«Հրապարակ». Թույլ չենք տա, որ անբարոյականը սարքեն բարոյական

«Հրապարակ».  Թույլ չենք տա, որ անբարոյականը սարքեն բարոյական
Հայաստանի ազգային-պահպանողական կազմակերպությունները պատրաստվում են հուժկու հակազդեցություն ցույց տալ նոյեմբերի 15-18-ը Երեւանում անցկացվելիք ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումին, ընդհուպ մինչեւ բռնություն կիրառել ու փոքրամասնության ներկայացուցիչներին վռնդել Հայաստանից։ Այս նախաձեռնության առաջամարտիկներից է լինելու ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի «Վերադարձ» հիմնադրամը, որի մասին մեզ տեղեկացրեց ինքը՝ Ախոյանը։ Նշենք, որ ֆորումի մասին տեղեկատվությունը տարածել է ռուսական ԼԳԲՏ-ցանցի պաշտոնական lgbtnet.org կայքը։



Երեւանում միջոցառման կազմակերպիչը «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունն է, որը մի շարք այլ կազմակերպությունների ու անհատների հետ դիմել է նոր իշխանություններին, որպեսզի ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանվեն: Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում «Նոր սերունդ» ՀԿ-ի ղեկավարությանը հորդորեց հրաժարվել այդ մտքից։ «Նոր սերունդը, որ մեջտեղ եկավ, ձեր վիճակը շատ տխուր է լինելու։ Ուզում են նոր սերունդը տեսնեն, մենք կբերենք՝ իրենք կտեսնեն»,- սպառնաց նա։



Ախոյանն ասաց, որ իրենք «հակահարվածի» համար կհամախմբեն ազգային գաղափարախոսության ջատագով այլ ՀԿ-ների․ «Մենք՝ որպես ավանդապաշտ ազգ, դա պարտավոր ենք անել, եթե պետք լինի, կբռնենք կշպրտենք մեր երկրից։ Ցանկացած ճանապարհով պատրաստ ենք դիմակայել, որպեսզի նրանք իրենց կեղտոտ կոշիկներով չմտնեն մեր ընտանիքներ։ Իրենք աստծո գործերին են խառնվում, ես իրենց համարում եմ հոգեկան շեղվածներ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ իրենք անբարոյականը սարքեն բարոյական, մենք չենք թողնելու, որ դեմ գնան Աստծո ստեղծածին»։