Ողջունելի որոշում

Ողջունելի որոշում
Ոչ մի կերպ չեմ հասկանում այն աղմուկը, որը բարձրացել է ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ։ Եթե առողջ հասարակություն լիներ, ապա աղմուկ պետք է բարձրացներ ոչ թե փորձառու Հունան Պողոսյանի նշանակման, այլ, ասենք, 26- 27-ամյա երիտասարդներին քաղաքապետ դարձնելու, մշակույթից հեռու մարդուն` մշակույթի նախարար, սփյուռքից անտեղյակ մեկին` սփյուռքի նախարար նշանակելու եւ նմանատիպ այլ նշանակումների առիթով։ Եթե ավելի առողջ հասարակություն լիներ, հեղափոխության հաջորդ օրն իսկ պետք է պահանջ դներ նորընտիր վարչապետի առաջ՝ պահել հին կառավարության կազմը, աշխատեցնել փորձառուներին, կարեւոր պետական պաշտոնները չվստահել անփորձ ու փողոցից կառավարություն եկած, չտես ու անտեղյակ, գոնե 5 հոգանոց կոլեկտիվ չղեկավարած անձանց։



Դրանից ե՛ւ երկիրը կշահեր, ե՛ւ հեղափոխությունը։ Բայց մենք միայն բոլշեւիկյան հեղափոխության փորձն ենք ճանաչում եւ հարուստների ունեզրկումն ու նախկին իշխանավորներին պաշտոնանկ անելը համարում ենք հեղափոխության՝ փոփոխությունների գլխավոր ատրիբուտը։ Մեզ խենթացնում է քրեական գործերի հարուցման, մարդկանց բանտ նետելու, գույքը բռնագրավելու, բռնագանձումներ անելու մասին տեղեկատվությունը։ Դա հագուրդ է տալիս մեր նսեմ կրքերին, բավարարում չբավարարվածներին, հագեցնում վրեժի ծարավը։ Մենք մեծահոգության, հումանիզմի, մարդու իրավունքների գաղափարներով տոգորված ազգ չենք։ Մենք մեր մեջ չենք տեսնում մեր վատ ապրելու պատճառները։ Եվ այսօր՝ եթե իշխանությունը գիտակցել է հներին ու փորձառուներին հեռացնելու վնասը եւ որոշել է նրանցից ամենապրոֆեսիոնալներին ու չվարկաբեկվածներին օգտագործել ի շահ պետության, դա միմիայն ողջունել է հարկավոր, այլ ոչ թե քննադատել։