«Սասնա ծռեր»-ը՝ երկրորդ ո՞ւժ

«Սասնա ծռեր»-ը՝ երկրորդ ո՞ւժ
Ի՞նչ մեկնարկային պայմաններում է ՀՀ քաղաքական դաշտը թեւակոխում ընտրական փուլ։ Ի՞նչ ֆորմատով է նպատակահարմար մասնակցել դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին՝ միայնա՞կ, թե՞ լայն կոնսոլիդացիայով։ Մի կողմից հեղափոխությունը հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը հնարավորություն ունի ԱԺ արտահերթ ընտրություններում ստանալու ձայների մեծամասնությունը, նրա մանդատների քանակը կարող է սահմանափակվել միայն Սահմանադրության նորմով՝ խորհրդարանի 1/3-ը պարտադիր ընդդիմություն լինելու մասին։ Եվ կան մյուս քաղաքական ուժերը՝ ջլատված վիճակում։ Քաղաքական տրոհված դաշտում այս պահին որոշակիացում չի նկատվում։



Կուսակցություններն ու անհատ գործիչները դեռեւս ստվերային հանդիպումների, բանակցությունների փուլում են․ ով ում հետ կմասնակցի, ով ում ցուցակում կտեղավորվի, պարզ կդառնա առաջիկայում։ «ՔՊ»-ից բացի, մեկ էլ Փաշինյանի նախկին գործընկերներ Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի մոտ է ամեն ինչ հստակ․ նրանք դեկտեմբերի ընտրություններին էլ կմասնակցեն «Լույս» դաշինքով։ Աննախանձելի վիճակում հայտնված խորհրդարանական մյուս ուժերից բացի, որոշակի ակտիվություն կա արտախորհրդարանական հատվածում, որտեղ լուրջ նկրտումներ է դրսեւորում «Սասնա ծռերը»՝ հայտարարելով երկրորդ քաղաքական ուժը լինելու իր հավակնությունների մասին։ Կլինի՞ «Սասնա ծռերը» երկրորդ ուժ, թե ոչ, ժամանակը ցույց կտա։ Սակայն կուսակցության վարչության անդամ Ալեք Ենիգոմշյանը չի թաքցնում այդ հավակնությունը։ Կուսակցությունն արել է իր հիմնադիր համագումարը եւ թղթերը ներկայացրել ռեգիստրում գրանցման, նոյեմբերի սկզբին լրանում է գրանցման ժամկետը։ Ենիգոմշյանի խոսքով՝ եթե որեւէ բան խանգարի իրենց կուսակցությունը գրանցելուն, միայն այդ դեպքում կմտածեն այլ ֆորմատով մասնակցելու մասին։ Իսկ այժմ նրանք վստահ են, որ մեծ շանսեր ունեն եւ ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կգնան միայնակ․ «Մենք առավել քան համոզված ենք, որ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը մեծ վարկանիշ ունի։ Իհարկե, մենք չենք մրցակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի հետ, բայց իրենցից հետո Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժն ենք ներկայումս եւ չենք թաքցնում, որ երկրորդ տեղի հավակնություն ունենք»։



Դիտարկմանը՝ մի՞թե հեղափոխությունից հետո ծայրահեղ տրամադրված ընտրազանգվածը չի պարպել իր դժգոհությունը եւ ձայն կտա իրենց, Ենիգոմշյանը չհամաձայնեց․ «Մեր գաղափարական հստակությունը մի քանի հարցերի շուրջ ակնհայտ է՝ ազգային հարցերի, Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, Հայաստանի ինքնիշխանության, այսինքն՝ արտաքին ուժերից կախվածության եւ ներքին հարցերի վերաբերյալ՝ լինեն դրանք սոցիալական, մշակութային, թե այլ հարցերի վերաբերյալ։ Հենց սա է, որ մեզ դարձնում է կամ դարձնելու է մրցունակ, եւ զգայուն խավերը մեր ընտրազանգվածն ենք համարում»։ «Սասնա ծռերի» ներկայացուցիչը տեղեկացրեց, որ առանձին անհատների կողմից են հայտեր ստացել, որ ցանկանում են ընդգրկվել իրենց ցուցակում, եւ չեն բացառում դա։ Ազգայնական այս կուսակցությունն ընտրություններից հետո կորոշի՝ ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ․ «Կախված, թե ինչ կուրս կվարի իշխանություն ստանձնած ուժը, որը, ամենայն հավանականությամբ, «ՔՊ»-ն կլինի, մենք կհստակեցնենք մեր կարգավիճակը։ Այս ամիսների ընթացքում «ՔՊ»-ի քաղաքական ուղեգծերն այդքան էլ հստակ չեն, որովհետեւ անակնկալ ձեւով իշխանությանը տիրացան, բայց ընտրություններից հետո կհստակեցվեն։ Իհարկե, մենք հիմա էլ մեր քննադատությունը հայտնում ենք Փաշինյանի կադրային քաղաքականությանը, բայց եկեք չխառնենք մեկը մյուսին»։



