Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի
Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահ ջոկատներից մեկում պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից տագնապի ազդանշան է ստացվել: Տագնապի ազդանշանը ստանալուց մի քանի րոպե անց միջադեպի վայր է հասել սահմանապահների տագնապային խումբը և հայտնաբերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք տանող հետքեր:



Որոնողական աշխատանքների համար օգտագործվել է ծառայողական շուն, որը կարճ ժամանակում հայտնաբերել է սահմանախախտին: Սահմանապահները նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերել: Նախնական տեղեկություններով՝ սահմանախախտը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ սահմանը հատել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:



Ռուս սահմանապահները սահմանախախտին փոխանցել են ՀՀ իրավապահ մարմիններին: