Մի դրվագ «Միայնակ Գայլի» վերջին օրերից (բացառիկ տեսանյութ)

Մի դրվագ «Միայնակ Գայլի» վերջին օրերից (բացառիկ տեսանյութ)
Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ Արայիկ Խանդոյանի ընտանիքին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցությունը զայրացրել է ազատամարտիկի ընկերներին։ Մանախը՝ Արթուր Այվազյանը, որը կալանավայրում անցկացրած 14 տարիների ընթացքում աչքի է ընկել իր իրավունքների պաշտպանությամբ, դատավորների և դատախազների դեմ պայքարով, մեկնաբանում է․ «Արայիկի ընտանիքը չի կորուստ ունեցել, ամբողջ հայ ազգն է կորուստ ունեցել։ Ամբողջ հայ ազգին եմ ցավակցում։ Էդ տղան 19 տարեկանից իր կյանքը հայրենիքի համար դրած, էս «անտերուդուս» վիճակին, իր առողջությունը թողեց սահմաններին ու բերդերում, հիմա դուք ի՞նչ եք անում։ Եթե էդքան հարգում եք հերոսներին, ինչո՞ւ են մինչև հիմա նրան քաշքշողների պագոնները ուսներին։ Ես գիտեմ՝ ինչ ա նշանակում, երբ որ զինվորականին «միլիցեն» քացով խփում ա։ Գիտե՞ս, էդ վիրավորանքը մարդու ներսից ո՞նց ա ուտում։ Ազգի հերոս տղուն Հայաստանի դատարանում միլիցեքը քացիներով ծեծում են, բա էդ հոգեբանական պա՞հը։ Մենակ ֆիզիկականն են նայում՝ կոտրվածք չունի, էս չունի, էն չունի, բա հոգեբանակա՞նը։ Գիտե՞ս, մարդուն քաղցկեղի պես քայքայում է։ Էդ ծեծողներին ոչ մի մեղադրանք չկա։ Սա բարոյականության հարց է, եթե բարոյականություն լինի, քրեական գործ կհարուցեն, կպատժեն բոլորին։ Գոնե էդ ձևով էս մարդու հարգանքի տուրքը կմատուցեն, գոնե էդ մարդն էն աշխարհում հասկանա, որ իր համար մի բան արվել է», - ասում է Արթուր Այվազյանը։



Նա պատմում է, որ Արայիկ Խանդոյանը չէր կարողանում մոռանալ դատարանում տեղի ունեցած միջադեպը, որը, ըստ Այվազյանի, կարող էր խորացնել նրա սրտի հիվանդությունը։ «Ինքը շատ էր նեղված, որ իրան հարազատների մոտ քաշքշել էին։ Սիրտը տրաքում էր, ասում էր՝ արա, դե սրանց էլ են ասել, որ անեն։ Էդ ներքին մտածմունքը ներսից քայքայեց։ Դատարաններում, բաներում, դուխով էր, բայց էդ դատարանի դեպքը իրա վրա շատ էր ազդել»։



Մանախը վստահեցնում է, որ տեղյակ չի եղել, որ Խանդոյանն ու ընկերները գնալու են ՊՊԾ գունդ գրավելու, երբ հարցրել է, թե ինչու իրեն էլ չի ներգրավել ՊՊԾ գնդի գրավման «գործողությանը», Խանդոյանը ասել է․ «Ասում ա, էդքան նստել, դուրս ես եկել, ո՞նց քեզ տանեի, բա որ մի բան լիներ, ես ինչ իմանայի, ի՞նչ ա լինելու, ու դու էլի գնայիր նստեի՞ր»։



Նա «Հրապարակին» փոխանցեց լուսանկարը, որն արվել է Խանդոյանի մահից մոտ 20 օր առաջ, Մանախի նկուղային սենյակում, որտեղ նա ընկերներին է ընդունում։ Մյուս օրը Միայնակ Գայլը գնալու էր Ղարաբաղ։ «Ասեց, տենամ քեզ, նոր գնամ, երկար քննարկեցինք, Մեշչյան էինք լսում, վերլուծում, շատ-շատ խմեցինք։ Ասեց՝ կուսակցություն ենք բացում, միացի, ասի՝ ախպեր, գիտես, ես կուսակցություններ չեմ սիրում, ասեց, ախպեր չէ, պտի կպնենք, պտի կպնենք։ Պիտի մի ձևի մեր խոսքը հասանելի լինի քաղաքական դաշտում։ Իր հիմնավորումն այն էր, որ պետք է համախմբվել, ուժ դառնալ։ Ասում էր․ «Արդեն հերիք ա, արդեն մեծացել ենք, առանձին մեր խոսքը կարող ա չհասնի ժողովրդին։ Մենք մեր գործը անենք, մեր հասկացածը տանենք առաջ»։



Միայնակ Գայլը մինչև վերջին ժամանակները իր հին, հետախույզ ժամանակվա շորերով էր գնում Ղարաբաղ։ Մանախը պատմում է, որ նրա համար նոր շորեր է գտել, իսկական հատուկ ջոկատայինի համազգեստ։ «Սպեցնազի ֆորմա ճարեցի, ամենալավ բատինկեքով, բանով, ասեցի՝ դու իմ կամանդիր ընկերն ես, իմ ընկերը սենց պետք ա գնա Ղարաբաղ, հաղթանակած»։



Միայնակ Գայլը մահացել է հոկտեմբերի 10-ին, սրտի կաթվածից։ Նրա աճյունը հոկտեմբերի 13-ին տանելու են Օպերա, այնտեղից էլ տանելու են նրա գյուղը՝ Ծաղկահովիտ։



**Սյուզան Սիմոնյան**



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/43788149_242192859811050_6619078781103505408_n.jpg?_nc_cat=108&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=a34ff05c79231d96efd53f6c5cd2cf07&oe=5C4BA3F7)



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/43787717_2154596698195605_415231502532476928_n.jpg?_nc_cat=102&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=4b0fe5a21e2ee983d7265693b314ef8d&oe=5C5C6928)