Քաղաքականության Սֆինքսը

Քաղաքականության Սֆինքսը
Գագիկ Ծառուկյանի բախտը չի բերում: Առնվազն՝ քաղաքականության մեջ: Առնվազն՝ վերջին երեք տարիներին: Քաղաքականությունը տնտեսություն չէ. այստեղ պարզ թվաբանությունը չի օգնի: Չի օգնի անգամ բարձրագույն մաթեմատիկան: Քաղաքական հաշվարկները չեն ենթարկվում օգուտ-վնասի, եկամուտ-կորստի չափումներին: Քաղաքական հաշվարկներում շահաբաժիններ ակնկալելիս՝ հնարավոր է կորցնել անգամ առկա կապիտալը: Իհարկե, դժվար է պնդել, թե քաղաքական գործունեության մեջ ԲՀԿ ղեկավարին հաջողվե՞լ էր, արդյոք, հուսալի կապիտալ ստեղծել, մանավանդ որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին քաղաքական շրջանառության՝ «Բարգավաճ Հայաստանի» հսկիչ փաթեթը միշտ եղել է Սարգսյանի ձեռքում, ով Ծառուկյանի քաղաքական կապիտալի իրական բաժնետերն էր: ԲՀԿ-ի քաղաքական ակտիվները միշտ վարում էր անձամբ ՀՀԿ ղեկավար Սարգսյանը՝ միայն հարաբերական ինքնուրույնություն վերապահելով Ծառուկյանին: Այլ էր Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների Ծառուկյանը. նա այդ ընթացքում Քոչարյանի քաղաքական եւ տնտեսական հենարանն էր, ուստիեւ Ծառուկյանի քաղաքական եւ տնտեսական շահաբաժինների աճին մեծապես նպաստում էր հենց Քոչարյանը:



Ծառուկյանի բախտը չի բերել նաեւ այն պատճառով, որ Հայաստանում խոշոր բիզնեսը միշտ վերահսկվել է գործող իշխանությունների կողմից: Քոչարյանի եւ Սարգսյանի կառավարման տարիներին տնտեսական հոսքերը մեծապես վերահսկվում էին նաեւ իշխանափոխության հնարավոր ուղիներն արգելափակելու համար, որ բիզնեսն աջակցություն չցուցաբերեր ժամանակի տարանուն ընդդիմությանը:



Միաժամանակ, Ծառուկյանի կողքին ձեւավորված թիմի ազդեցիկ ներկայացուցիչների միջոցով «Մուլտի գրուպի» սեփականատիրոջը ճանապարհ ցույց տրվեց՝ ֆինանսական կարողությունները ներդնել քաղաքական հավակնություններն իրականացնելու մեջ: Հայաստանյան խոշոր գործարարները համոզված են, որ տնտեսական գործունեության երաշխավորը կարող է դառնալ քաղաքականությունը, ավելի որոշակի՝ իշխանության մաս դառնալը: Նաեւ այդ պատճառով են Հայաստանում գործարարությունն ու քաղաքականությունը սերտաճել այնքան, որ վտանգել են ոչ միայն օրինականությունը, այլեւ դարձել են արգելակ քաղաքական փոփոխությունների ճանապարհին՝ դառնալով հետադիմական քաղաքական համակարգի հենասյուներից մեկը:



Գագիկ Ծառուկյանի մերձքաղաքական գործունեությունը երկար ճանապարհ է անցել, որի ընթացքում նրան հաջողվեց, ներդնելով ահռելի ֆինանսական միջոցներ, ձեւավորել կուսակցություն՝ ներգրավել զանգվածներին, բացել գրասենյակներ, տարածքային կառույցներ, ձեռք բերել հեռուստաընկերություն՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է քաղաքական գործունեության համար: Քաղաքականության մեջ Ծառուկյանն ունեցել է գրեթե ամեն ինչ, սակայն զրկված է եղել ազատությունից: Նրան թույլատրվել է ԱԺ ընտրություններին մասնակցել՝ կիրառելով ՀՀԿ-ի հետ նույն արատավոր մեթոդը՝ ընտրակաշառքը, ձեռք բերել ազդեցիկ թվով մանդատներ, սակայն արգելվել է մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին: Ծառուկյանի համար միշտ գծվել է այն շրջանակը, որից դուրս գալու հնարավորությունից նա զրկված էր: Մեծ հաշվով, դա ոսկե վանդակ էր, որի դուռը բացվում էր միայն կառավարելի եւ ցածր թռիչքների համար:



Ծառուկյանն ընդունել էր արատավոր խաղի կանոնները նաեւ այն պատճառով, որ նրա տնտեսական գործունեության մեջ ենթադրաբար կարող է լինել ստվերային մաս:



