Փաշինյանը չպետք է հրշեջի դեր տանի. հեղափոխությունից հետո առաջին անգամ` հայրենիքում…/տեսանյութ/

Փաշինյանը չպետք է հրշեջի դեր տանի. հեղափոխությունից հետո առաջին անգամ` հայրենիքում…/տեսանյութ/
Հեղափոխությունից հետո Իսպանիայի Վալենսիայի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանն առաջին անգամ է Հայաստանում: Նրան այս անգամ հայրենիք է բերել «Մի կտուրի տակ» նախաձեռնությունը: Նախաձեռնության անդամները , տարբեր ճանապարհներով գումար հավաքագրելով, լծվելու են բնակարանաշինությանը եւ բնակարաններով ապահովելու 88-ի աղետից տուժած անօթևաններին: Հայ համայնքի նախագահը այս օրերին Հանրապետության մի շարք քաղաքներում իր իսկ հեղինակած գրքի շնորհանդես-վաճառքն է կազմակերպում:



Նրա «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծական ժողովածուն վաճառվում է ընդամենը 1000դրամ, որից ստացված հասույթը տրամադրվելու է «Մի կտուրի տակ » նախաձեռնությանը: Արարատ Ղուկասյանը հասցրել է գրքի շնորհանդես-վաճառք իրականացնել Երևանում, որից հետո այցելել է հայրաքաղաք՝ Գյումրի, իսկ հաջորդող կանգառները Վանաձորն ու ծննդավայր Հրազդանն են :Հեղափոխությունից հետո հայրենիքում դեռևս զգալի փոփոխություններ չկան.մեզ հետ զրույցում կարծիք է հայտնում Արարատ Ղուկասյանը: «Ամեն ինչ նույնն է, բայց զգում եմ, որ մարդկանց շունչը, հայացքն է փոխվել….Պետք է հետևողական լինենք, եթե առաջ ուզում էինք ու չէինք կարողանում,ասելու տեղ չկար, հիմա կա: Ճիշտ է, միանգամից սպառիչ պատասխաններ չենք ստանա,բայց…»,-ասաց նա:



Վերջին օրերի քաղաքական դեպքերի հետ կապված նշեց, որ փոքր-ինչ հիասթափություն կար, եւ որպեսզի ժողովուրդը հուսախաբ չլինի, պետք է յուրաքանչյուրն իր մեջ հեղափոխություն անի՝ փոխելով իրեն: Նա նաև նշեց, որ հասկանում է՝ Փաշինյանը մենակ է, բայց չպետք է հրշեջի դեր տանի, չպետք է ով սխալ գործի, գնա ու հանդարտեցնի : Մեր զրուցակցի կարծիքով վարչապետի կողքին ուժեղ մարդիկ պետք է լինեն, որոնց պակասն իրապես կա:



Անդրադառնալով «Մի կտուրի տակ» նախաձեռնությանը՝ Արարատ Ղուկասյանն ասաց, որ նախագծին միանալու հրավեր ստացավ Մհեր Դերձյան անունով մի մարդուց, որին հաջողվել էր միավորել Հայաստանի եւ սփյուռքի շատ հայերի՝ 30 տարի եւ ավել տնակներում ապրող մեր հայրենակիցներին բնակարաններով ապահովելու գաղափարի շուրջ: «Չինացիները կարողանում են 4ամսում 400հոգանոց գյուղ կառուցել, մենք մեր հայրենիքում չկառուցե՞նք։ Հեղափոխության շունչը աղետի գոտուց պետք է զգացվի, հենց այնտեղ պետք է արվի հեղափոխություն»,-ընդգծեց նա:



Մանրամասները՝ տեսանյութերում։



**Արևիկ Հակոբյան**