Լույս է տեսել Հրապարակ Մշակութային հավելվածի նոր համարը

Լույս է տեսել Հրապարակ Մշակութային հավելվածի նոր համարը
**Սիրելի ընթերցող․**



Այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի «Հրապարակ» օրաթերթի համարում կարող եք ընթերցել նաեւ Հրապարակ Մշակութային Հավելվածի 9-րդ համարը։



Համարում կարող եք կարդալ **Էդուարդ Հարենցի** «Լույսի նախդիրներ» եւ **Նորայր Գրիգորյանի** «Ամեն առավոտ» բանաստեղծական շարքերը։



Դիզայներ **Քրիստինե Աբրահամյանը** «Տարածություն, ժամանակ, գոյություն. Վենետիկից մինչեւ բիենալե» էսսեում հանրագումարի է բերում իր տպավորությունները Վենետիկի բիենալեից․ «Բիենալեի ցուցադրությունում իմ վերջին կետը Բրիտանիայի տաղավարն էր, որը կարծես խորհրդանշական եզրափակում լիներ: Տաղավարը, որը վերնագրված է «Կղզի», միանգամայն դատարկ տարածք է: Այն միտված է հարթակ ստեղծելու ներհայեցողության, քննարկումների եւ ազատ փոխշփումների համար, հարթակ նոր եւ լավատեսական սկզբի համար: Բիենալեի երեք ամիսների ընթացքում այդ տաղավարում նախատեսվում է իրականացնել տարբեր միջոցառումներ, որոնք շոշափում են հարցեր միգրացիայից մինչեւ գաղութացում, մեկուսացումից մինչեւ ինքնություն, կառույցից մինչեւ լանդշաֆտ»։



Կինոգետ **Զավեն Բոյաջյանի** հետ լրագրող **Նաիր Յանը** զրուցել է անմահ մահկանացուի՝ Շառլ Ազնավուրի կինոժառանգության եւ ոչ միայն դրա մասին․ «Ազնավուրն իր լավագույն դերերը ստեղծել է 1960-ականներին։ «Կրակե՛ք դաշնակահարի վրա» ֆիլմը ռուբիկոն էր, որը հաղթահարելով՝ նա սկսեց ավելի ու ավելի շատ գրավել ռեժիսորների ուշադրությունը։ Մի առիթով Ազնավուրը գրել է, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է փոքր մարդու կերպարը։ Նա հենց այդպիսի դերեր էլ մարմնավորել է կինոյում։ Կյանքի լուսանցքն ընկած, ներքին բախումներով կերպարներ, որոնք չապլինյան ժամանակներից են գալիս»։



Թատերագետ **Ռուզաննա Առաքելյանը** ներկա է եղել մայր թատրոնի բեմում ներկայացված «Սասնա ծռեր» ներկայացմանը եւ հանդես եկել թատերախոսությամբ․ «Նկատելի է, որ ներկայացման մեջ Խ. Լեւոնյանն իր ողջ մասնագիտական ներուժով դրսեւորվելու հնարավորություն չի ունենում, եւ ռեժիսորը չի «օգտագործում» դերասանի ողջ «զինանոցը»: Անգույն, միատոն են անցնում այնպիսի տեսարաններ, որոնցից է Դավթի «Ով քնած է, արթուն կացեք» կոչի տեսարանը եւ այլն»։