Տարօրինակ ռեկորդ է սահմանվել Նյու Յորքում

Տարօրինակ ռեկորդ է սահմանվել Նյու Յորքում
Անցած հանգստյան օրերին Նյու Յորքում տարօրինակ ռեկորդ է սահմանվել։ Վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ ամերիկյան այս մեգապոլիսում կրակոց չի հնչել, հրաձգության հանցադեպ չի գրանցվել։ Այս մասին հայտնում է [New York Post](https://nypost.com/2018/10/15/nyc-goes-entire-weekend-without-a-shooting-for-first-time-in-14-years/)-ը։ Վերջին անգամ նման դեպք եղել է 1993 թվականին։ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն այս առնչությամբ դրվատանքի խոսքեր է հնչեցրել տեղի ոստիկանության հասցեին։ «Վերջին հանգստյան օրերին՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, ոչ մի հրաձգության դեպք չի եղել Նյու Յորքում։ Միթե սա հիանալի չէ»,- ասել է դե Բլազիոն։ Այդուհանդերձ, արդեն երկուշաբթի հրաձգության դեպք էր գրանցվել Բրոնքսի շրջանում, ինչի հետեւանքով մեկ տղամարդ վիրավորվել է ու հոսպիտալացվել։