Գործող Ընտրական օրենսգրքով հնարավոր չէ արտահերթ ընտրություններ անել

Գործող Ընտրական օրենսգրքով հնարավոր չէ արտահերթ ընտրություններ անել
Այսօր Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական կներկայացնի, որպեսզի խորհրդարանի լուծարման ճանապարհով լուծվի արտահերթ ընտրությունների հարցը։ Նրա հրաժարականից 7 օր հետո ԱԺ-ն նիստ կգումարի նոր վարչապետ ընտրելու, եթե ընտրություն չլինի, կրկին 7 օր հետո նիստ կգումարվի, ու վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով կլուծարվի։ Վարչապետի հրաժարականով Հայաստանում ներքաղաքական բուռն գործընթացներ կմեկնարկեն։ Այսօր արդեն կառավարության արտահերթ նիստ է կայանալու, որտեղ կքննարկվի Ընտրական բարեփոխված օրենսդրության նախագիծը, ժամանակը սուղ է, եւ իշխանությունն արագ ռեժիմով պետք է ընդունի ԸՕ-ն, քանի դեռ խորհրդարանը չի լուծարվել։ Ամենայն հավանականությամբ, ԱԺ-ն կլուծարվի հոկտեմբերի վերջին։ Այսօրվանից վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումներ կսկսի խորհրդարանական ուժերի հետ:



Մինչեւ վերջերս տեղեկություններ կային, եւ իշխանության ներկայացուցիչներից ոմանք էլ չէին բացառում, որ դեկտեմբերյան ընտրությունները հնարավոր է անցկացվեն գործող ԸՕ-ով։ Սակայն վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը դա բացառեց․ «Ոչ միայն այն պատճառով, որ կառավարության ծրագրում է այդպես գրված, այլեւ որ գործող ԸՕ-ն տեխնիկապես նախատեսված չէ արտահերթ ընտրությունների համար»։ Հիշեցնենք՝ կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը, որոնք անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը 1 տարվա ընթացքում։ «Կառավարությունը կարեւորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինեն իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու եւ ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունք արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ, անհրաժեշտ է, մասնավորապես, հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից եւ անցնել լիարժեք համամասնական համակարգի եւ այլն»,- նշված է ծրագրում, որն ԱԺ-ն ընդունեց հունիս ամսին:



Տեխնիկական անհնարինության հետ կապված՝ Իոաննիսյանը բացատրեց․ «Որովհետեւ գործող օրենսգիրքն արտահերթ ընտրությունների համար հստակ սահմանումներ չունի։ Օրինակ՝ ԸՕ-ն սահմանում է, որ Հանրային հեռուստաընկերությունը քվեարկությունից երկու ամիս առաջ պետք է մեթոդաբանություն հրապարակի, կամ պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը քվեարկությունից 50 օր առաջ ցուցակ տան, ո՞նց են տալու, եթե արտահերթ ընտրությունների սահմանադրական ժամկետը 30-45 օր է։ Այսինքն՝ հետամսաթվով պետք է տան․ սա արդեն անհեթեթություն է»։ Կառավարությունում այսօր նախագիծն ընդունելուց հետո պետք է սեղմ ժամկետներում կազմակերպել դրա ընդունումը, որպեսզի ընտրությունները կազմակերպվեն փոփոխված օրենսգրքով։ Իսկ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում։ Հիշեցնենք նաեւ, որ անցած ուրբաթ նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով։ Անցած շաբաթ Փաշինյանը Ստրասբուրգ էր գործուղել նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, որպեսզի նա եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ներկայացնի Հայաստանում տիրող իրավիճակը եւ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը։ Նազարյանն իր այցի վերաբերյալ Ֆեյսբուքում «հաշվետվություն» էր ներկայացրել, մանրամասն պատմել, թե ում հետ է հանդիպել, ինչ թեմա է շոշափվել, նաեւ խոստովանել է․ «ԵԽԽՎ նախագահը եւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հայտնած միակ մտահոգությունը վերաբերում էր ԸՕ փոփոխությունների ընդունման եւ ընտրությունների ժամկետին, Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանը: Միաժամանակ, ԵԽԽՎ նախագահը հատուկ ընդգծեց, որ դա իր անձնական կարծիքն է, եւ որ վերջնական որոշումը ՀՀ կառավարությունը պետք է կայացնի»։ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ այլընտրանք չունեն, շեշտեց, որ Վենետիկի ռեկոմենդացիաները չեն պահպանվել նաեւ ՀՀԿ-ի կողմից՝ անցած տարի։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**