Պահանջում ենք գործընթացն անհապաղ կասեցնել

Պահանջում ենք գործընթացն անհապաղ կասեցնել
Հայաստանում՝ դեռեւս նախկին կառավարության որոշմամբ, ներդրվում է առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ: ՀՀ առողջապահության նախարարությունն ակտիվորեն գովազդում է այս համակարգը, թե իբր դրա ներդրման դեպքում նվազեցվում են բժշկական սխալները, տնտեսվում են ծախսերը: Մինչդեռ այս համակարգի ներդրման իրական նպատակը թաքցվում է: Այն պարտադրված է վերազգային գաղտնի դեստրուկտիվ կառույցների կողմից, որոնց համար կենսագործունեության ոլորտների էլեկտրոնային կառավարումը (էլեկտրոնային քարտերի միջոցով) գերնպատակի իրագործման՝ «Նոր աշխարհակարգ» կառուցելու կարեւորագույն նախապայման (միջոց) է: Այն մարդկանց էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար (թվային ստրկության, տեխնոլոգիական բռնապետության) տանող գործընթացի (էլեկտրոնային դրամ ներդնելու եւ մարդկանց չիպավորելու) կարեւոր մաս (բաղադրիչ) է: Մյուս բաղադրիչներն են՝ անձը հաստատող փաստաթղթերի էլեկտրոնայնացումը (նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր, վարորդական տոմս), որը Հայաստանում գրեթե ամբողջությամբ իրականացված է: Բանկային համակարգի էլեկտրոնայնացումը վաղուց իրողություն է, տրանսպորտի էլեկտրոնայնացումը՝ երթեւեկությունը միայն էլեկտրոնային տոմսով, 2019թ․-ից ցանկանում են Երեւանում ներդնել, առեւտրի եւ սպասարկման էլեկտրոնայնացումը (միայն էլեկտրոնային, այսպես ասած՝ բոնուս քարտով սպասարկում), որը ՀՀ կառավարությունը ցանկանում է իրականություն դարձնել։



Առողջապահության ոլորտում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման եւ գործառության ռիսկերը, վտանգներն ու սպառնալիքներն են․



1. Խախտվում է պացիենտի գաղտնիության իրավունքը՝ անտեսվում է «Պացիենտների եվրոպական հրովարտակի» 6-րդ կետը (բուժհաստատության բժշկական օգնությունից եւ սպասարկումից օգտվողն իրավունք ունի ստանալու իր առողջության մասին տեղեկությունը, այդ տեղեկությունը գաղտնի է, եւ բացառապես նա պետք է այն ստանա), ինչպես նաեւ «Բնակչության բուժօգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքը (հոդված 5, կետ գ), որտեղ նշված է, որ պացիենտի գաղտնիության իրավունքն իր մեջ ներառում է պացիենտի՝ բժշկի դիմելու փաստի, առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման վերաբերյալ տեղեկությունները: Բուժաշխատողը չպետք է այդ տեղեկությունները տրամադրի որեւէ այլ անձի (նաեւ հարազատներին, բարեկամներին)՝ առանց պացիենտի համաձայնության: Պացիենտն է որոշում, թե ում տրամադրվի իր վերաբերյալ տեղեկությունը: Նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 145 հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում (ազատազրկման տեսքով) անձի առողջության մասին տեղեկությանը տիրապետող բուժաշխատողների կողմից այն տարածելու համար:



Այս համակարգի ներդրման եւ գործառության դեպքում պացիենտի առողջության վերաբերյալ տեղեկությանը կարող են տիրապետել բժիշկները, ծրագրավորողները, համակարգի «անվտանգությունն» ապահովողները, պետական պաշտոնյաները, ապահովագրական ընկերությունների աշխատողները (հենց վերջիններս են այս ծրագրի լոբբիստները): Այդ տեղեկությանը կարող են տիրապետել նաեւ ինտերնետի եւ դավաճանության միջոցով գողության դեպքում:



2. Անխուսափելի է առողջության մասին տվյալների բազայից գողությունն ինտերնետի, ինչպեսեւ բժշկի, ծրագրավորողի կամ պաշտոնյայի դավաճանության միջոցով: Հայտնի եւ տարածված կոմպյուտերային (նաեւ հակավիրուսային) ծրագրեր արտադրող ընկերությունները կապված են ե՛ւ Արեւմուտքի պետությունների գաղտնի ծառայությունների, ե՛ւ վերազգային գաղտնի կառույցների հետ: Այդ ծրագրերը հատուկ գրվել են այնպես, որ ցանկացած պահի ինտերնետի միջոցով ցանկացած համակարգիչ գաղտնի ներթափանցելը հնարավոր լինի: Հայտնի է նաեւ, որ հաքերները բազմիցս կոտրել են ավելի լավ պաշտպանված կազմակերպությունների բազաները (օրինակ, Պենտագոնի սերվերները): Աշխարհում գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ անձնական տվյալները գողացվել են, եւ արդյունքում տուժել են միլիոնավոր մարդիկ: Եվ գնալով ավելի խոցելի են դառնում տեղեկատվական անվտանգության համակարգերը: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները չեն կարող պաշտպանել ՀՀ քաղաքացիների առողջության մասին տվյալների բազան: Կիբերսպառնալիքներից պաշտպանվածության անխոցելի համակարգի ստեղծումը գործնականում անհնար է: Տնտեսության թվայնացման ծրագրերի քննարկման շրջանակում այդ մասին բազմիցս բարձրաձայնել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եվրոպական փորձագետները:



