Գիտե՞ք ովքեր են դավաճանել՝ ովքեր ամենաշատն են օգտվել ՀՀԿ-ից

Գիտե՞ք ովքեր են դավաճանել՝ ովքեր ամենաշատն են օգտվել ՀՀԿ-ից
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր թոշակառուի կյանքով է ապրում, բայց հետեւում է իր կուսակցության եւ իրենց խմբակցության անդամների շուրջ ստեղծված իրավիճակին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ական պատգամավորներին փորձում ժամանակից շուտ «ջահել-ջահել» ուղարկել թոշակի։ «Երիտասարդ թոշակառուներ, հա՞, ուզում ես ասել»,- մեր ակնարկը ձեւակերպեց Հարությունյանը։



**-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, որ այսօր շատերն արդեն լքում են թիմը, խմբակցությունը։ Դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե այսօր ֆրակցիայում լինեիք։**



-Ես շատ վաղուց եմ էդ մասին իմացել, որ եթե Հանրապետականում ճգնաժամ լինի, շատերը դուրս կգան, դա ի՞նչ նորություն է որ։ Ես էն կարծիքին եմ, որ եթե մարդիկ գաղափարական կուսակցականներ են, երբեք չեն լքի իրենց կուսակցությունը։ Բայց եթե պատահական մարդիկ են հավաքված, որոնք էդ կուսակցություն են մտել կա՛մ պաշտոն ձեռք բերելու, կա՛մ պատգամավոր դառնալու համար, նրանց համար ի՞նչ կա, ցանկացած պահի էլ կլքեն կուսակցությունը։



**-Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին ի՞նչ կասեք, նա ուզում է օր առաջ ընտրություններ անցկացնել, որ իշխանությունը լիակատար իր ձեռքը վերցնի։**



-Գիտե՞ք ինչ կա, իմ կարծիքով՝ էդ ընտրությունները պետք է լինեին ավելի շուտ, քան հիմա են։ Եթե գործադիր իշխանությունն իրենց ձեռքն էր, էլ ի՞նչ կարիք կար էսքան ձգձգելու։



**-Իսկ ՀՀԿ-ն, որ հայտարարություն է տարածել, թե դեմ է դեկտեմբերյան ընտրություններին, բայց նաեւ թեկնածու չի առաջադրելու, Ձեր կարծիքով, ճի՞շտ մոտեցում է։**



-Դե, ես հիմա ֆրակցիայի անդամ չեմ, չգիտեմ՝ իրենք ինչ են որոշել, ոնց են որոշել։ Այնուամենայնիվ, եթե վարչապետ չեն առաջադրելու, արդեն էն երկրորդ մասն ավելորդ է՝ համաձայն են, թե համաձայն չեն։



**-Իսկ ՀՀԿ-ն պե՞տք է մասնակցի այս ընտրություններին եւ կկարողանա՞ նորից ժողովրդի վստահությունն ինչ-որ չափով շահել։**



-Ես կարծում եմ, որ Հանրապետականում շատ հավատավոր կուսակցականներ կան, դրանք սկի չեն էլ երեւում, ոչ էլ ճիշտ են գնահատվել ընդհանրապես կուսակցությունում, եւ զարմանալի կերպով նրանք հավատարիմ են կուսակցության գաղափարախոսությանը։ Եվ ՀՀԿ-ն, իմ կարծիքով, եթե մասնակցի ընտրություններին, կմասնակցի ընտրություններին, կհավաքի այնքան ձայն, ինչքան որ կան հավատավոր հանրապետականներ։ Չեմ կարծում, որ 150 հազար անդամ ունեցող կուսակցությունը որոշակի տոկոսներ չհավաքի։



**-Այսինքն՝ միայն իրենք իրե՞նց ձայն կտան՝ այդ հավատավոր հանրապետականները։**



-Բա ո՞վ ձայն կտա, կարո՞ղ ա դաշնակները գան Հանրապետականին ձայն տան։ ՀՀԿ հավատավոր անդամները պետք է ձայն տան իրենց կուսակցությանը։



**-Դե, այս տարիներին, ՀՀԿ-ից բացի, բազմաթիվ քաղաքացիներ են ձայն տվել ՀՀԿ-ին՝ տարբեր ճնշումների արդյունքում։**



-Դուք էն կարծիքին եք, որ երբեք էլ ճնշումներ չե՞ն լինելու այս ընտրությունների ժամանակ։



**-Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը, ամեն դեպքում, երաշխավորել է, որ այլեւս նման բաներ չեն լինելու, ՀՀԿ-ի մեթոդներն էլ չեն կրկնվելու։**



-Գիտե՞ք ինչ կա, ինքը՝ իշխանությունը, դա ճնշման գործիք է։ Ես էն կարծիքին եմ, որ իշխանության վրա գտնվող կուսակցությունն օգտվում է իշխանական էդ լծակներից օբյեկտիվորեն։ Ինքն ուզի-չուզի՝ օգտվելու է։ Այդքան չինովնիկներ կան, էդքան պաշտոնյաներ կան, բա կարո՞ղ է նրանք գնան ՀՀԿ-ին ձայն տան։



