Գեղարքունիքում որսացել են Կարմիր գրքում գրանցված թվով 3 մարգահավ. հարուցվել է քրգործ

Գեղարքունիքում որսացել են Կարմիր գրքում գրանցված թվով 3 մարգահավ. հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ապօրինի որս կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:



ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2018թ. սեպտեմբերի 15-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարված ստուգայցի ընթացքում արձանագրվել է ապօրինի որս կատարելու դեպք:



Մասնավորապես՝ պարզվել է, որ Արարատի մարզի երեք բնակիչներ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի վարչական տարածքում առերեւույթ իրականացրել են ապօրինի որս:



Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձինք որսացել են ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված թվով 3 մարգահավ, որոնց որսն ամբողջովին արգելված է: Բացի այդ, որսացել են նաեւ սահմանված քանակից ավելի լոր տեսակի թռչուն՝ պետությանը պատճառելով 316 000 ՀՀ դրամի վնաս:



Փաստի առթիվ 2018թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով:



Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:



Կատարվում է նախաքննություն: