Ներգաղթյալների խնդիրներից մինչեւ երիտասարդ ամուսինների ողբերգություն՝ Մարոկկոյում ծնված ֆրանսիացի գրողի վեպում

Ներգաղթյալների խնդիրներից մինչեւ երիտասարդ ամուսինների ողբերգություն՝ Մարոկկոյում ծնված ֆրանսիացի գրողի վեպում
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում անցկացվեց ֆրանկոֆոն գրքերի ցուցահանդես-տոնավաճառ: Ցուցահանդեսին ներկայացված էր 10-ից ավելի հրատարակչությունների ֆրանկոֆոն գրականություն, որոնց թվում էին «Անտարեսը», «Ծիծեռնակը», «Զանգակը», «Բուկինիստը», «Նաիրին», «Էդիթ Պրինտը», «Ակտուալ արվեստը» եւ այլ հրատարակչություններ։



Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցող «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրել էր ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի՝ 2017-18 թթ. ընթացքում Շուշանիկ Թամրազյանի կողմից թարգմանված «Մարդկանց երկիր», «Ռազմական օդաչուն», «Գիշերային թռիչք», «Նամակ պատանդին», «Փոքրիկ Իշխանը» գրքերը: Ինչպես նաեւ «Սասնա ծռեր» ֆրանսերեն եւ հայերեն գիրքը (թարգմանությունը՝ Աիդա Չարխչյանի) եւ ճանաչված մանկագիր Յուրի Սահակյանի «Նապո չորրորդ» ֆրանսերեն թարգմանված ստեղծագործությունը:



«Ակտուալ արվեստ» հրատարակչությունը ներկայացրել էր Մարոկկոյում ծնված ֆրանսաբնակ Լեյլա Սլիմանի «Մեղմիկ օրոր» վեպը, որի շնորհանդեսը հեղինակի մասնակցությամբ տեղի ունեցավ՝ միջոցառման 3-րդ մասում։ «Ակտուալ արվեստ» հրատարակչության տնօրեն **Մկրտիչ Մաթեւոսյանը** մեզ հետ զրույցում ասաց, որ մոտավորապես 20 տարի հրատարակում են ժամանակակից ֆրանսիական գրականություն․ «Այս մատենաշարը հենց այսպես էլ կոչվում է՝ ժամանակակից ֆրանսալեզու գրականություն։ Արդեն 15-17 գիրք տպագրել ենք՝ ժամանակակից հեղինակների երկլեզու հրատարակություններ։ Դրանից բացի այլ բաներ էլ ենք անում՝ ֆրանսերենի հետ առնչվող, օրինակ՝ ֆրանսահայ հեղինակ Դընի Դոնիկյանի բազմաթիվ հրատարակություններ մենք ենք արել»։



Թե ինչ առաջնահերթություններով են ընտրում թարգմանվող գրքերը, Մաթեւոսյանն ասաց, որ «Ժամանակակից ֆրանսալեզու գրականություն» մատենաշարն ունի 2 կոմիտե՝ ֆրանսիական եւ հայկական, ֆրանսիական կոմիտեն առաջարկում է ֆրանսիացի հեղինակներին, իսկ հայկական կոմիտեն նրանց առաջարկների հիման վրա որոշում է, թե այդ ցուցակից որոնց առաջնահերթություն տա։ Հայ ընթերցողների կողմից ֆրանսիական գրականության նկատմամբ պահանջարկն ու սպառումն ինչպե՞ս է գնահատում։ «Վատ չէ, նախ ֆրանկոֆոն ուսանողների մի մեծ բանակ կա, իսկ մի ժամանակ, երբ մենք դեսպանատան աջակցությունն ունեինք այս մատենաշարի համար, դրել էինք սիմվոլիկ գին՝ 100 դրամ, եւ ուսանողները պարզապես գալիս սրբում-տանում էին այդ գրքերը։ Հիմա այդ շռայլությունը մեզ չենք կարող թույլ տալ, բայց էլի լավ սպառվում է»,- ասաց նա ու նկատեց, որ ամեն դեպքում որոշ աշխուժություն կա գրական դաշտում։



Ֆրանկոֆոնիայի օրերը որքանո՞վ կնպաստեն ֆրանսիական գրականության, մշակույթի մասսայականացմանը մեր երկրում։ Մկրտիչ Մաթեւոսյանը կարծում է, որ կխթանեն․ «Եթե առանց սա անելու արդեն փոքր, բայց կուռ բանակ կար, հիմա կարծում եմ՝ պետք է ընդլայնվի»։



Ցուցահանդեսի այցելուների մեջ էր նաեւ կոմպոզիտոր **Տիգրան Մանսուրյանը**, ում մոտ Պասկալ Քինյարի «Աշխարհի բոլոր առավոտները» գիրքը կոնկրետ հիշողություններ արթնացրեց։ «Այս գիրքը թարգմանելու ժամանակ ինձ առաջարկեցին, որ հեղինակին մի քանի հարց տա ոչ թե թարգմանչուհին, այլ մեկ ուրիշը, այսինքն՝ ես։ Համաձայնեցի այն պայմանով, որ իմ անունը չգրվի, համեստություն չէր, ուղղակի ամեն տեղ քիթը խոթելը լավ բան չէ»,- ծիծաղելով հավելեց Մանսուրյանը։



