Սկանդալ Լոնդոնում՝ ադրբեջանցի մեծահարուստի տիկնոջ մասնակցությամբ

Սկանդալ Լոնդոնում՝ ադրբեջանցի մեծահարուստի տիկնոջ մասնակցությամբ
Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը առաջին անգամ պահանջել է այլ պետության քաղաքացուց բացահայտել ունեցած դրամական միջոցների ծագման մասին տեղեկությունները։



Պահանջը ուղարկվել էր դեռեւս այս տարեսկզբին, սակայն պատախանող կողմի անունը հայտնի է դարձել միայն այժմ։ Վերջինս Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավարի տիկնոջ՝ Զամիրա Հաջիեւայի մասին է, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, միայն Harrods հանրախանութում ծախսել է 16 միլիոն ֆունտ ստեռլինգ եւ ձեռք բերել անշարժ գույք ՝ 20 միլիոն ֆունտ արժողությամբ։



Այս մասին հաղորդում է BBC-ն։ Այս մասին հասարակությունը իմացել է այն բանից հետո միայն, երբ լրացել է ինֆորմացիայի չհանրայնացման համար սահմանված ժամկետը։ Նշենք, որ բրիտանական իշխանությունները կարող են 50 հազար ֆունտը գերազանցող գործարքների դեպքում, եթե գործարքի կողմերից մեկի ունեցվածքի ծագման հետ կապված կան կասկածներ, ուղարկել նմանատիպ հարցումներ։ Նման դեպքերում, որպես կանոն, առաջնահերթ ուսումնասիրության առարկա են դառնում այն անձինք, որոնք կասկածվում են հանցավոր կամ կոռուպցիոն գործունեության մեջ ներքաշված լինելու մեջ, ինչպես նաեւ հանդիսանում են քաղաքական գործիչներ, կամ հանրային նշանակության ֆիգուրներ են, որոնք բնակվում են Եվրոպական տնտեսական գոտու սահմաններում։ Հրապարակման մեջ նշվում է, որ եթե Հաջիեւան չկարողանա Լոնդոնի բարձր դատարանում պատշաճ եւ արժանահավատ կերպով պարզաբանել, թե որտեղից իրեն այդքան գումար, ապա նրա ձեռք բերած գույքը՝ լինի շարժական կամ անշարժ, հնարավոր է, որ առգրավվի։