Հիմնական խնդիրը Հայաստանում աշխատանքի ճիշտ կարգավորումն է

Հիմնական խնդիրը Հայաստանում աշխատանքի ճիշտ կարգավորումն է
**ՀՀ արտահանողների միության նախագահ**



**Րաֆֆի Մխչյանի խոսքը**



**«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունը ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ**



Նոր Հայաստանում նոր իրողություն է: Այսօր բյուրոկրատական քաշքշուքները չկան, բայց այլ խնդիր է ակտուալ: Նախարարները փոխվել են, բայց աշխատողները նույնն են մնացել: Օրինակ, մաքսային տեսուչները, որոնց հետ ամեն օր շփվում ենք գործի բերումով, ամեն մի ստորակետի համար են պատմություն սարքում: Մի կոռումպացված անձնավորություն է, որ միշտ 20 հազար դրամով էր տալիս տվյալ փաստաթուղթը՝ առանց նայելու բովանդակությանը, այսօր ասում է օրենքով եմ անում եւ հնարավորինս ձգձգում պրոցեսը: Ես հիմա Եվրոպա ապրանք պետք է ուղարկեմ, բայց չեմ կարողանում, այդ թղթաբանության պատճառով: Փաստաթղթեր են ուզում, որ առաջ անհրաժեշտ չէր, ժամանակ են ձգձգում:



Նույն իրավիճակն է, օրինակ, սննդի անվտանգության տեսչությունում, որն ունի առանձին բաժին, որ ինչքան կարող է դանդաղ է աշխատում ...բոլոր ոլորտներում է նման իրավիճակ: Ես կարծում եմ պատճառն այն է, որ նույն կադրերն են նստած, ինչ առաջ: Նրանք սովորել են կողմնակի եկամուտով աշխատելուն, հիմա այդպես չեն կարողանում ու արհեստական խաչընդոտներ են ստեղծում՝ ամեն ինչ անելով ներկայիս կառավարությանը վնասելու համար:



Մենք ունեինք հսկայական տնտեսություն, որը ոչնչացավ: Այսօր ստիպված ենք զրոյից սկսել այն կառուցելու գործընթացը: Ի՞նչ ենք մենք տեսնում, մեկ հոգին փորձում է ամբողջ ոլորտը մի ծայրից մյուսը ոտքի հանել, այդպես չի լինում: Աշխարհի տարբեր երկրների գյուղատնտեսության ոլորտում կա գյուղմթերող, որը գյուղմթերքը չի գնում գյուղացուց , գնում է մի միջնոդից: Վերջինս հավաքում է գյուղացուց ապրանքը, վերամշակում է եւ տեսակավորում: Լավագույնը ուղարկում է էքսպորտի, նորմալ բերքը տալիս է տեղական շուկաներին, տակի մնացածը բաժին է հասնում վերամշակող գործարաններին: Մեր երկրում այդ տեղաբաշխումները ճիշտ չի եղել սկզբից եւեթ եւ մենք խնդիր ունենք: Մենք կարողացել ենք միասնաբար հեղափոխություն անել, բայց պետք է սովորենք նաեւ կոլեկտիվ աշխատել: Մեր ֆերմերները պետք է հասկանան, որ միակ լուծումը ստեղծված իրավիճակում կոոպերատիվն է: Հիմնական խնդիրը Հայաստանում աշխատանքի ճիշտ կարգավորումն է, տնտեսվարողը չպետք է մտածի արտահանման եւ այլ խնդիրների մասին, պետք է գործի մեկ պատուհանի սկզբունքը եւ բոլոր հարցերը լուծվեն ըստ այդմ: Ճիշտ մենջմենթ է պետք: Պետք է վերանայել համակարգը եւ ստեղծել պայմաններ, որ հարմար կլինի բոլորին: Ոչ ոք մեզ համար ոչ մի բան չի փոխելու, մենք պետք է լինենք փոխողը:



**Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն**



**«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ**