Նա՞վն է ափսոս, թե՞ ծովը

Նա՞վն է ափսոս, թե՞ ծովը
«Հրապարակ» օրաթերթի հոկտեմբերի 12-ի համարում կարդացի ՀՀԿ խորհրդի անդամ Ֆիրդուս Զաքարյանի հեղինակած «Բոլոր դեպքերում նավն ափսոս է» հոդվածը։ Առաջին հայացքից թվում է, թե այս հոդվածը եթե ընթերցած լիներ մի հայ հոգեւորական, մտքում ասած կլիներ՝ ուշ խոստովանեցիր, զավակս։ Բայց համոզված եմ, որ այդ հոգեւորականն այս հոդվածը խոստովանագիր չէր համարի։ Այն ավելի շատ նման է դատարանում հնչեցրած պաշտպանական մի խորամանկ ճառի, որի հեղինակը միամտորեն մտածում է՝ ասեմ, մեկ էլ տեսար՝ դատավորը կերավ։



Նախ սկսեմ ՀՀԿ տարեգրությունից։ «20 տարիների ընթացքում, վար ընկնող օդապարիկի պես, ՀՀԿ-ն մաս-մաս ցած է նետել իր հեղինակության ձուլակտորները»,- գրում է հոդվածի հեղինակը։ Ինչպե՞ս չասենք, որ այսօրվա ՀՀԿ-ն եթե վերեւում չի եղել, ինչպե՞ս կարող էր վար ընկնել։ Բռնություններով ու ընտրաձայներ նկարելով իշխանության գալը վերեւում լինել չի նշանակում։ Նա ո՛չ հեղինակություն է ունեցել, ո՛չ էլ վարկանիշ, հեղինակության ձուլակտորներ նրան որտեղի՞ց, որ նա էլ ցած է նետել։ Բոլորիս հայտնի է եղել, թե Սերժ Սարգսյանն ինչպես էր սեփական ծափ տվողներով ու լացող պառավներով շրջում, քաղաքական հանդիսություններ կազմակերպում ու «ժողովրդի» կողմից հեղինակություն վաստակում։



Հեղինակն իր «անկեղծ մտորումներում» հնչեցնում է այն միտքը, որ ինքը ՀՀԿ-ի հետ ճանապարհ է անցել, ունեցել է նրա հետ ընդհանուր ձեռքբերումներ, որ դրանք, ցավոք սրտի, ստվերված են թույլ տրված կոպիտ սխալներով։ Քավ լիցի, հայ ժողովրդին կույրի տեղ մի դրեք, որո՞նք են այդ ձեռքբերումները։ Այնուհետեւ հոդվածում խոսվում է այն մասին, որ ՀՀԿ-ի «սխալները» պետք է ճանաչենք, որ առողջացնենք նրան ու օգնենք նոր իշխանավորներին, որպեսզի չկրկնեն այդ «սխալները»։ Ես կասեի՝ դուք պետք է մատաղ անեք, որ այդ կուսակցության հետագիծը «սխալ» համարվեր։ Մի գիտաշխատող Մոսկվայում թեկնածուական թեզ էր պաշտպանում, երբ եկավ պաշտպանության օրը, նա իր ելույթում անկեղծորեն նշեց, որ կատարելով հսկայածավալ հետազոտություններ՝ եկել է այն եզրակացության, որ իր առաջ քաշած հիպոթեզը սխալ է եղել։ Որակավորման հանձնաժողովի անդամներից մեկը նշեց, որ այդ սխալի ճանաչողությունը գիտության համար հազար ճիշտ արժեր։ «Սխալ»-ի հեղինակին միանգամից շնորհվեց գիտությունների դոկտորի կոչում։ Ախր ՀՀԿ-ի արածները «սխալ»-ի նախամորաքույրն էլ չեն կարող համարվել։ Սերժի «ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր» թեւավոր խոսքը թեւավորվել է միայն կենցաղային ընկալման հաշվին։ Սերժը՝ իր ծովահեններով հանդերձ, սխալներ չի կատարել, նա մառախուղի պատճառով չի շեղվել իր ուղուց։ Նա այդ ծովում ինչ կար-չկար, ավար է վերցրել ու ավարի իր առյուծի բաժինը վերցրած՝ սուզանավով ծլկել է նավից՝ չդիմանալով ծովի փոթորիկներին, իսկ դիմակավորված ծովահեններին թողել է շեղող գործողություններ կազմակերպելու համար։ Գայլին հալածում են ոչ թե այն պատճառով, որ նա գորշ է, այլ որ ոչխարներ է ուտում։ Հայաստանը կոկորդիլոսի արցունքներին չի հավատում, պարոնայք ՀՀԿ-ականներ։



