Եթե Ադրբեջանը համաձայնի նստել Արցախի հետ բանակցությունների սեղանի շուրջ, ապա դա կանի միայն Արցախը իր կազմ վերադարձնելու օրակարգով

Եթե Ադրբեջանը համաձայնի նստել Արցախի հետ բանակցությունների սեղանի շուրջ, ապա դա կանի միայն Արցախը իր կազմ վերադարձնելու օրակարգով
Նոր իշխանությունների կողմից շրջանառության մեջ մտցրած այն թեզը, որ Արցախը անպայման պիտի մասնակցի բանակցություններին, և որ հարցը արցախցիներին է վերաբերում, ու նրանք պիտի վերջնական որոշումը կայացնեն կապված լուծման հնարավոր տարբերակների ընդունման կամ չնդունման հետ, իրականում խիստ վտանգավոր մոտեցում է, քանի որ դրանով Հայաստանի իշխանությունները փաստացի փախչում են պատասխանատվությունից ու ամեն ինչ թողնում են Արցախի ղեկավարության վրա:



Բոլորը պիտի լավ հասկանան ու ականջներին օղ անեն, որ Արցախի խնդիրը միայն արցախցիներին չի վերաբերում, դա ամբողջ հայ ազգի խնդիրն է, ու թող ոմանք մարդկանց մոլորության մեջ չգցեն ու չփորձեն հայության հերթական ռազմական (Արցախյան ազատամարտ) հաղթանակը մսխել հանուն Հայաստանում իրենց իշխանության հաստատման ու պահպանման: Արցախում եթե ինչ որ բան այնպես չգնաց, ուրեմն Հայաստանի իշխանությունները, ովքեր էլ որ լինեն, գլխով են պատասխան տալու:



Եվ վերջապես պիտի հասկանան, որ եթե Ադրբեջանը համաձայնի էլ նստել Արցախի հետ բանակցությունների սեղանի շուրջ, ապա դա կանի Արցախը իր կազմ հետ վերադարձնելու օրակարգով միայն` արցախցիների հետ քննարկելով իր կազմում անվտանգության երաշխիքների, ինքնավարության տրամադրման ու այդ ինքնավար շրջանի սահմանները ճշտելու հարցերը: Երբեք թող հույսեր չտածեն, թե Ադրբեջանը որևէ այլ օրակարգով կբանակցի արցախցիների հետ, դա ուղղակի բացառվում է: Եթե մեր նոր ղեկավարները դա են ուզում, ուրեմն թող ազնվություն ունենան ու դրա մասին ուղիղ հայտարարեն ժողովրդին, այլապես անիմաս է դառնում իրենց պոպուլիստական այն հայտարարությունը, համաձայն որի իրենք ժողովրդին են ներկայացնում:



**Թորոս Ալեքսանյան**