Կադրեր ընտրելիս Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է իրավիճակային լուծումներով

Կադրեր ընտրելիս Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է իրավիճակային լուծումներով
**Hraparak.am**-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բադալյանը։



**-Պարոն Բադալյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց, որին կհաջորդեն ԱԺ արտահերթ ընտրությունները։ Բացառվո՞ւմ է, որ հրաժարականին հաջորդող ժամանակահատվածում ինչ-ինչ ուժեր չեն օգտվի եւ չեն փորձի հրահրել անկայունություն։**



-Միշտ էլ պետք է սպասել ֆորս-մաժորային իրավիճակներ, որովհետեւ ֆորս-մաժորը հնարավոր չէ կանխագուշակել։ Գործնականում, սակայն, Հայաստանի բոլոր ուժերը համակերպվել են, որ Հայաստանում դեկտեմբերին լինելու են արտահերթ ԱԺ ընտրություններ։ Երկրորդը՝ ՀՀԿ-ի ուժերը չեն բավարարում, որ ԱԺ-ում առաջադրեն եւ ընտրեն նոր վարչապետ, քանի որ ԲՀԿ-ն կողմ է ընտրություններին, ՀՅԴ-ն ունի քիչ ձայներ, «Ելքը», բնականաբար, չի միանա ՀՀԿ-ին։ Իսկ եթե սրան գումարում ենք ՀՀԿ-ի խմբակցությունից դուրս եկածներին, ապա տեսնում ենք, որ ՀՀԿ-ն չունի անհրաժեշտ ձայներ։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին կլինեն նոր ընտրություններ։



**-Կադրային որոշ նշանակումներ, օրինակ՝ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում, առաջացրել է որոշակի հանրային դժգոհություն։ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ ապագա կառավարության կազմում կարող են լինել նաեւ ՀՀԿ-ական գործիչներ։ Այս դեպքում հարց չի՞ առաջանում, թե ո՞րն էր ապրիլյան հեղափոխության իմաստը։**



-Ոչ, չի կարող առաջանալ։ Ինչ վերաբերում է որոշ պաշտոններում նշանակված գործիչների նկատմամբ դժգոհությանը, ապա դժվար է ասելը, թե այդ դժգոհությունների ծավալը համապատասխանո՞ւմ է հասարակության մեծ մասի դժգոհությանը։ Ժողովուրդը, այո՛, պայքարում էր քրեաօլիգարխիկ համակարգի դեմ եւ հասնում է իր նպատակին, որ նրա ներկայացուցիչներն այլեւս չեն լինելու ԱԺ-ում։ Քանի որ վարչապետը չունի Հայաստանի զարգացման տեսլական, բնականաբար, նա կադրեր ընտրելիս առաջնորդվում է իրավիճակային լուծումներով։ Նա նշանակում է այն կադրերին, ում տվյալ պահին այդ իրավիճակում համարում է նպատակահարմար։



**-Անցած հինգ ամիսներին մենք ականատես եղանք, որ երիտասարդ լինելը դեռ երաշխիք չէ պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու համար։ Կադրային նման քաղաքականությունը չի՞ թուլացնում արդյոք բյուրոկրատիան, քաղաքացիական ծառայողի ինստիտուտը, որը փոքրիշատե կայացել է անցած տասնամյակի ընթացքում։**



-Բնավ՝ ոչ։ Նախարարները քաղաքական պաշտոններ են, վարչապետը նշանակում է նրանց, ում ցանկանում է։ Կրկնում եմ՝ վարչապետը, չունենալով ապագայի տեսլական, այդ բացթողումը տարածում է նաեւ կադրային քաղաքականության վրա։ Եթե դու չգիտես Հայաստանի զարգացման վեկտորը, չգիտես, թե ուր է գնում Հայաստանը, չես պատկերացնում, թե ինչ կադրեր են պետք, այդ դեպքում ելնում ես տվյալ իրավիճակից։ Եվ դա վերաբերում է ոչ միայն կադրային քաղաքականությանը, այլեւ բոլոր բնագավառներին։ Դատաիրավական համակարգում նույնպես առաջարկվում են իրավիճակային լուծումներ։ Այսինքն՝ չկա ընդհանուր ռազմավարություն բոլոր բնագավառներում, եւ արդյունքն այն է, ինչ մենք տեսնում ենք։



**-Վարչապետը նաեւ հայտարարել է, որ ԱԺ ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձեւաչափով եւ չի բացառել, որ չի համագործակցի «Ելք»-ի իր գործընկերների հետ։ Հնարավո՞ր է, որ «Ելք» դաշինքը դառնա ընդդիմություն։**



-«Ելք»ը չի մնա որպես կառույց, քանի որ իր դերակատարությունն ունեցավ այս ԱԺ-ում։ Հիմա կարող ենք ասել, որ այդ դաշինքը գոյություն չունի։ Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք»-ի մի մասը մասնակցեց «Լույս» դաշինքով։ Նույնը կլինի նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ։



**Թագուհի Հակոբյան**