Հետո հոդվածի հեղինակը նշում է, որ իրենք կարող են նոր՝ ժողովրդական իշխանություններին օգնել, որ վերջիններս չսխալվեն։ Ո՞վ գիտի՝ կարող է նաեւ իրենց սխալները նախապես պատենտավորած լինեն, եւ նման ծառայություններ մատուցելու դիմաց, վճարումներ կատարելու համար, մեր պետբյուջեն չբավարարի։ Այնուհետեւ նշվում է, որ ջահելներ են եղել ու սխալվել են, բայց չի նշում իրենց ջահել ժամանակվա կատարած կոնկրետ սխալները։ Ակամա հիշեցի մի անեկդոտ։ Մեկը ֆերմերին խնդրում է իրեն անասնապահական ֆերմայում բարձր աշխատավարձով աշխատանքի ընդունել, քանի որ հասկանում է անասունների լեզուն։ Գործատուն դրանում համոզվելու համար նրան խնդրում է թարգմանել, թե ինչ է բառաչելով ասում իր կովը։ Դիմումատուն ասում է, որ կերի որակից է բողոքում։ Այդ պահին մի ոչխար է մայում։ Դիմումատուն ասում է, որ ոչխարը խնդրում է իրեն խուզել, քանի որ սարսափելի շոգ է։ Քիչ հետո ավանակն է զռռում։ Գործատուն ասում է՝ չէ, չէ, էս մեկը մի թարգմանիր, ջահել եմ եղել, սխալվել եմ։ Առակս ի՞նչ կցուցանե։ Գուցե ասե՞ք, թե Աշոտյանն ու Շարմազանովն ինչ սխալներ են թույլ տվել ջահել ժամանակ, որոնցից նոր իշխանությունները պետք է դասեր քաղեն։



Հոդվածի մյուս մասերն էլ են անկեղծ մտորումներով հագեցած։ Հոդվածագիրն ասում է, որ ՀՀԿ-ի առաջնորդին ժամանակին կուսակիցներն «ամաչել» են տեղեկացնել երկրում կատարվող պետական նշանակություն ունեցող դեպքերի մասին, որն էլ բերել է նրա կործանմանը։ Հետո էլ Ֆ. Զաքարյանը Սերժ Սարգսյանին համեմատել է պարսից թագավոր Դարեհի, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ Ալեքսանդր Մակեդոնացու հետ, եւ նշել այդ պատմական անցքերի ու այսօրվա Հայաստանում կատարվող եղելությունների տրամաբանական համանմանությունը։ Հետաքրքիրն այն միտքն է, թե իբր Նիկոլ Փաշինյանը Սերժից մատնությամբ է ամրոցն առել, որ Սերժի թիկունքում գործել են գաղտնի հետախույզներ, ու «Ելքի» չորս մանդատը համեմատել է Մակեդոնացու սակավաքանակ զորքի հետ, որն իրենից տասնյակ անգամ շատ զինվորներ ունեցող Դարեհի բանակին հաղթել է։ Ի՞նչ ասեմ, ախպեր ջան, իզուր չէ, որ Դուք ՀՀԿ խորհրդի անդամ եք։ Նախ՝ Նիկոլ Հայաստանցին իր երկիրն էր ազատագրում մեր ժողովրդի համար օտար իշխանությունից, հետո էլ՝ նրա զորքը չորս մանդատանոց չէր, այլ շուրջ երեք միլիոնանոց էր ու զինված էր դհոլ-զուռնայով։ Այդ Դարեհն ի՞նչ Դարեհ էր, որ զուռնայի ձայնը լսելուց նրա շալվարի փողքերից ադրենալին էր թափվում։ Հետո էլ գրել եք. «Բայց փաստը մնում է փաստ, որ Ալեքսանդրն անվնաս է թողել պարսկական հարեմը՝ գահից հետո Դարեհին ամենից շատ հուզող հարստությունը»։ Ձեր մտահոգությունը ո՞րն է։ Սերժի հարստությանը՝ ՀՀԿ-ին, ո՞վ է բան ասել, նա ինքն է ուշադրության պակաս զգում։



**Վերջը**



Վերջը՝ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն իրար արժանի են։ Այդ ծովահեններին ու իր «լոդկան», որպես վերամշակման համար արժեք չներկայացնող թափոն, պետք է ուղարկել աղբանոց, որպեսզի ծովի ջուրը չպղտորվի, ու ծովում ծածանվեն եռագույն առագաստներ։ Ինչ մնում է «սխալներին» ու «սխալականներին», հայ ժողովուրդը դրանցից էլ է կուշտ, դրանցից դաս առնելուց էլ։ Եթե մենք Մարտի 1-ը, Ապրիլյան պատերազմի զոհերը, Հայաստանի տնտեսության կործանումը, ժողովրդի զանգվածային արտագաղթը, ավազակապետության կողմից ժողովրդավարության վերացումն ու վերագտնված պետականությունը նավաբեկելու փորձերը քաղաքական վրիպումներին ու իշխող կուսակցության անդամների ջահելության սխալներին վերագրենք, կնշանակի, որ այլեւս պետականակարող ազգ չենք։ Լինելով ամենահին ազգերից մեկը, ամենահարուստ մարդասիրական ու քրիստոնեական մշակույթ ունեցող ազգերից մեկն ու ամենահին քրիստոնյա պետության տեր ազգը՝ բախտ չունեցանք մեր նախկին «սխալական» երեք թագակիրներից լսելու ինքնախոստովանական անկեղծ խոսքեր։ Մեզ մնում է այդ առումով օղորմի տալ Հուդային ու դասեր առնել Քրիստոսի եւ Հուդայի կերպարներով հակադրամիասնության հոգեդաստիարակչական գաղափարներից, որպեսզի մեր պետական գալիք իշխանություններում դիմությունն ու ընդդիմությունը քաղաքական տարակարծիք գաղափարների կրողները լինեն, ոչ թե, ինչպես նախկինում, պետական դավաճաններ ու վարձու ընդդիմախոսներ։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



_«Գրավիտոն» գիտական կենտրոն_