Ստամբուլի Մեծ հայը՝ Արա Գյուլեր

Ստամբուլի Մեծ հայը՝ Արա Գյուլեր
_Ստամբուլում 90 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Ցավալի լուրը ցնցեց ոչ միայն թուրքական, այլ նաեւ համաշխարհային մամուլը։ Հեռացավ համաշխարհային լուսանկարչության հսկաներից եւս մեկը։ 2012թ-ին հենց Ստամբուլում առիթ ունեցա հանդիպելու եւ զրուցելու վարպետի հետ, որը հետահայաց նորից ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը։_



_***_



Լուսանում է, ձկնորսական նավակները դատարկ վերադառնում են ափ, ծովը նորից չի խղճացել Գումգաբուի հայ ձկնորսներին: Նրանցից մի քանիսը դեռ նավակներում են, մտազբաղ, դատարկ ուռկաններով, տուն գնալ չեն ուզում: Այսօր էլի անքուն գիշեր պիտի լուսացնեն Մարմարայի ջրերի վրա ու նորից իրենց հացը պիտի ծովից սպասեն... Սա այն լուսանկարներից է, որ կախված է Ստամբուլի Յենի Չարչի փողոցում գտնվող «Արա» սրճարանում, որի տակ այնպես սիրում է նստել լուսանկարի հեղինակ Արա Գյուլերը՝ թուրքական լուսանկարչության 82-ամյա հսկան, որն իր աշխատանքներով վաստակել է երկրորդ՝ «Ստամբուլի աչք» անունը:



Տեսնել Ստամբուլը եւ չտեսնել Արա Գյուլերին, նշանակում է չտեսնել Ստամբուլի վերջին կեսդարյա պատմությունը վավերագրողին. Գումգաբուն, հայ ձկնորսները, ծովեզերքին շարված նավակները, փայտաշեն տնակները վաղուց արդեն չկան, 50-ականների Ստամբուլն այսօր միայն նրա սեւ ու սպիտակ լուսանկարներում է պահպանված: «Ծովը բիրտ է: Ծովն է, որ մեզի կեանք կուտայ: Մենք անոր զաւակներն ենք: Աստուծոյ օրհնութիւնը մենք ծովէն կը սպասենք: Մեր ապրած աշխարհէն բոլորովին տարբեր աշխարհ մըն է այս թաղը: Անկիւնի ծովեզերեայ ըմպելարանին մէջ օղի եւ հրճուանք կայ, իսկ մօտակայ փողոցներուն ցածլիկ տուներուն մէջ՝ յաճախ կսկիծ ու ցաւ: Կէս գիշերէն վերջ, երբ ծով կը բացուին, տուներուն մէջ Աստվածամօր նկարին առջեւ ծնրադրած աղօթող կիներ կան. «Աստուածամայր, կաղաչեմ, ամուսինս, տղաս օրուան հացին հետ ետ բեր...»»,-այս տողերով է Գյուլերը նկարագրում Գումգաբու փոքրիկ ձկնորսական գյուղում ապրող հայ ձկնորսներին, որոնց մասին պատրաստած իր ֆոտոռեպորտաժը տպագրում է 1952-ին, երբ աշխատում էր թուրքական մամուլում, հանդես գալով ավելի շատ լրագրող, քան լուսանկարիչ:



Թե ինչպես է նա բառը զգում եւ ինչպիսի պարզությամբ ու վարպետությամբ է իր հերոսների դիմանկարները, մարդկային պատմություններն ու փոխհարաբերությունները ներկայացնում, ուղղակի հիանալ կարելի է: Նրա յուրաքանչյուր բառի հետեւում մի լուսանկար ես կարդում: Ու պատահական չէ, որ հետո, արդեն 1961-ին, բրիտանական ամսագրերից մեկը Գյուլերին ճանաչում է աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը, իսկ հաջորդ տարի՝ 62-ին, նա պարգեւատրվում է գերմանական «Master Leica» պատվավոր տիտղոսով, որն աշխարհում 38 հոգի ունի: Իր ներդրած ավանդի համար նա տարբեր ժամանակներում, թուրքական կառավարության եւ երկրի տարբեր նախագահների կողմից ստացել է բոլոր հնարավոր բարձրագույն պարգեւները, իսկ 2000-ին Թուրքիայում ճանաչվել է «Դարի լուսանկարիչ»:



Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ դեմքերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պիկասոն, Դալին, Սարոյանը, Փարաջանովը եւ էլի շատերը: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում, մի պատկառելի հավաքածու էլ կենտրոնացված է Ստամբուլի նրա հայրական տանը, որը մի քանի տարի առաջ վերածվեց տուն-թանգարանի:



