք չապլինյան ժամանակներից են գալիս։ Ազնավուրի կերպարները կյանքում ավելի շատ ձախողումների հանդիպած, անհաջողակ, դրամատիկ իրավիճակներում հայտնվող մարդիկ են, մինչդեռ Ազնավուրն իր կենսագրությամբ փոքր մարդու օրինակ է, որը հասել է անհավանական հաջողությունների։ Միգուցե փոքր, անհաջողակ մարդկանց ճակատագրերն ավելի դրամատիկ են, այդ պատճառո՞վ են գրավել Ազնավուրին։ Չմոռանանք՝ նրա յուրաքանչյուր երգի կատարումը բեմի վրա մի առանձին, չկրկնվող դրամա է, մարդկային դրամա։



**Շանսոնից կինո մեկ քայլ է**



Շանսոնի ժանրը դրամատիկ դերասանի ունակություններ է պահանջում, որովհետեւ շանսոնյեն բեմի վրա ուղղակի չի երգում, այլ խաղում է, հոգեվիճակ, ապրումներ արտահայտում։ Երգը բեմադրություն է, մոնոներկայացում։ Շանսոնը մեկ անձի թատրոն է։ Պատահական չէ, որ շանսոնյեները հայտնվել են կինոյում։ Ժակ Բրելը, Իվ Մոնտանը եւս խաղացել են ֆիլմերում, բայց ոչ երկար ընթացք. մեծ հաջողություն, լուրջ կինոկարիերա չեն կերտել։ Իսկ Ազնավուրը կինոյում շատ երկար է մնացել եւ ընկալվել է ոչ թե որպես շանսոնյե, որ նաեւ խաղում է կինոյում, այլ արտիստ՝ դուրս երգչի բեմական գործունեությունից։ Նրա լավագույն դերերը ստեղծվել են 1960-ականներին ու ինտենսիվորեն շարունակվել նաեւ հաջորդ տասնամյակներում։ Անգամ մահից առաջ նա նկարահանվելիս է եղել ֆիլմում։ Տեղեկություններ դեռ չկան՝ հասցրե՞լ է նկարահանումներն ավարտել, թե՞ ոչ։ Ու դեռ մեկ այլ ֆիլմում աշխատելու հրավեր էլ է եղել։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/44253133_1796748770436394_7034600344252317696_n.jpg?_nc_cat=109&oh=aa6054fa9b46999d15c6b627963b49a8&oe=5C48D8E7)



**Ազնավուրին նկարելը պատիվ էր**



Վերջին երկու տասնամյակում կինոյում Ազնավուրի անունն ավելի շատ օգտագործվել է, քան անհրաժեշտ է եղել նրա դերակատարումը։ Հաճախ նա հայտնվել է ֆիլմերում՝ որպես աստղային կազմի անդամ։ Չնայած դրան՝ Ազնավուրն անգամ այդ ֆիլմերում է հետաքրքիր կերպարներ ստեղծել։ Օրինակ՝ «Մաեստրո» ֆիլմը, որտեղ նա խաղում է Մալքոլմ Մաքդաաուլեի հետ, Կլոդ Շաբրոլի «Գլխարկագործի տեսիլքները», որտեղ Ազնավուրը գլխավոր դեր է խաղում, «Թիթեղյա թմբուկը»՝ հրեա խաղալիքավաճառի դերում։ Հիշենք նաեւ Ատոմ Էգոյանի «Արարատը», որտեղ Ազնավուրը նկարահանվել է, որովհետեւ նա Ազնավուրն է։ Արտիստը, սակայն, ոչ միշտ է ձգտել գլխավոր, առանցքային դերերում հանդես գալ։ Կինոն եղել է Ազնավուրի ստեղծագործական կրքերից մեկը։ Կինոյում նա աշխատել է հաճույքով ու մեծ պատասխանատվությամբ։ Ասում են՝ խստագույն պարտաճանաչությամբ հետեւել է ռեժիսորների հրահանգներին, աշակերտի պես ենթարկվել նրանց, նկարահանումներին երբեք չի ուշացել։ Կինոյում նրա փառքի պսակը «Հայր Գորիոն» էր, որտեղ Ազնավուրն իր վարպետությունը դրսեւորել է ամբողջությամբ ու լավագույնս։ Ազնավուրից հետո այլ Հայր Գորիո դժվար է պատկերացնել։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/44258661_1967551280216088_2271174797704560640_n.jpg?_nc_cat=102&oh=1bdc3ee4053d0a656b5b52d486725680&oe=5C45BD9E)