Մաեստրոն ասում է՝ Պասկալ Քինյարը հեղինակ է, որին մի քանի տարի է արդեն՝ կապված է․ «Ես սիրում եմ մեկին կապվել եւ հնարավորինս սպառել։ Պասկալ Քինյարին դեռ չեմ սպառել նա ինձ համար ֆրանսիացի մեծ գրող է։ Իր արձակի մեջ համատեղված է 3 բան՝ փիլիսոփայություն, արձակ եւ պոեզիա։ Երբ նայում ես այս տեքստին, դրանք ոնց որ արձակ բանաստեղծություններ լինեն։ Սա նաեւ երաժշտության ընտիր դասագիրք է, թե ինչպես վերլուծել երաժշտությունը, բայց ոչ թե մակերեսի վերլուծություն՝ ձեւակազմության հարցեր, այլ երաժշտությունից մինչեւ ապրվող կյանք եւ ռիթմ, որն ամենապարզ առօրյայից է սկսվում եւ հասնում է մինչեւ տիեզերքի շարժում»։



Մանսուրյանն այս գիրքը խորհուրդ է տալիս ոչ միայն երաժշտասերներին, այլ նաեւ մշակույթ սիրող մարդկանց։ «Ինքը շատ մեծ էրուդիտ է, բոլոր շերտերն ընտիր գիտի՝ հատկապես այսօրվա արվեստներից մինչեւ անտիկ շրջան։ Երբ հետաքրքրություն ունես նման թանձր նյութերի, իրեն հետ ապրելը լավ է»,- ասում է կոմպոզիտորն ու նկատում, որ երբեմն ընթերցանությունը դառնում է իրականությունից փախուստի լավագույն միջոցը։



«Գիրք եւ գինի» ցուցահանդեսը ներառված էր միջոցառման 2-րդ մասում, որտեղ ներկայացված էին Ե․ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի, ինչպես նաեւ Ազգային գրադարանի արխիվային նմուշներ՝ գրքեր, ձեռագրեր, նամակներ, որոնք առնչվում էին ֆրանկոֆոն մշակույթին։ Թատրոնի ճեմասրահում ներկայացված էին նաեւ Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեի ժամանակ ֆրանսիացի արվեստագետների աշխատանքները։ Ցուցափեղկերից մեկում ներկայացված էր գրող, քննադատ, բանասեր, հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի նամակագրությունը Ստեֆան Մալարմեի, Անատոլ Ֆրանսի, Ալֆոնս Դոդեի, Պոլ Էլուարի հետ։ «Քանի որ Իսահակյանը երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, իր թանգարանում պահպանվում են Ֆրանսիայից բերված գրքեր, բացիկներ, լուսանկարներ, անձնական իրեր, տիկին Սոֆիի պայուսակը, գլխարկը, օծանելիքի սրվակը։ Իսահակյանը 800-ից ավելի գրքեր է իր հետ բերել Ֆրանսիայից, շատ հետաքրքիր գրքեր են՝ ոսկեզօծ կազմերով, որոնցից մի քանիսն այստեղ ցուցադրում ենք»,- իր խոսքում ընդգծեց Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն **Անժելա Խորենյանը**։



Տոնավաճառ-ցուցահանդեսի 3-րդ մասում կայացավ Լեյլա Սլիմանի «Մեղմիկ օրոր» վեպի շնորհանդեսը, որին ներկա էր նաեւ հեղինակը։ Վեպի թարգմանությունը ֆրանսերենից իրականացրել է Անահիտ Ավետիսյանը, գիրքը խմբագրել է մշակույթի փոխնախարար **Նազենի Ղարիբյանը**, ով իր խոսքում նշեց, որ ինչպես ֆրանկոֆոնիան է միջոց, հնարավորություն՝ աշխարհի ամենատարբեր ժողովուրդների ու մշակույթների միջեւ հաղորդակցության կամուրջ կապելու համար, այնպես էլ Սլիմանի վեպն է այդպիսի մի կամուրջ, շրջանակ․ «Վեպի հերոսներին բաժին ընկած սահմռկեցուցիչ դժբախտությունը ե՛ւ շատ հեռու է, ե՛ւ շատ մոտ։ Այն, ինչ կատարվել է մանկության այդ գաղտնի ու տաքուկ աշխարհում, փակ դռների հետեւում, ամփոփում է բազմաթիվ հասարակություններին այսօր հուզող խնդիրներ եւ առաջ է քաշում բոլորիս հուզող սուր հարցադրումներ՝ ներգաղթյալների սոցիալական կարգավիճակից մինչեւ աշխատող մայր ունեցող եւ դայակների խնամքին հանձնված երեխաների կեցություն, դասակարգային համակամարտությունից մինչեւ երիտասարդ ամուսինների ողբերգություն»։



Հեղինակը՝ **Լեյլա Սլիմանը**, կարճ էր իր խոսքում։ Մինչեւ գրքերը մակագրելը, նա նախ ողջունեց ներկաներին, ապա նկատեց, որ իր գրքում ծնողների եւ երեխաների փոխհարաբերությունների մասին պատմությունները վերաբերում են բոլորին, ու դրանք նույնն են ամեն տեղ՝ ինչպես Ֆրանսիայում, Մարոկկոյում, Աֆրիկայում, այնպես էլ Հայաստանում։



Լեյլա Սլիմանի «Մեղմիկ օրոր» վեպը 2016-ին շահել է ֆրանսիական հռչակավոր «Գոնկուր» մրցանակը եւ հայալեզու ընթերցողներին ներկայացվում է առաջին անգամ։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**