Մայրապետյանի գործը քաղաքական ենթատեքստ չունի՝ պնդում է փաստաբանը

Մայրապետյանի գործը քաղաքական ենթատեքստ չունի՝ պնդում է փաստաբանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 9-ին բավարարեց քննիչի միջնորդությունը եւ կալանավորեց գործարար, «Հ 2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին։ Նա մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ (Քրեական օրենսգրքի 38/31-րդ հոդվածի հատկանիշներով)։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով նախաքննության շրջանակներում որոշել է ստուգել Կենտրոնական բանկի միջոցով տեղի ունեցած խոշոր կանխիկացումները եւ հայտնաբերել է, որ գործարար Սիլվա Համբարձումյանն աստղաբաշխական գումարի փոխանցում է կատարել Սամվել Մայրապետյանի հաշվեհամարին։ Գնալով գումարի հետքերով՝ կասկածներ են առաջացել ՀՔԾ քննիչների մոտ, որ Մայրապետյանը միջնորդ է հանդիսացել կաշառք տալու եւ վերցնելու հարցում։ Ում, ինչի համար եւ որքան է կաշառքի չափը, պարզել չհաջողվեց։ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքները դրվել են Մայրապետյանի մեղադրանքի հիմքում, սակայն ո՛չ Համբարձումյանը, ո՛չ ՀՔԾ-ն, ո՛չ էլ Մայրապետյանի շահերը պաշտպանող փաստաբանները չեն հայտնում, թե ինչի համար է Սիլվա Համբարձումյանը գումար փոխանցել Մայրապետյանին, եւ ինչ կապ ունի անկանխիկ այդ վճարումը կաշառք ստանալուն օժանդակելու հետ։



Մայրապետյանի փաստաբան **Ալեքսանդր Սիրունյանը** երեկ պատասխանեց մեր որոշ հարցերին, մյուսները մնացին անպատասխան՝ նախաքննության գաղտնիք չբացահայտելու պատճառաբանությամբ։ Փաստաբանը հայտնեց, որ Մարտի 1-ի հետ Մայրապետյանի մեղադրանքը կապ չունի։ «Ո՛չ Մարտի մեկի, ո՛չ դրա կազմակերպիչների, ո՛չ Մարտի մեկի զոհերի հետ որեւէ առնչություն չունի,- ասաց փաստաբանը։- Մեղադրանքը վերաբերում է կաշառք տալուն եւ կաշառք ստանալուն օժանդակելուն, միջնորդությանը, եթե կարելի է ասել։ Այն քաղաքական ենթատեքստ չունի եւ կապված է տնտեսական գործարք կնքելու հետ։ Կոպիտ ասած՝ մաքուր տնտեսական գործ է»։



Սիլվա Համբարձումյանը, ըստ Սիրունյանի, այդ տնտեսական գործարքը կնքող կողմերից մեկն է եղել ժամանակին։ Հարցին, թե ինչ նպատակով է Սիլվա Համբարձումյանն ահռելի փող փոխանցել Մայրապետյանին, նա պատասխանեց․ «Ես չգիտեմ, թե ինչի համար է գումարը տվել։ Մենք նույն հարցն ենք իրեն տալիս՝ եթե փոխանցել եք, խնդրում ենք՝ թղթերը տվեք։ Մեր հաշվապահությունում ոչ մի թուղթ չի պահպանվել։ Բայց նա տալիս է մի ընկերության անուն, որը զբաղվում է անշարժ գույքով։ Դա այնպիսի ֆանտաստիկ թիվ է, որը չէր լինի մոռանալ, չենք էլ կարողանում հիշել, որ գոնե հիմա հաշվապահությունով հանենք»։ Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը «Հրապարակին» հայտնել է, որ Մայրապետյանից անշարժ գույք երբեւէ չի գնել։ Գործարքը, որը կատարվել է, վերաբերում է 2008 թվականին, մարտի 1-ին մոտ օրերին։ Փաստորեն, վարույթով անցնում է նաեւ անշարժ գույքի գործակալություններից մեկը։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**