**Այնուամենայնիվ, բեմի նժարն ավելի ծանր է**



Ազնավուրը կինոյում նկարահանվել է հանուն հետաքրքրության։ Նա իրեն լիարժեք պատկերացրել է բեմում, ու ոչինչ բեմի հետ չէր կարող համեմատվել՝ անգամ կինոն։ Բեմում Ազնավուրն ինքն իր արվեստի տերն է, իր զգացմունքներն արտահայտում է անբռնազբոս. չկա ցուցում տվող ռեժիսոր, չկան այլ դերասաններ, որոնց խաղից կախված լինի նաեւ իրենը։ Բեմում Ազնավուրն ինքն է՝ մերկ էությամբ ու հախուռն հույզերով. ինքը ե՛ւ սցենարիստ է, ե՛ւ ռեժիսոր, ե՛ւ դերասան։ Եթե մի պահ պատկերացնենք, թե Ազնավուրը երգիչ չէ եւ իր ստեղծագործական ներուժը դրսեւորել է միայն կինոյում, ապա կասենք, որ դերասան Ազնավուրը երգիչ Ազնավուրի համեմատ ավելի թույլ է, որովհետեւ երգիչ Ազնավուրն ուղղակի հանճարեղ է։ Նա իր արտիստական զինանոցը ցուցադրել է առաջին հերթին բեմում երգելիս։ Իսկ կինոն իր բեմական կարիերայի զուգորդումն էր՝ կցորդի դերով։ Նրա բեմական առաքելությունն այնքան արժեքավոր ու ահռելի է, որ դրա կողքին Ազնավուրի կինոկենսագրությունը թվում է թույլ, անգամ երբ նա կերտել է անկրկնելի Հայր Գորիոյի կամ ազդեցիկ ու հուզիչ դաշնակահարի կերպարներ։ Տպավորիչ, արժեքավոր դերերով հանդերձ՝ Շառլ Ազնավուրի առաքելությունը, միեւնույն է, բեմն է, երգը։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/44190280_1863396490380346_4483296303350022144_n.jpg?_nc_cat=110&oh=99966aab13bf359834ff16b8a82cd08f&oe=5C5DFC50)



**Ազնավուրյան ժեստերի արվեստը**



Ազնավուրը հարցազրույցներում ասել է. «Նրանք, ովքեր զարմանում են, թե ինչու եմ նկարահանվում կինոյում, եթե շատ բարեհաջող երգչի կարիերա ունեմ, ասեմ՝ մոռանում եք, որ ես դեռ մանկուց եմ կինոյում»։ Ըստ էության, դրամատիկ մենախոսությունների դեր կատարող իր երգերում նա ամեն անգամ մի կերպար է մարմնավորում՝ հանդիսատեսի աչքի առաջ ձեւավորելով, զարգացնելով, կուլմինացիային եւ ավարտին հասցնելով իր հերոսի ամբողջական նկարագիրը։ Նույն երգը նա հազար անգամ է ներկայացրել տարբեր ժամանակներում, տարբեր բեմերում ու տարբեր տարիքում. բոլոր կատարումները մեկը մյուսից տարբեր, չկրկնվող, յուրահատուկ, հետաքրքիր իմպրովիզացիաներով են։ Ի դեպ, Ազնավուրին հարցրել են՝ Դուք հաճա՞խ եք իմպրովիզացիա անում։ Պատասխանել է՝ այո, լավ փորձված իմպրովիզացիա։ Ազնավուրն իր երգերով հանդես է գալիս սեփական մարդկային էության ու կերպարի անունից։ Նրա բեմական պլաստիկան, միմիկաները, շարժումները, աչքերը, դեմքի արտահայտությունը քիչ է ասել, թե արտիստիկ են։ Մի զուսպ ժեստով իր ներսի փոթորիկն արտահայտել կարող է միայն Ազնավուրը։ Դիտեք «Լա բոհեմի» կատարումները տարբեր ժամանակներում. դրանք խիստ տարբեր են միմյանցից։ Երիտասարդ տարիքում՝ խենթ ու խելառ, միջին տարիքում՝ քիչ ավելի զուսպ ու կշռադատող, առաջացած տարիքում՝ իմաստուն ու կյանքի փորձով առլեցուն։ Ազնավուրի ժեստերի նրբերանգները բացատրել հնարավոր չէ։ Եթե անգամ Ազնավուրին էկրանին չենք տեսում, այլ երգերն ենք լսում, միեւնույն է, այդ ժեստերը տեսնում ենք։



**Նա սիրում էր ապրել**



Նա սիրում էր ապրել, դրա համար էլ խաղացել է թե՛ դետեկտիվ, թե՛ ողբերգական, թե՛ կատակերգական ֆիլմերում։ Սիրել է օգտագործել կյանքի ու արվեստի ընձեռած բոլոր հնարավորությունները, փորձել ինքն իրեն ու ճանաչել ինքն իրեն։ Ինչ արել է, արել է հաճույքով, սիրով, մեծ ոգեւորությամբ ու խանդավառությամբ։ Եվ իր ներքին տրամադրվածությունը, դրական ազդակները, ինքնաբավ երջանկությունը փոխանցվել են մարդկանց, ու մարդիկ էլ Ազնավուրի խաղից ու երգից են հաճույք ստացել, ինքնաբավ երջանկացել։ Նա մինչեւ վերջ անկեղծ էր մարդկանց հետ, մարդիկ էլ՝ նրա հետ։ Ահա Ազնավուրի հանդեպ տիեզերական սիրո ու ակնածանքի ամբողջ գաղտնիքը։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/44288339_335548360528871_7315682129591926784_n.jpg?_nc_cat=107&oh=9a6ce57b2a62741acb9f32fd88773b54&oe=5C4D0D2D)



**Հանճար լինելու նախադրյալը՝ նպատակասլացություն**



Մենք շատ ենք շեշտում ու շեշտելիս հաճույք, հպարտություն ենք ապրում՝ Շառլ Ազնավուրը հայ է։ Դրանից մեր հոգիները, իհարկե, ջերմանում են, բայց հայ լինելով չէ պայմանավորված Ազնավուրի հանճարեղությունը։ Ազնավուրը հայի բարեհաջող ճակատագրի ապշեցնող օրինակ է։ Օտար միջավայրում ծնված հայ էմիգրանտը բառի բուն իմաստով ոչնչից կերտել է ինքն իրեն՝ ամեն վայրկյան աշխատելով իր վրա, կատարելագործվելով, բարձրանալով։ Ավելին, նա դարձել է Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկը՝ այնքան համոզիչ ու անվերապահ, որ դժվար է հավատալ, թե նա մի օր անգամ էմիգրանտ է եղել։ Նպատակասլացությամբ, համառությամբ, աշխատասիրությամբ սեփական ճակատագիրը կերտելու ամենաիրական ու վառ օրինակ է Ազնավուրը։ Նրա նման միլիոնավոր գաղթականներ անհետ կորել են կամ արեւի տակ աննշան տեղ գրավել. Ազնավուրն իր կերպարով կոտրել է կյանքի քմահաճույքներին հարմարվելու եւ կուլ գնալու կարծրացած նախապայմանները։ Նա ապացուցել է, թե նպատակասլացությունն ու համառությունն ինչ անհավանական արդյունք կարող են տալ, ինչերի կարող է հասնել արտաքնապես ոչ բարետես, ձայնի փոքր դիապազոն ունեցող մարդը՝ այն էլ արվեստում, երբ համոզված է իր արվեստի բացառիկության, բարձրության ու եզակիության մեջ։ «Օլիմպիան» գրաված Մարդը կարճ ժամանակ անց գրավեց մոլորակն ու մոլորակի սիրտը, ստիպեց մեզ հավատալ, որ կան անմահ մահկանացուներ։



**Կինոգետ Զավեն ԲՈՅԱՋՅԱՆԻ հետ զրույցը ներկայացրեց Նաիր ՅԱՆԸ**



**Հրապարակ մշակութային հավելված**