Այդպես էր Ծառուկյանը դարձել Քոչարյանի եւ Սարգսյանի քաղաքական խաղասեղանի չորս ոտքերից մեկը՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի հետ միասին: Նաեւ այդ պատճառով է, որ ընդդիմության ղեկավարներն անվերջ փորձել են Ծառուկյանին դուրս բերել Քոչարյանի եւ Սարգսյանի վերահսկողությունից՝ թուլացնելու, ապա եւ՝ փլուզելու իշխանությունը՝ ներգրավելով Ծառուկյանի ֆինանսական եւ մարդկային միջոցները իշխանափոխության գործում: Հենց այդ պատճառով էր 2008թ. ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեւավորել «բուրժուադեմոկրատական հեղափոխության» միֆը, թեպետ ակնհայտ էր՝ այդ արտահայտությունից Ծառուկյանին հասկանալի էր միայն «բուրժուադեմոկրատական» բարդ բառի առաջին արմատը՝ «բուրժուան»:



2008թ. Տեր-Պետրոսյանի քաղաքական հաշվարկները Ծառուկյանի մասով ոչ միայն չարդարացան, այլեւ ԲՀԿ ղեկավարը Մարտի 1-ին կանգնեց իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի կողքին:



Միաժամանակ, մեծ ճնշումը կարող է առաջ բերել հակաճնշում՝ վերածվելով կառավարողների համար լուրջ վտանգի:



Սահմանադրական փոփոխությունների նախագծում վտանգ տեսնելով ՀՀ նախագահ առաջադրվելու իր հավակնությունների իրականացման ճանապարհին՝ 2014թ. Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն հանդես եկան այդ նախագծի դեմ: Մանավանդ որ Սարգսյանը հանրաքվեին «ոչ» ասողների համար ստեղծել էր թույլատրելի ազատության դաշտ, ուր Ծառուկյանը մտավ ծանրաքայլ, բայց վստահ՝ «Մեր խոսքը գործ է» կարգախոսը բարձր պահած: Սակայն իրադարձությունների զարգացման, Ծառուկյանի քաղաքական այլընտրանքի ազդեցության կորագիծն ինչպես 2014թ. մի քանի ամիսների ընթացքում աճեց, այնպես էլ նվազեց՝ քաղաքական անկում արձանագրելով 2015թ. փետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի աղմկահարույց ելույթից հետո, երբ վերջինս հայտարարեց. «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք», «ով, տարիներ ի վեր իշխանության մեջ լինելով, հանկարծ սկսել է իրեն այլընտրանք հորջորջել, ով իրականում դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում, նա ոչ միայն ոչինչ չի հասկանում պետությունից, հասարակությունից, քաղաքականությունից, այլեւ լրջորեն շփոթում է կյանքը կրկեսի հետ», «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»,- եզրահանգեց Սարգսյանը:



Սարգսյանը Ծառուկյանի համար թողել էր միայն մեկ ճանապարհ՝ վայր դնել զենքերը եւ հանձնվել: Միաժամանակ, Ծառուկյանի հետ փոփոխությունների հույսեր կապող հասարակության եւ ընդդիմության մեծ մասը նրա համար բացեց մեկ այլ ճանապարհ՝ միավորվել եւ իշխանությունից հեռացնել Սարգսյանին:



Ծառուկյանը կանգնեց Սարգսյանի պարտադրած ուղու վրա, վայր դրեց զենքերը, իջեցրեց «Մեր խոսքը գործ է» կարգախոսը, բարձրացրեց «Ժողովրդին արյունահեղության չեմ տանի» նոր կարգախոսը, հեռացավ քաղաքականությունից եւ 2017թ. ԱԺ ընտրություններում Սարգսյանից վերստին ստացավ քաղաքականությամբ զբաղվելու մուրհակը՝ դառնալով խորհրդարանական երկրորդ ուժը:



2018թ. հայկական թավշյա հեղափոխությունը հնարավորություն տվեց Ծառուկյանին Սարգսյանից լուծելու իր ծանակումների վրեժը: Նաեւ այդ պատճառով է, որ նա աջակցեց Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելիս:



Այս հոկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում Ծառուկյանը հասցրեց վերակողմնորոշվել երկու անգամ՝ միանալով ԱԺ կանոնակարգի փոփոխությունների՝ ՀՀԿ-ի նախաձեռնած օրինագծին, ապա եւ՝ Փաշինյանի պարտադրած քաղաքական հուշագրին: Եվ արդեն «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին տված վերջին հարցազրույցում Ծառուկյանն ապացուցեց, որ վաղուց է եկել քաղաքականությունից դուրս գալու իր ժամանակը, ինչպես նաեւ ԲՀԿ-ի՝ առաջիկա ընտրություններում դադար վերցնելու ժամանակը:



Քաղաքականությունը տնտեսություն չէ, այստեղ չի գործում թվաբանական հաշվիչը: Այստեղ բանաձեւերը բարդ են, իսկ զարգացումները հաճախ դուրս են հաշվարկների եւ կանխատեսումների տրամաբանությունից: Քաղաքականությունն օրինաչափությունների եւ բացառությունների, հնարավորի եւ անհնարինի միաձուլվածք է, որը կարող է դառնալ նետված քար սեփական շահաբաժինների սպասումների ուղղությամբ:



Քաղաքականությունը հեքիաթի այն սֆինքսն է, որը լափում է նրան, ով չի կարողանում լուծել իր հանելուկները:



**Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ**