Սիրո և համերաշխության կոչերը ծնվեցին Երևանում, կապրեն Էջմիածնում

Սիրո և համերաշխության կոչերը ծնվեցին Երևանում, կապրեն Էջմիածնում
Թավշյա հեղափոխության շունչն առաջինն Էջմիածնում զգացին: «Էջմիածինցին առաջինն էր, որ արձագանքեց սիրո և համերաշխության կոչերին ու հոգևոր քաղաքը մաքրեց ատելություն և բռնություն կիրառողներից», ասաց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Սամվել Մուրադյանը:



Նրան ճանաչում են որպես թամադա Սամվել: Էջմիածնում, թերևս չկա մի ընտանիք, որի ուրախ առիթներն անցնեն առանց Սամվելի: 79 ընտանիքի կնքահայր է, կոլեկտիվի ոգի՝ հարուստ ներաշխարհով ու մարդկանց անկեղծ սիրելու առանձնահատուկ շնորհով:



Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո Սամվել Մուրադյանը տարբեր պաշտոններ է վարել: 14 տարի աշխատել է «Արմենթել» ՓԲԸ-ում, իսկ վերջին չորս տարում ղեկավարել ընկերության մարզային կոմերցիոն վաճառքի ոլորտը: 1998-2003 թթ. եղել է Էջմիածնի ավագանու անդամ, ակտիվիստ է, անկուսակցական:



Նրան կարելի էր տեսնել Թավշյա հեղափոխության օրերին. մեկ Էջմիածնում էր՝ համակարգելու ակտիվիստների երթը դեպի մայրաքաղաք, մերթ՝ Երևանում՝ հանրահավաքների մեջ...



«Ազատագրված Էջմիածինը հեղափոխության ձեռքբերումն է: Այն, որ այսօր կարողանում ենք այս քաղաքում ազատ ապրել ու անկաշկանդ արտահայտվել, պետք է շնորհակալ լինենք նաև Նիկոլ Փաշինյանին: Նա իր գործն արեց, մենք՝ օգնեցինք: Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է բարդենք նրա ուսերին ու, ոչինչ չանելով՝դրական տեղաշարժ պահանջենք: Իմ բաժին գործը ես տեսնում եմ քաղաքապետի պաշտոնում, ինչի համար էլ առաջադրվել եմ», ասում է Սամվել Մուրադյանը:



Մուրադյանը Էջմիածնի քաղաքապետ դառնալու հայտ է ներկայացրել հաստատ հաղթելու վճռականությամբ: Ասում է՝ տարիքս ու աշխատանքային փորձս թույլ են տալիս ձեռնոց նետել նույնիսկ ինձանից բավականին երիտասրդ թեկնածուներին: «Էջմիածինը զարգացնելու, հոգևոր կոչմանը հարիր միջավայր ստեղծելու հարուստ ծրագիր ունեմ և՝ կրեատիվ միտք՝ դրանք կյանքի կոչելու համար»,-ասաց քաղաքապետի թեկնածուն:



«Կառուցենք նորը՝ պահպանելով լավագույնը»,-այս կարգախոսն է ընտրել թեկնածուն՝ 21 կետից բաղկացած ծրագիր ներկայացնելով: Կենցաղային ու սպասարկման ոլորտներից մինչև առողջապահական ու սոցիալական խնդիրներ, երիտասարդների զբաղվածություն և ժամանց, տարեցների հանգստի կազմակերպում, ներքաղաքային տրանսպորտ, ասֆալտ, բարեկարգում, աղբահանություն, գործարարների ներգարվում համայնքային ծրագրերին, ներդրումներ...շարքը երկար է:



«Բազմաթիվ ընկերներ ունեմ Ռուսաստանում, Եվրոպայում, եթե ընտրվեմ քաղաքապետ, պատրաստ են ներդրումներ անել: Էջմիածինը տասնյակ տարիներ մեկ ընտանիքի ազդեցության տակ է եղել: Որևէ մեկը ռիսկի չի դիմել այստեղ գումար ներդնել, գոծունեություն ծավալել: Երբ խոսում եմ ընկերներիս հետ, ասում են՝ կարևորը պետական երաշխիքն է, որ արդեն կա ու, մեկ էլ՝ որ ընտրվես քաղաքապետ: Կգանք, ներդրումներ կանենք. երկուստեք շահավետ կլինի»,-պատմեց Սամվել Մուրադյանը:



Հարցին, թե՝ ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը բարդ բնավորություն և մաֆիոզ խմբավորումներ ունեցող քաղաքում, ասաց․ «Խաղաղ շինարարությամբ: Երբ մարդը տեսնի, որ իրոք գործ ես անում, մաֆիոզ լինի, թե՝ հեղինակություն, չի խանգարի: Ավելին ասեմ՝ իր օգնությունը կառաջարկի: Չմոռանանք, որ Էջմիածինը դրական աուրա ունեցող քաղաք է: Այստեղ ապրել են Մաշտոցն ու Սահակ Պարթևը, այստեղ են ծնվել Կոմիտասի մեղեդիները.. Չնայած «սիրո և համերաշխության» կոչերը ծնվեցին Երևանում, բայց ապրելու և հասակ են առնելու Էջմիածնում՝ մեր հոգու մայրաքաղաքում: Ես պատրաստ եմ այդ սերն ու ժպիտները դրոշմել յուրաքանչյուր էջմիածիցու դեմքին»:



**Սերոբ Մարության**