**-Վերջին ընտրություններում՝ Երեւանի ավագանու, Դուք ճնշումներ, վարչական ռեսուրսի օգտագործում նկատեցի՞ք։**



-Ես չեմ նկատել, բայց ես Ձեզ բան եմ ասում․ այն կուսակցությունը, որ իշխանության վրա է, նա ունի առնվազն 7-10 տոկոս ձայն։ Դա կոչվում է իշխանական ռեսուրս, որոնք բոլոր կուսակցությունների ժամանակ լինում են, դրանք օբյեկտիվ ձայներ են, որ բերում է իշխանական ռեսուրսը, դրանում ո՛չ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, ո՛չ որեւէ մեկը։



**-Հիմա ՀՀԿ-ի փրկությունը ո՞րն է, կուսակցությունը պե՞տք է գնա ռեբրենդինգի, ինքնամաքրման, որ մնան միայն գաղափարական դեմքերը։**



-Իհարկե, դա անկասկած է։ Տեսաք, չէ՞, նրանք, ովքեր կուսակցության քվոտայով պաշտոններ են ստացել, պատգամավոր են դարձել, հավատարմության այնպիսի երդումներ էին տալիս, որ մենք ապշում էինք, թե՝ այ մարդ, էս մարդիկ կուսակցության հետ կապ չունեն, բայց այնպիսի կուսակցական բաներ են անում, որ կարծես Նժդեհի գաղափարախոսության ջատագովներն են։ Բայց հետո պարզվեց, որ դրանք պատեհապաշտ մարդիկ են։ Ես էդ մասին շատ վաղուց եմ ահազանգել կուսակցությունում։



**-Սերժ Սարգսյանի մեղքը կա՞ էս ամեն ինչում։**



-Բոլորիս մեղքը կա, միայն Սերժ Սարգսյանինը չէ, որովհետեւ չենք բարձրաձայնել։ Ես չեմ հիշում, որ որեւիցե մեկը վեր կենար ասեր՝ էս մարդն արժանի չէ էսինչ պաշտոնին։



**-Ձեր կուսակիցները հիմա իրենց լքված եւ «քցված» են զգում ու սլաքներն ուղղում են դեպի Սերժ Սարգսյան, որ նա իր գործն արեց գնաց, նրա եւ մի քանի հոգու սխալների պատճառով, ովքեր թալանել են, չարաշահել, հիմա իրենք են մի քանի հոգով պատասխան տալիս եւ հայհոյանքների արժանանում։**



-Ինձ թվում է՝ կուսակցության անդամներին կուսակցության նախագահը չի լքել, նա իր պարտականությունները կատարում է։ Բայց գիտե՞ք, եթե ես կատեգորիկ հակադրվեմ Ձեզ, սխալ կլինի։ Դուք ինձ ճանաչում եք, ես առաջնորդվում եմ իմ խղճով եւ համոզմունքներով։ Իհարկե, նման բան կա, իհարկե, պարզ է, որ մի հարյուր մարդու պատճառով 149 հազար կուսակցականները պատասխան են տալիս։



**-Ճիշտ չի՞ լինի, որ Սերժ Սարգսյանը ելույթով հանդես գա, ժողովրդին դիմի եւ ասի՝ այո, ես սխալներ եմ թույլ տվել, բայց այսօր չեմ ուզում, որ իմ կուսակցության անդամները դրա համար պատասխան տան, ես եմ այդ ամենի պատասխանատուն։ Ազնիվ չի՞ լինի դա։**



-Ես չեմ կարող էդ հարցին պատասխանել, անկեղծորեն եմ ասում, բայց ինքը, փաստորեն, դա ասաց, էլի, որ Նիկոլը ճիշտ է, ես՝ սխալ։



**-Դե, դա թերեւս Նիկոլը գիտի, թե ինքը հատկապես ինչով էր ճիշտ, եւ Սերժ Սարգսյանը գիտի, թե ինքն ինչով էր սխալ։**



-Դե թող Նիկոլն ասի, եթե Սերժ Սարգսյանը չի ասում։ Բայց ես մի խորհուրդ պետք է տամ՝ ելնելով իմ փորձառությունից։ Նիկոլ Փաշինյանը չպետք է հավատա դավաճաններին։ Նրանք եթե դավաճանել են Հանրապետական կուսակցությանը, եւ գիտե՞ք ովքեր են դավաճանել՝ ովքեր ամենաշատն են օգտվել ՀՀԿ-ից։



Նրանցից ոչ մեկը նախեւառաջ չպետք է Ազգային ժողովում լիներ։ Բա իհարկե, Սերժ Սարգսյանի սխալն էր, որ նրանք էնտեղ էին։ Նիկոլ Փաշինյանը նրանց երբեք չպետք է տեղ տա։ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ծառայությունն այն կլինի, որ նա, ի վերջո, էդ մարդկանց տեսակը ոչնչացնի։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**