Հայկոյի «ֆռիկը»

Հայկոյի «ֆռիկը»
Երեկ լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը խոսում էր տրանսպորտի հետ կապված թանկացումների և դրան առնչվող հարցերի մասին։ Այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հերքեց, որ ինքը տրանսպորտի թանկացման մասին չի խոսել։



Մեծ հաշվով գցել- բռնել են, որ քաղաքապետ ընտրվելու առաջին օրը, երբ դեմն էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, նման հարց արծարծելը․․․ վտանգավոր է։ Ու հանգիստ, թավշյա ձևով հետ է քաշվել, գրառում անելով՝



«Սիրելի Երևանցիներ, նոր նկատեցի որ համացանցում տարածում են լուրեր, որ ես խոսել եմ տրանսպորտի թանկացման մասին: Ես պաշտոնապես հայտարարում եմ, ինչպես և 5 տարի առաջ այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար»։



Լավ է, որ տեսանյութը կա ու չի կարող ամբողջովին հերքել՝ ի՜նչ տրանսպորտ, ի՜նչ թանկացում, ո՞վ է այդ մասին խոսել․․․ Տեսանյութից մի փոքրիկ հատված մեջ բերեմ ու ասեմ, թե Հայկոն ինչի վրա էր դրել հույսը, երբ ասում էր, թե ինչու **այսօր տրանսպորտի գինը չթանկացնելը օբյեկտիվ չէ**։ Լսենք նրան․   



**«Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք մի՛ թանկացրեք: Այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում, դա օբյեկտիվ չի: Նախկին իշխանությունները չէին բարձրացնում՝ վախենալով բողոքի նոր ալիքից»։**



Ստացվում է, այս էլ որերորդ անգամ, որ նորերն իրենց դրսևորում են։ Ըստ Հայկոյի՝ նախկին իշխանությունները չեն թանկացրել տրանսպորտի գինը, որովհետև վախեցել են բողոքի նոր ալիքից, դա օբյեկտիվ էր, որովհետև նախկիններին չէին սիրում, իսկ ներկա իշխանությունները, որոնք «հիպնոզել են մարդկանց» ու կուրորեն նրանց հավատում են, կարող են թանկացնել, որովհետև նրանց սիրում են։ Ինչպես նորընտիրն է ասում՝ **«այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում, օբյեկտիվ չէ»**։



Օբյեկտիվ չէ, որովհետև արդեն ինքն է քաղաքապետը։  



Այսինքն փորձ է արվում օգտագործել մարդկանց սերը, վստահությունը, հավատը՝ մի հատ ասեմ, մեզ այնքա՜ն են սիրում, որ ուղեղները չեն աշխատեցնի․․․ Սիրող մարդիկ կույր են լինում։ Երբ արձագանքը զգացել է, շտապել կամ շտապեցրել են  հերքում տալ։ Ու այնքան վստահ է հերքում, որ մարդիկ սկսում են կասկածել իրենց տեսողությանն ու լսողությանը, բայց ոչ՝ Հայկոյին։



Ֆեյսբուքյան գրառումը Հայկոյի ֆռիկն էր, որը պատահական չէ, ինչպես սև ու սպիտակինը, որը նույնպես «ֆռիկացվեց» ու օգտագործվեց որպես քաղաքական ատրիբուտ։ Սա նաև նշան է, որ մարդիկ դուրս են գալիս «սիրո թմբիրից» և տեսնում են աշխարհն այնպես, ինչպես կա։



Մյուս կողմից՝  սա մարդկանց զգաստացնելու դաս է՝ ձեր սերն ու նվիրումը, եթե թուլանաք, ձեր դեմ է օգտագործվելու։



 Հասմիկ Բաբաջանյան