Մեզ «Նիկոլի զոմբիներ» էին անվանում․ արդարանում են մարալիկցիները

Մեզ «Նիկոլի զոմբիներ» էին անվանում․ արդարանում են մարալիկցիները
Երեկ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում բռնություն են գործադրել «ԱդեկվաԴ» հաղորդաշարի խմբի նկատմամբ՝ քաղաքի մոտ 20 երիտասարդներ հարձակվել են Մարալիկ այցելած խմբի վրա եւ ծեծի ենթարկել, քաշքշել, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել: Տարածված տեսանյութերից երևում է, թե ինչպես են երիտասարդները, վիրավորված «ԱդեկվաԴ»-ի հաղորդաշարերից մեկում հնչած որոշ արտահայտություններից, վիրավորում և քաշքշում հաղորդաշարի հեղինակներ Արթուր Դանիելյանին և Նարեկ Մալյանին:



Փորձեցինք միջադեպի մասնակից Սմբատ Ավետիսյանից պարզել, թե ինչպես և ինչու է տեղի ունեցել միջադեպը: Ըստ Ավետիսյանի, միջադեպը հաղորդաշարի հեղինակների սադրանքի արդյունքն էր և անմիջականորեն կապված էր ՀՀԿ-ական համայնքապետի դեմ իրենց կազմակերպած ցույցերի հետ: Իսկ իրենց վրդովմունքի պատճառը նրանց հաղորդաշարերից մեկում հնչեցրած վիրավորական մտքերն էին և նրանց` Analitik.am կայքի հետ համագործակցությունը, որը բազմիցս անդրադարձել է իրենց ցույցերին` ներկայացնելով համայնքապետին դրական լույսի ներքո, իսկ իրենց` ցուցարարներին` բացասական. ««ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Մալյանն ու Արթուր Դանիելյանը համագործակցում են «Analitik.am» կայքի հետ: Նրանցից լրագրողներ էին գալիս լուսաբանելու մեր համայնքապետի վերջին օրերի գործունեությունը ու մեզ` ցուցարարներիս ներկայացնում էին սև գույներով: Ժողովուրդը տեսնում էր, որ նրանք գալիս ու իրենց են լուսաբանում, իսկ մեզ ներկայացնում են որպես Նիկոլի զոմբիներ: Հետագայում էլ, որ «ԱդեկվաԴ»-ի` Մարալիկին նվիրված հաղորդման մեջ ասեցին , որ տեղեկություններ են ստանում Անալիտիկից, ժողովուրդը դրամադրվեց նրանց դեմ, իսկ Մարալիկին նվիրված հաղորդումը մարալիկցիներս շատ վատ ընդունեցինք: Ընդունեցինք որպես վիրավորանք: Ու պատահաբար երեկ նրանք հայտնվում են Մարալիկում: Ես երեկ կանգնած էին կենտրոնական զբոսայգու մոտ և տեսա նրանց, քանի որ, ճամաչելով նրանց, ուշադիր նայում էի` սկսեցին նկարել ինձ: Մոտեցա, ասեցի` տղերք քանի, որ դուք ձեր հաղորդման մեջ վիրավորել եք, կլինի՞ ձեր նկարահանումները դադարեցրեք, ստեղից գնացեք, որ մնացածները եկան` քոմենտների մեջ ինչ վիրավորանք գրել էին ստեղ տեղում, գործնականում կանեն ձեր հետ: Էդ ընթացքում տղերքը կամաց կամաց հավաքվեցին»:



Մեր հարցին, թե արդյոք նախապես չէին ծրագրել հաշվեհարդարը, Ավետիսյանը պատասխանեց` «Ոչ, բացառվում է: Տղաները էդ ժամին պիտի ըտեղ լինեին, որովհետև որոշել էինք, որ մեր հերթական քայլերթը սկսենք այդ տեղից: Մենք ամեն օր իրականացնում ենք քայլերթ` համայնքապետի հրաժարականի հետ կապված», ապա շարունակեց` «Տղաների մեղադրանքներին, թե ինչու եք վիրավորել մարալիկցի ցուցարարներին, նրանք ավելի էին լարում իրավիճակը: Սկզբում ամեն ինչ լավ էր մինչև, երբ Նարեկ Մալյանը տղաներից մեկին անվանեց Նիկոլի զոմբի, որ նրանց հրապարակված կադրերում չկա: Իրենք գիտեն, երբ են անջատել հեռախոսը: Տղաների զայրույթի ամեն ժեստի վրա, նրանք ավելի էին լարում իրավիճակը, դրա համար էդպես ստացվեց: Մեր ասածը էն էր, որ թողեք գնացեք»: «ԱդեկվաԴ»-ի ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ նշված Մարալիկի ավագանու անդամ Ագուն Սաղաթելյանի առնչությամբ մեր զրուցակիցը ասաց. «Այո, նա Մուշեղ Սաղաթելյանի եղբոր որդին է, և շատ նորմալ, բարեկիրթ անձնավորություն է և ի սկզբանե նպատակ չի ունեցել վիրավորելու: Նրանց «Նիկոլի զոմբիներ», «բա հլը գնանք ձեր 800 հոգուն տեսնենք» խոսքերից հետո նոր տղաները հունից դուրս եկան: Ոչ ոքի չենք խփել, նրանք էլ ոստիկանական բաժանմունքում չեն գրել, որ խփոցի է եղել, ու հրաժարվել են դատաբժշկական փորձաքննությունից: Էդ որ ասում են` ոնց եղավ, որ նրանց տարան, իսկ մեզնից մարդ չկանչեցին, ունեցել է զուտ մեկ նպատակ, որ չհասնենք էնտեղ ու իրավիճակը ավելի բորբոքվի, դրա համար իրենց ուղարկել են, նոր մեզ կանչել են: Դա եղել է, իրենց անվտանգության նկատառումներից ելնելով, որովհետև դրանից հետո արդեն ամբողջ Մարալիկն էր տեղյակ ու բոլորն էլ գալու էին ոստիկանական բաժանմունք»: