Հրազդանում պատռում են Լեւոնի նախընտրական պաստառները եւ տեղը փակցնում Սեւակի նկարները

Հրազդանում պատռում են Լեւոնի նախընտրական պաստառները եւ տեղը փակցնում Սեւակի նկարները
Հրազդան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն է: Այսօր էլ կրկին 2 երիտասարդ թեկնածուները հանդիպումներ ունեցան բնակիչների հետ եւ ներկայացրեցին իրենց ծրագրերը:



Հրազդան քաղաքում հանդիպեցինք պատռված նկարների: Պատռել եւ գետնին էին գցել քաղաքապետի թեկնածու Լեւոն Ստեփանյանի նախընտրական նկարը եւ տեղը փակցրել Սեւակ Միքայելյանի լուսանկարը: Այս առնչությամբ Լեւոն Ստեփանյանը ասաց. «Ես կարծում են դա չի տեղավորվում սիրո եւ համերաշխության հեղափոխության մեջ, սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ: Ես ինքս շատ տեղեր էի նախատեսել, որ իմ նկարը փակցնեմ, բայց տեսել եմ, որ մյուս թեկնածուի նկարն է փակցված, ես իմ թիմակիցներին հորդորել եմ, ոչ մի պաստառ չպոկել, ոչ մի պաստառ չտեղափոխել, եթե տեղը զբաղված է, այլ տեղ փակցնել: Դա գեղեցիկ չի, այն էլ հենց քարոզարշավի երկրորդ օրը»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն:



Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբի հանրային կապերի բաժնի պատասխանատու՝ Կարինե Հարությանյանն էլ հանդես եկավ հայտարարությամբ. «Մենք կապվել ենք Աղբյուրակի նախընտրական շտաբի մեր պատասխանատուի հետ, ինչպես նաեւ զանգահարել քաղաքապետի թեկնածու Լեւոն Ստեփանյանին: Ե՛վ մեր շտաբի պատասխանատուն, եւ՛ Լեւոն Ստեփանյանը տեղյակ չէին, թե ով է նման արարքի հեղինակը: Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբը խստորեն դատապարտում է սույն փաստը: Մենք ի սկզբանե հայտարարել ենք ազնիվ, արդար պայքարի մասին եւ բոլոր թեկնածուներին կոչ արել աշխատել թափանցիկ՝ ինչին եւ մենք հետեւում ենք: Փաստը համարում ենք սադրանք, այն գնահատում ենք որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի վարկանիշին հարված հասցնելու փորձ»:



Նշենք, որ այսօր Կոտայքի մարզի 5 համայնքներում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին ընդառաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է առաջադրված թեկնածուների եւ հետ, որին ներկա էր նաև ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը:



Կոտայքի մարզպետը մատնանշել է հիմնական այն սկզբունքները, որոնցով պետք է գործեն առաջադրված թեկնածուները, տարածքային կառավարման և իրավապահ մարմինները: «Ընտրությունները պետք է անցկացվեն օրինականության սահմաններում՝ բարոյականության ու համակեցության բոլոր նորմերի պահպանմամբ: Հանրությունը պետք է տեսնի, որ մենք ունենք նոր իրողություն, որ ինքն ազատ է կատարել իր ընտրությունը՝ հիմքում ունենալով քաղաքական ու ծրագրային դրույթներ և ոչ մի լրացուցիչ մոտիվացիայի աղբյուր: Բոլորս պիտի գիտակցենք, որ ցանկացած պաշտոն մեզ պետք է բացառապես հանրային շահը սպասարկելու և մեր երկրում զարգացման նոր առաջնահերթություններ ապահովելու համար»,- իր խոսքում նշել է Ռոմանոս Պետրոսյանը: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանն էլ փաստել է, որ աշխատանքային մոտ 30 տարիների ընթացքում ոստիկանությանը երբեք այնքան հզոր ու ուժեղ չի տեսել, որքան այսօր է:



«Ուժեղ ենք, քանի որ գործում ենք միայն ու միայն օրենքի սահմաններում: Չկան պահանջներ, չկան հանձնարարականներ և սուբյեկտիվ որոշումներ: Հորդորս է բոլոր թեկնածուներին և նրանց աջակիցներին՝ լինել զգոն, քանի որ այսօրվանից ևեթ ոստիկանությունն իր դիրքերում է և ամենաչնչին խախտումն իսկ օրենքի սահմաններում ընթացք է ստանալու»,- ասել է Ա. Հովհաննիսյանը՝ պատրաստակամություն հայտնելով լինել ցանկացած թեկնածուի կողքին, ով որևէ հարցում կբախվի անօրինականության դրսևորման:



Նելլի Կարապետյան