Որոշ տեղեկություններով՝ արեւմտամետ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում են հեղինակավոր անհատների հավաքագրման գործին լծվել, օրինակ՝ իրենց նախկին գործընկեր Հրանտ Բագրատյանի, դասախոս Նարինե Դիլբարյանի, չվարկաբեկված փորձագետների եւ այլ անձանց են մտադիր համագործակցության առաջարկ անել։ Սակայն կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը մեզ հայտնեց, որ կուսակցությունում ընդամենը վարչության նիստ է կայացել՝ ընտրություններին մասնակցության վերաբերյալ, սակայն վերջնական եզրակացության չեն եկել։ Այստեղ նախընտրելի են համարում կոնսոլիդացված մասնակցությունը, սակայն կարեւորում են նաեւ գաղափարական դաշինքի ձեւավորումը․ «Մեր վարչության նիստում հիմնական շեշտադրումները եղել են ընտրությունների մասնակցության վերաբերյալ, վարչության անդամները հնչեցրել են կարծիքներ, թե ինչպես են պատկերացնում՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին մասնակցություն։ Ինչ շեշտադրումներ, մոտեցումներ, թիրախներ պիտի իրականացնել՝ դա կապված է մասնակցության հետ, քննարկվել են ծրագրային եւ այլ հարցեր։ Պետք է ասեմ, որ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կողմ են առանձին մասնակցության, ոմանք՝ դաշինքով, կա երրորդ խումբ, որ անհատների կոնսոլիդացիա է առաջարկում։ Բոլոր կարծիքներն էլ գոյության իրավունք ունեն, եւ առաջիկա նիստին առավել ինտենսիվ ու մանրամասն կքննարկենք»։



Նախկին ԲՀԿ-ական, ներկայում «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանն էլ նույն ճանապարհով է շարժվում՝ կուսակցության ցուցակում տեղ տալ նաեւ ոչ կուսակցականների։ Մեր տեղեկություններով՝ օրերս հանդիպում է կայացել ՀԺԱՄ կուսակցության ղեկավար Վահրամ Մկրտչյանի հետ, սակայն վերջնական համաձայնության չեն եկել։ Կուսակցությունը վերջերս համալրած Արագած Ախոյանը մեզ հայտնեց, որ օրերս վարչության նիստ է կայացել, եւ որոշել են միայնակ մասնակցել․ «Կան գաղափարակից ուժեր, որոնց հետ կարելի է համագործակցել, բայց մենք ավանդական կուսակցությունների հետ չենք ուզում, որոշների հետ էլ տարաձայնություններ կան, մենք վստահ ենք՝ միայնակ էլ կունենանք հաջողություն»։ Անհատներին իրենց ցուցակ ընդգրկելու մասով չհերքեց․ «Մեր դռները բաց են բարի անցյալով, անարատ կենսագրությամբ մարդկանց, մասնագետների համար, որոնք ունեն հանրային վստահություն»։



«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ կուսակցությունում դեռ քննարկում են միայնակ կամ դաշինքով մասնակցության հարցը, որեւէ ուժից համագործակցության առաջարկ չեն ստացել, որեւէ ուժի նման առաջարկ չեն արել, իսկ նպատակահարմարության տեսանկյունից մեկնաբանեց․ «Եթե կարող ես այլ քաղաքական ուժի հետ համաձայնեցված գործել, բնականաբար, դաշինքով մասնակցությունը խրախուսվում է։ «Ժառանգությունը» միշտ եւ բոլոր պայմաններում մրցունակ է ու կարող է միայնակ մասնակցել։ Եթե 2008 թվականին մենք կարողացանք միայնակ հաղթահարել ու ծանր բեռը տանել, հիմա կտանենք ու կտանենք»։ Ընտրական նոր օրենսգրքում՝ խորհրդարանում նվազագույնը չորս ուժ ունենալու դրույթի ամրագրումը հանգեցնելու է նրան, որ այդ՝ չորրորդ տեղում հայտնվելու հեռանկարը տանելու է ընտրություններում բավականին շատ մասնակիցներ առաջադրվելուն։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**