3. Էլեկտրոնային տվյալների միասնական բազայում (էլեկտրոնային բժշկական քարտերում) առկա առողջական վիճակի մասին տեղեկություններից, ինչպես նաեւ նույնականացման քարտերում, կենսաչափական անձնագրերում եւ այլ քարտերում (որոնք Հայաստանում կա՛մ ներդրված են, կա՛մ ներդրման ընթացքում են) առկա կենսաչափական այլ բնութագրիչներից (որոնց մասին տեղեկացնում են, օրինակ՝ էլեկտրոնային ստորագրությունը, մատնահետքը, աչքի ծիածանափայլ թաղանթը) կարող են պարզել ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ հասարակության (ազգի) հոգեբանական եւ ֆիզիոլոգիական ընդհանուր պատկերը, առանձնահատկությունները, ուժեղ եւ թույլ կողմերը: Այդ ուղղությամբ աշխատող, ինչպես նաեւ սոցիալական եւ հոգեբանական ինժեներիայի տեխնոլոգիաներ մշակող համաշխարհային կենտրոններ են, օրինակ, Տավիստոկի ինստիտուտը, Պալո Ալտոյի վարքային գիտությունների բնագավառում առաջավոր հետազոտությունների կենտրոնը, Միչիգանի համալսարանին կից սոցիալական հետազոտությունների ինստիտուտը եւ այլն: Եվ այդ արդյունքները կարող են օգտագործել առանձին անհատների ու ազգի դեմ՝ սոցիալական ու հոգեբանական ինժեներիայի եւ կենսաբանական դիվերսիայի տեխնոլոգիաներ մշակելու եւ կիրառելու համար:



4. Հնարավոր է մարդու առողջական վատ վիճակն իր դեմ օգտագործվի (մարդուն աշխատանքի չընդունեն կամ աշխատանքից հեռացնեն):



5. Հնարավոր է ապահովագրական ընկերությունները վատառողջ մարդկանց առողջապահական ապահովագրությունը թանկացնեն, ու այս համակարգից վատառողջ մարդկանց որոշ խմբերի օգտվելն անմատչելի կամ անհնարին դառնա:



6. Հնարավոր է առողջապահական հաստատությունների գործունեությունը խափանվի՝ առողջության մասին էլեկտրոնային տվյալներն անհասանելի դառնան, աղավաղվեն կամ անհետանան (էլեկտրական հոսանքն անջատվելու, համակարգչի անսարքության, համակարգչային սխալի եւ հաքերային գրոհի պատճառով):



7. Ավելանալու են առողջապահության ծախսերը (հզոր համակարգիչների, պլանշետների, սկաներների, մոդեմների, լիցենզիոն ծրագրերի ձեռքբերման, ծրագրավորողների եւ համակարգը սպասարկողների աշխատավարձի, բժիշկների վերապատրաստման, էլեկտրական հոսանքի համար), մեծանալու է պետական բյուջեի բեռը, հետեւաբար՝ ՀՀ արտաքին պարտքը:



8. Խախտվում է ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված քրիստոնյաների կրոնի ազատության իրավունքը, սահմանափակվում է կրոնական համոզմունքներն արտահայտելու ազատությունը (նույնականացման եւ էլեկտրոնային բժշկական քարտեր համատարած պարտադրելով):



9. Մեծանում են ՀՀ-ում էլեկտրոնային դրամ ներդնելու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիներին չիպավորելու հնարավորությունները՝ էլեկտրոնային կառավարման համակարգին բնակչությանը սովորեցնելով, վարժեցնելով եւ քարտն արգելափակելու սպառնալիքը որպես էլեկտրոնային դրամ եւ մարմնում չիպ ներդնելու միջոց օգտագործելու հնարավորություն ընձեռելով: Այսինքն՝ քաղաքացուն սպառնալու են զրկել պոլիկլինիկայի, հիվանդանոցի, դեղատան ծառայություններից օգտվելու հնարավորություններից, եթե թղթե դրամի փոխարեն էլեկտրոնայինը չընդունի եւ մարմնում չիպ ներդնելուն չհամաձայնի:



Առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի ներդրումը եւ գործառույթը խախտում է մարդու իրավունքներն ու ազատությունները: Այն չհիմնավորված աղետալի ռիսկ է, վնասների հնարավորությամբ սպառնալիք ՀՀ քաղաքացու առողջությանը, պետության, հասարակության ու ազգի անվտանգությանը:



Վերը շարադրված ռիսկերը, վտանգներն ու սպառնալիքները չեն լինի բժշկական թղթե քարտերի դեպքում:



_Ստորագրել է 21 հասարակական կազմակերպություն՝ «Վերելք» ռազմավարական կենտրոնի նախաձեռնությամբ_