Մանվել Գրիգորյանը ոչ մեկի դեմ ցուցմունք չի տվել

Մանվել Գրիգորյանը ոչ մեկի դեմ ցուցմունք չի տվել
«Մանվել Գրիգորյանը ոչ մեկի դեմ ցումցունք չի տվել, ինքը չի հրաժարվել ցուցմունք տալուց։ Ընտրությունների հետ կապված խնդիրներ չկան»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով մեր [այն հրապարակմանը](https://www.hraparak.am/posts/5bbe56fbef999406dd15544f/%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B4%D5%B8%D6%82%D5%B6%D6%84-%D5%AF%D5%B8%D6%80%D5%A6%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81-%D6%84%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B8%D5%BE), թե իրավապահները ոչ միայն ցանկանում են ցուցմունք կորզել Մանվել Գրիգորյանից՝ Քոչարյանի մասով, այլեւ չեն ցանկանում, որ գեներալն ազատության մեջ լինի ԵԿՄ-ի ընտրությունների ժամանակ։



Պաշտպանը նաեւ նշեց՝ իրենք դժգոհ չեն նախաքննական մարմնից․ «Մենք օբյեկտիվորեն գոհ ենք վարույթն իրականացնող մարմնից։ Ճիշտ է, հակառակ բեւեռներում ենք, բայց չենք տառապում ցեխ շպրտելու մոլուցքով։ Խնդրում ենք ասել, որ մենք հերքում ենք տեղեկությունները, որ ազատ արձակելու կամ կալանքի տակ պահելու գործոնը կապված է ցանկացած ընտրության կամ արտաքին որեւէ գործի հետ։ Սա բացառապես փաստական հանգամանքով պայմանավորված իրավիճակ է»։



Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:



Հիշեցնենք նաեւ, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**