Այդ «ուժեղ ձեռքը» Հունան Պողոսյանն է

Այդ «ուժեղ ձեռքը» Հունան Պողոսյանն է

Ոստիկանության պետի նախկին տեղեկալ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում դժգոհության ալիքի պատճառ է դարձել։

Ճիշտն ասած՝ ես էլ գոհ չեմ այդ նշանակումով, քանի որ պարոն Պողոսյանը տարիներ շարունակ ի պաշտոնե դիտարկվել է որպես հանցավոր ռեժիմի դեմ պայքարի առաջնային խոչընդոտ։ Ոստիկանության ոչ մի ապօրինի գործողություն և տեղաշարժ չէր կարող կյանքի կոչվել առանց Հունան Պողոսյանի իմացության ու մասնակցության, քանի որ նա այդ համակարգի ղեկավարներից մեկն էր։

Արդարության դեմ չմեղանչելու համար արժե նկատել, որ ի տարբերություն Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի, պարոն Պողոսյանն աչքի է ընկնում բարեկիրթ վարքագծով ու խոհեմությամբ, քաղաքավարի է ու քաղաքակիրթ։

Մի խոսքով՝ գործ ունենք կրթություն ստացած կադրային ոստիկանի հետ, որը Գասպարյանի ու Երանոսյանի պես վայրենի ու մարդակեր չէ, բայց, այնուամենայնիվ, տասնամյակներ շարունակ ծառայել է ռեժիմին։

Երանոսյանի ու Պողոսյանի տարբերությունն այն է, որ առաջինը ապօրինի հրամանները կյանքի է կոչել արնախում գազանի էնտուզիազմով, իսկ Պողոսյանը՝ խելացի զսպվածությամբ ու խորամանկությամբ։

Առաջին հայացքից բոլոր չափորոշիչներով Հունան Պողոսյանը չի համապատասխանում հեղափոխության սահմանած արժեքային միջավայրին ու դրանից ելնելով էլ չի կարող որևէ բարձր պաշտոն զբաղեցնել։

Բայց խնդրի էության մեջ խորանալուց հետո կոմպրոմիսի ինչ-որ եզրեր, այնուամենայնիվ, նշմարվում են։ Ի՞նչ եզրերի մասին է խոսքը։

1․«Հեղափոխական» թիմում կադրերի պակասն ու հին համակարգի կենսունակ կադրերին օգտագործելու անհրաժեշտությունը։

2․Սյունիքի առանձնահատկությունները։

3․Համաշխարհային պատմության փորձը։

Առաջին երկու կետերը մեխանիկորեն միահյուսվում են, քանի որ կադրերի պակասի հիմնախնդիրը հատկապես սուր դրսևորում է ստանում կառավարման չափազանց լուրջ առանձնահատկություններ ունեցող Սյունիքի պարագայում։

Աշխարհագրական տեսանկյունից Սյունիքը լրիվ ուրիշ աշխարհ է՝ հիմնականում կտրված «Արարատյան» աշխարհի կյանքի տրամաբանությունից։ Լեռնային սահմանները առաջացրել են նաև բովանդակային սահմաններ։ Իհարկե ես աշխարհագրական դետերմինիզմի հետևորդ չեմ, բայց, ամեն դեպքում կենտրոնի ու հարավային պերիֆերիայի փոխհարաբերություններում աշխարհագրությունը չափազանց մեծ դեր ունի։

Եթե աշխարհագրական կտրվածությանն ավելացնենք Սյունիքի տնտեսապես ամենազարգացած մարզը լինելու փաստը, ապա խնդիրն էլ ավելի է խորանում։ Բնական հարուստ պաշարների ու Իրանի հետ ունեցած սահմանի հաշվին զարգացող հարավային «պրովինցիայում» ինքնաբավության որոշակի միջավայր է ձևավորվել։

Ընդհանրապես կենտրոնում խմորվող, կուտակվող գաղափարները չափազանց դժվար են հասնում ծայրամասեր։ Նույն օրինաչափությունը գործում է նաև Հայաստանում։ Երևանում սաղմնավորված ու կառուցակազմիկ տեսք ստացած գաղափարները հեշտ չէ միանգամից տանել ու ներդնել Սյունիքում։ Դրա համար անհրաժեշտ է աստիճանական «էքսպանսիա»՝ գաղափարական ու ինստիտուցիոնալ։

Հեղափոխության արդյունքում հաղթանակած գաղափարների ու ինստիտուտների աստիճանական «էքսպանսիայի» գործընթացի համար լրջագույն արգելքներ են ոչ միայն մարզի աշխարհագրական ու տնտեսական առանձնահատկությունները, այլ նաև Սյունիքում մինչ օրս տիրապետող դարձած բդեշխային կառավարման համակարգն ու հանրային առանձնահատուկ փոխհարաբերման եղանակները։ Բանն այն է, որ տասնամյակներ շարունակ Երևանի կենտրոնական իշխանությունների կողմից Սյունիքում նշանակվել են ինչ-որ բդեշխներ, որոնք ունեցել են արտակարգ լիազորություններ ու անսահման արտոնություններ։ Վերջիններս էլ իրականացրել են հանրային սեփականության ու բիզնեսի բաշխում, որն արմատացել է ու կարծրացել։

Այս ամենի հետ զուգընթաց Սյունիքում առկա են բավականին լուրջ ռեսուրսների տիրապետող քրեաօլիգարխիկ կլաններ, որոնց արմատախիլ անելն ու չեզոքացնելը այդքան էլ հեշտ գործ չէ։

Ինչպես տեսնում եք, թվարկեցինք մի շարք անհաղթահարելի թվացող խնդիրներ, որոնց հաղթահարման համար անշուշտ ուժեղ ձեռք է անհրաժեշտ։ Այսինքն կա՛մ հանրապետության վարչապետը պետք է իր նստավայրը տեղափոխի հեռավոր Սյունիք կամ էլ այնտեղ պետք է ուղարկի ազդեցիկ որևէ գործչի, որը գիտի, թե ինչ անել անհաղթահարելի թվացող համանման իրավիճակներում։ Այդ ուժեղ ձեռքը Հունան Պողոսյանն է, որը կկարողանա կարգ ու կանոն հաստատել հեռավոր «պրովինցիայում»։

«Հեղափոխական» թիմում այդպիսի ներուժ ունեցող մեկը ներկայումս չկա, ու դրանից ելնելով՝ կառավարությունը ստիպված կանգ է առել նախորդ համակարգի կադրերի վրա։

Իմ համոզմամբ՝ Հունան Պողոսյանը նշանակվել է հետևյալ չափորոշիչներով․ վայրենի ու մարդակեր չէ, պրոֆեսիոնալ է, կառավարման և ուժային կառույցում աշխատանքի պատկառելի փորձ ունի, ճիշտ է, ծառայել է նախորդ ռեժիմին, որոշակիորեն կամ էլ շոշափելիորեն ներգրավված է եղել ապօրինությունների մեջ, բայց ամենն այդ հնարավոր է ներել հանրապետությանն ու հեղափոխության արժեքներին անձնվիրաբար ծառայելու դիմաց։

Գալով համաշխարհային պրակտիկային՝ չենք կարող չհիշել 1917 թ․ Ռուսական հեղափոխությունը ու դրան հաջորդած քաղաքացիական պատերազմը։ Արդյոք Վ․ Լենինն ու Լ․ Տրոցկին կկարողանայի՞ն հեղափոխությունն ու քաղաքացիական պատերազմը հասցնել հաղթական ավարտին, եթե Կարմիր բանակի դռները չբացեին ցարական կամ էլ ցարիզմին ծառայած սպաների ու գեներալների առջև։ Կարծում եմ՝ ո՛չ։ Բոլշևիկյան կուսակցությունում շատ քչերն էին, որ հասկանում էին ռազմական արվեստից։ Պրոֆեսիոնալ սպաների չներգրավվելու դեպքում Կարմիր բանակը՝ որպես ժամացույցի ճշգրտությամբ գործող համակարգ, երբեք իրականություն չէր դառնա ու կշարունակեր մնալ որպես անկանոն խաժամուժ։

Գաղափարը Տրոցկունն էր, որը դրա համար խիստ քննադատության էր ենթարկվում, նրան նույնիսկ մեղադրում էին հեղափոխության գաղափարներից նահանջելու մեջ։

Իհարկե Հայկական Թավշյա ու Ռուսական հեղափոխությունները բոլորովին տարբեր դրսևորումներ են՝ ժամանակագրական, որակական, քաղաքակրթական, պատճառահետևանքային ու ընդհանրապես բոլոր առումներով։ Բայց երկու հեղափոխություններում էլ առկա կադրերի հիմնախնդրի մեջ հնարավոր է ընդհանրության ու նմանության եզրեր գտնել։

Լենինն ու Տրոցկին, դիմելով ցավոտ, խիստ քննադատվող որոշման, ի վերջո կենդանություն տվեցին «անպարտելի» Կարմիր բանակին։

Նիկոլ Փաշինյանը նույնպես դիմել է ցավոտ ու քննադատվող որոշման, բայց իմ համոզմամբ, նույնիսկ մեղադրանքների տեղատափի պայմաններում, որոշումն այդ ապահովելու է դրական արդյունք։

Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք պետության հետ, իսկ պետությունն ինքնին բարդ համակարգ է։ Այսինքն՝ չի կարելի կարծել, թե մեկ հեղափոխությամբ հնարավոր է հասնել «Երկնային Երուսաղեմին»։ Իհարկե հնարավոր չէ ո՛չ այսօր և ո՛չ էլ վաղը։ Խնդիրներ միշտ էլ լինելու են, ու դրանք պետք է լուծվեն։ Պարզապես խնդիրները երբեմն ունենում են ցավոտ լուծումներ, որոնք ամբոխահաճո չեն, կարճաժամկետ կտրվածքում անարդյունք են թվում, բայց տարիներ հետո արդյունքի ծիլեր են տալիս։

Նորից ուզում եմ հիշել Լենինին։ Չնայած նա հայկական միջավայրում ամենաատելի գործիչներից մեկն է, բայց նրա թողած ժառանգությունը շատ դեպքերում ուղենիշային է։ Խոսքը Ռազմական Կոմունիզմից ՆԷՊ-ին անցման բարդագույն գործընթացի մասին է, որն առաջին հայացքից նահանջ էր հեղափոխական գաղափարներից՝ արժանանալով խիստ քննադատության, բայց արդյունքում տնտեսությունը փրկվեց, հանրությունը մասամբ խաղաղվեց ու դրանից ելնելով մի նոր աղետից փրկվեց նաև Խորհրդային Ռուսաստանը։

Այո՛, կառավարությունը երբեմն պետք է գնա ցավոտ որոշումների, քանի որ պետությունը չի կարող զարգանալ մշտապես բոլորին դուր գալու ճանապարհով։ Իրավիճակն է լուծում պահանջում, այդպես ասում էին պրագմատիկները։

Այս իրավիճակը, ավելի ճիշտ՝ Սյունիքի ներկայիս իրավիճակն այսպիսի լուծում էր պահանջում։