Ընտրական օրենսգրքի նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով

Ընտրական օրենսգրքի նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով
Բարեփոխված Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը երեկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։ Այս մասին տեղեկացնում է վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստը տեղի է ունենալու հաջորդ շաբաթվա սկզբին, որի ընթացքում ըստ ամենայնի քննարկման կդրվի նաեւ ԸՕ նախագիծը։ Զուգահեռ նախագիծը կուղարկվի Ազգային ժողով։ Իոաննիսյանը նշեց, որ, եթե ԱԺ-ն խնդիրներ չհարուցի, ապա ԸՕ-ն կընդունվի այնպիսի ժամկետներում, որ հնարավոր կլինի պատշաճ կերպով նախապատրաստել ու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները.



«Կառուցողական ենք տրամադրված եւ չի լինելու այնպիսի նախատրամադրվածություն, որ սա է նախագիծը, ու վերջ, բոլոր առաջարկների վերաբերյալ լինելու են կառուցողական մոտեցում ճիշտ այնպես, ինչպես եղավ Քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքերում»։



Իոաննիսյանը չբացառեց, որ ԱԺ-ն ավելի շուտ ընդունի նախագիծը, քան կհրապարակվի Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն։ Այնուամենայնիվ, նա խնդիր չի տեսնում, որ ԸՕ ընդունումից հետո ընտրությունները շուտ են կայանալու եւ չի պահպանվելու մեկ տարվա ռեկոմենդացիան։ Իոաննիսյանը հիշեցրեց, որ ՀՀԿ-ն էլ նախկինում չի հետևել Վենետիկի հանձնաժողովի այդ խորհրդին, ընտրություններից 5-6 ամիս առաջ էին կատարվել ԸՕ ծավալուն փոփոխությունները։