Ստամբուլում առաջին օրը, երբ հայտնվեցի նրա սրճարանի մոտ, այդպես էլ համարձակություն չունեցա ներս մտնել, ինչպես չես համարձակվի երազանքդ ափիդ մեջ սեղմել, որ հանկարծ այն չկոտրվի: Ընդամենը հեռվից հեռու նայեցի սրճարանին, ուսումնասիրեցի դրսում՝ նրա լուսանկարների տակ, բացօթյա սեղանիկների շուրջ թեյ խմող մարդկանց, հետո փորձեցի հայացքով սրճարանի ապակիներից ներս թափանցել, աչքերով շոշափել նրա՝ ծեր կաղնու կերպարը, բայց անմիջապես էլ հեռացա, ինչպես Էքզյուպերին կասեր՝ սիրտս այդ մեծ օրվան նախապատրաստելու համար:



Հաջորդ օրը, արդեն ժամը 13:30-14:30-ի սահմաններում «Արա» սրճարանում էի: Դա այն ժամն է, երբ Գյուլերը գալիս է իր սրճարան ու մեկ բաժակ թեյ խմում: Մատուցողն ինձ տեսնելուն պես ասաց, որ եկել է, բայց մոտը հյուրեր կան, ապա գնաց տեղեկացնելու իմ մասին: «Մերհաբա՜» (բարե՜ւ),- հեռվից հեռու լսեցի վարպետի ձայնն ու տեսա օդում պարզած նրա ձեռքը, ով իր օգնականի միջոցով փոխանցեց մի քիչ սպասել, որովհետեւ գրեթե ամեն օր հյուրեր է ունենում աշխարհի ամեն անկյունից, ովքեր պարզապես գալիս են նրան բարեւելու, լուսանկարվելու եւ նրա ինքնագիրը ստանալու:



Վերջապես եկավ նաեւ իմ ժամանակը, մոտենում եմ, երջանիկ դեմքով բարեւում ու իր ձեռքը սեղմում, որից հետո նա ինձ հարցնում է՝ «հայերեն կխոսի՞ս», «այո», «քանի՞ տարեկան ես», «28», «իսկ ես՝ 82», «ճիշտ հակառակը», «հա, ադոր համար ըսի»: Դրանից հետո ներկայանում եմ, թե ով եմ, որտեղից, եւ նրա համաձայնությունը խնդրում մի քանի հարց տալու եւ իրեն լուսանկարելու համար: Համաձայնում է, սկսում ենք զրուցել. «Կինոյի գործն անչափ սիրած էի, կինոյի մարդ պիտի ըլլայի, համա յետքը թերթը մտա, թերթը աշխատելու սկսած՝ շատ ճամփորդություն ըրի, աղվոր բան է, նոր-նոր բաներ կսովորիս: Աշխարհքի տարբեր տեղեր էղած եմ, ռեպորտաժներ արած եմ, ամեն տեղ ինչ-որ բան մեջդ մնում է, հետո ատիկա աղեկ էղավ ինձ համար»:



Հարցնում եմ՝ այսօր ի՞նչ է անում, արդյոք լուսանկարո՞ւմ է ամեն օր: «Ինչ կուզեմ, այն կանեմ, որեւէ մեկեն հրաման չեմ առներ... նկարելը բան մը չէ, նկարի կոմպոզիսիոնը գտնել պետք է անպայման»,- ասում է լուսանկարի վարպետն ու սկսնակներին խորհուրդ տալիս լուսանկարչի գործը թողնել եւ ուրիշ գործ ման գալ, որովհետեւ, ըստ նրա, դա չգնահատվող եւ շատ դժվար գործ է: Այժմ Թուրքիայում նա մի քանի օգնականներ ունի, որոնց էլ սովորեցնում է այս գործի նրբությունները, իսկ դպրոց ունենալու համար ասում է, որ «գլուխ չունի», միաժամանակ պատմում է, որ իր լուսանկարչական դպրոցը գտնվում է Ամերիկայում: Ու չնայած Թուրքիայում ապրում է, իսկ դպրոցն էլ Ամերիկայում է, բայց զարմանալի անմիջականությամբ ասում է, որ ամենաապուշ երկիրը Թուրքիան ու Ամերիկան են, եւ որ այսօրվա Ստամբուլը չի սիրում, որովհետեւ հիմիկվա Ստամբուլը շատ է տարբերվում առաջվա Ստամբուլից, որն ինքը սիրում էր:



Բոլորովին վերջերս Գյուլերին շնորհեցին նաեւ Թուրքիայի «Մշակույթի եւ արվեստի մեծ մրցանակը», որն ստանալու առիթով էլ հետաքրքրվում եմ նրանից, թե իր համար որքանո՞վ էր կարեւոր Էրդողանի կողմից տրված այդ մրցանակը, ով մրցանակաբաշխության ժամանակ վերցնելով լուսանկարչական ապարատը, ի նշան հարգանքի, բոլորի աչքի առաջ լուսանկարեց իրեն: Գյուլերին հարցը կարծես այնքան էլ դուր չեկավ, նա շատ անփույթ ու մի քիչ էլ վրդովված պատասխանեց, որ իր համար մեկ է, որովհետեւ ինքն ավելի շատ բան է արել ու աշխարհի ամենամեծ մրցանակներն է ստացել. «Է, ի՞նչ կըլլա դրանեն, թող նկարե», ապա, որպես իր ասածի շարունակություն, ավելացրեց, որ այսօր իր համար կարեւոր չէ, որ ինչ-որ մեկն իրեն ինչ-որ բան տա, ու ինքը նոր դրանով ոգեշնչվի, հասկացնելով կարծես, որ այդ մրցանակն ավելի շատ ոչ թե իրեն է պետք, այլ հենց իրենց՝ Թուրքիային, որի մոտ 50-60 տարվա պատմությունը վավերագրել, ներկայացրել, ինչպես նաեւ ճանաչելի ու սիրելի է դարձրել աշխարհին:



Հերթը հասնում է Հայաստանին. Գյուլերը պատմում է, որ չորս անգամ եկել է Հայաստան, վերջին անգամ՝ Խորհրդային Միության փլուզումից առաջ, հետո հիշում է Փարաջանովին, ասում, որ իր ընկերն է եղել, ու մի տեսակ մտքերի մեջ ընկնում՝ փորձելով հիշել, թե քանի տարի է արդեն, որ իր ընկերը չկա: Հետաքրքրվում եմ, թե չի՞ ուզում Հայաստանում ցուցահանդես ունենալ, բայց միանգամից էլ զգում եմ, որ հարցից խուսափում է, ու նաեւ գիտեմ, թե ինչու: Հարցնում եմ՝ գուցե նեղացա՞ծ է Հայաստանից, ասում է՝ «չէ, ինչի եմ նեղանում, փան մը չըլլար», բայց քիչ անց էլ նեղսրտած ավելացնում է, որ Հայաստանում արվեստից բան չեն հասկանում եւ միայն դոլարից են հասկանում ու կանանցից, իսկ արժանի գնահատվելու համար առնվազն երեք անգամ պիտի ծնվես ու մեռնես Հայաստանում:



Իրականում, երբ 2004-ին Արա Գյուլերի առաջին ցուցահանդեսը եղավ Հայաստանում, որտեղ ներկայացված էին նաեւ նրա «Հայաստան», «Թուրքիա» շարքերը, վարպետը չնայած չէր կարողացել գալ Հայաստան, բայց նվիրաբերել էր իր հավաքածուն, որպեսզի իր անվան թանգարան բացվի Հայաստանում, որը մինչ օրս այդպես էլ չի բացվել: Երբ մի քանի ամիս առաջ ինձ համար բացահայտեցի Արա Գյուլեր լուսանկարչին ու նրա արվեստը, չէի էլ կարող ենթադրել, որ երբեւէ այդքան մոտիկից կտեսնեմ նրան, կզրուցեմ ու դեռ մի բան էլ կլուսանկարեմ լուսանկարչության կենդանի լեգենդին:



Ես նայում էի իմ առաջ նստած այդ հանճարեղ ու իր տեսակի մեջ այդքան պարզ մարդուն ու կարծես ինքս իմ աչքերին չէի հավատում: Երջանկության վայրկյաններս հնարավորինս երկարաձգելով, վերջում հարցնում եմ Գյուլերին՝ երջանիկ մարդ համարո՞ւմ է իրեն: «Չէ, ջանըմ... երջանիկ մարդ չեմ»,-մի տեսակ անդառնալիության, կորստի զգացումով ասում է լուսանկարիչն ու հետո մանրամասնում, որ կինն ու իրեն շատ սիրելի մարդիկ այսօր չկան, կարծես անհնարին համարելով այն երջանկությունը, որը չես կարող ոչ մեկի հետ կիսել: Չգիտեմ՝ երբեւէ կտեսնեմ էլի Արա Գյուլերին, թե ոչ, բայց նրան տեսնելուց հետո արդեն հաստատ գիտեմ՝ երազանքները մեկ-մեկ իրականանալու հատկություն ունեն հատկապես Ստամբուլում ու հատկապես ինձ համար:



2012թ․ Ստամբուլ



Սոնա Ադամյան