Վարչապետի հրաժարականի իրավական հետևանքները

Վարչապետի հրաժարականի իրավական հետևանքները
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․



ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ



1. Վարչապետի հրաժարականից հետո, եթե խմբակցությունները չառաջադրեն վարչապետի թեկնածու, ապա ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ և այդ հիմքով էլ բնականաբար առաջին փուլում վարչապետ չի ընտրվի: ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:



2. Խնդիրը ծագում է երկրորդ փուլում, քանի որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՅՈԹ ՕՐ ՀԵՏՈ անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:



3. Ինչպես տեսնում ենք, առանց՝ (1) առաջին փուլում թեկնածուի առաջադրման, (2) քվեարկության և (3) չընտրվելու փաստի արձանագրման, երկրորդ փուլը չի կարող սկսվել, քանի որ 7 օրյա ժամկետի սկիզբը դրված է ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ պահից:



Հատկանշական է, որ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի միջև 08.10.2018թ. ստորագրված հուշագրով «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվել է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել և չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի:

ՀՀԿ խմբակցությունը 09.10.2018թ. հայտարարել է, որ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն:



ԱՄՓՈՓՈՒՄ՝

Իրավական առումով, երբ վարչապետը հրաժարական տա, ապա դա կհանգեցնի կառավարության հրաժարականին, իսկ ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի:



Հետևաբար, վարչապետի հրաժարականի միջոցով Ազգային ժողովն արձակելու ցանկությունն իրագործելը հնարավոր է միայն ԱԺ մեծամասնությունը կազմող պատգամավորների հետ պայմանավորվածությամբ՝ վարչապետի թեկնածու առաջադրելու և նրան չընտրելու միջոցով: Սա նշանակում է, որ ԱԺ-ն «պաշարելու» սցենարը չի կարող աշխատել, իսկ վարչապետի թեկնածուին (եթե նույնիսկ ապահովության համար Նիկոլ Փաշինյանն առաջադրված լինի) ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը կարող է ընտրել (կրկին ընտրել):