Նասկի Գագոն, Վովայի Արշակը՝ Հունան Պողոսյանի «հեղինակավոր» շրջապատը

Նասկի Գագոն, Վովայի Արշակը՝ Հունան Պողոսյանի «հեղինակավոր» շրջապատը
Նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու փաստը միարժեք ընկալում չի գտնում հանրության շրջանում։ Հունան Պողոսյանը 2008-ից մինչև հեղափոխությունը զբաղեցրել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը ու հաճախ եղել է ընդդիմության դեմ պայքարի առաջնագծում, երեկվանից քննարկվում է նաեւ նրա հարստությունը, կոռուպցիոն մեղադրանքներ են հնչում, հարցադրումներ, թե ինչ միջոցներով է գեներալի որդին 100 հազար դոլարանոց ավտոմեքենա վարում։ Մյուս կողմը՝ «հեղափոխականները», պաշտպանում են այս նշանակումը՝ հակադարձելով, թե Պողոսյանը սերտ կապ չի ունեցել նախկինների հետ, նա կատարել է իր աշխատանքը եւ համակարգի բանիմաց ոստիկաններից էր։ Սակայն համացանցում լայն տարածում գտած այս լուսանկարից պարզ երեւում է, որ Պողոսյանը նախորդ իշխանության քրեական տարրերի հետ առավել քան մտերիմ հարաբերությունների մեջ է եղել։



Հունան Պողոսյանի ձախ կողմում Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն է՝ հանրահայտ Վովայի Արշակը, ում քաջագործությունների մասին լեգենդներ են շրջում, Արշակի կողքին նախկին ոստիկանատպետ Լյովա Երանոսյանը, ում դեմ նոր իշխանությունները գործ են հարուցել՝ հեղափոխության օրերին հանրորեն վտանգավոր արարքների համար։ Իսկ աջից Հունան Պողոսյանին թեւանցուկ արած երիտասարդը նախկին ոստիկանապետի թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանն է՝ Նասկի Գագոն, ով եւս նախկինում բազում սկանդալային պատմությունների մեջ է հայտնվել։



Նա այն «հրոսակախմբի» անդամներից էր, որոնք 2016-ի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա։ Ի դեպ, Հունան Պողոսյանն իր՝ Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը նոր Հայաստանի կողմնակիցն է ու ամեն ինչ անելու է, որ նոր Հայաստանում լավ լինի: