«Հրապարակ». Դատական համակարգը կոլապսի մեջ է հայտնվել
Փետրվարի 1-ից գործում է «Էլեկտրոնային քաղաքացիական դատավարություն» առցանց հարթակը՝ cabinet.armlex.am-ը, որի միջոցով պետք է դատարան ներկայացվեն դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն եւ այլն, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով)։
Արդարադատության նախարարությունն անգամ Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի քաղաքացիական դատավարության թվայնացման ծրագրային ապահովման ձեռնարկ է հրապարակել, որում ներկայացված են նաեւ Էլեկտրոնային գրասենյակի հնարավորությունները: Սակայն խնդիրն այն է, որ այս հարթակը կիրառման առաջին իսկ օրվանից գործում է խափանումներով, իսկ արդեն երկու շաբաթից ավելի է` ընդհանրապես չի գործում, եւ դատական համակարգում դատավորների ու փաստաբանների համար մի շարք խնդիրներ են առաջացել:
Փաստաբան Իրմա Ճաղարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ փաստաբանական համայնքի ներկայացուցիչները չեն կարողանում կապ հաստատել Դատական դեպարտամենտի հետ, արդյունքում խափանված համակարգի պատճառով խնդիրներ են առաջացել` իրենց միջնորդությունները, դիմումները չեն կարողանում մուտքագրել։ «Տեւական ժամանակ մեր զանգերին չեն պատասխանում, դատավորները նույնպես չգիտեն, թե ինչու համակարգն արդեն երկու շաբաթ, գուցե ավելի, չի գործում: Որեւէ մեկը տեղյակ չէ, թե համակարգը երբ է վերականգնվելու: Այն, որ խափանում է տեղի ունեցել, դա փաստ է: Առաջացել են մի շարք խնդիրներ` մակագրման հետ կապված, խնդիրներ` վճիռների հրապարակման հետ կապված, որովհետեւ համակարգի չգործելու պատճառով դատարանները չեն կարողանում ծանուցումներ, փաստաթղթերի ելքագրումներ կազմակերպել:
Արդյունքում դատական համակարգը կոլապսի մեջ է հայտնվել` ո՛չ ծանուցումներ են կարողանում ուղարկել, ո՛չ էլ կողմերը դրանք կարողանում են ստանալ առձեռն: Երկար ժամանակ է, ինչ գործերի մակագրումներ տեղի չեն ունենում, իսկ եթե անգամ լինում է մակագրում, հայցի ապահովում կիրառելու հետ կապված՝ նույնպես խնդիրներ են առաջացել: Հայցի ապահովումն էլ հրատապություն ենթադրող պրոցես է, որը փաստացի այս ընթացքում խաթարված է: Այսօր կրկին հետաքրքրվել ենք, ինչ ընթացքում են գործերը, ստացել ենք նույն պատասխանը` համակարգը չի գործում, չենք կարող որեւէ տեղեկություն տրամադրել»,- ասաց Ճաղարյանը:
Բայց 21-րդ դարում, երբ նորագույն տեխնոլոգիաները զարգացում են ապրում, հասել են պիկին, դժվար է պատկերացնել, որ ցանկության դեպքում հնարավոր չէ վերականգնել համակարգը եւ այնպես աշխատեցնել, որ խնդիրներ չառաջանան, գուցե այստեղ կա դիտավորությո՞ւն՝ հարցրինք փաստաբանին։ «Դժվարանում եմ ասել, երբ էլեկտրոնային համակարգի բանալիները տեւական ժամանակ առաջ գտնվում էին Ազգային անվտանգության ծառայությունում, մակագրումներն արվում էին ձեռագիր կերպով: Այն ժամանակ համակարգը խաթարված չէր, պարզապես այլ մեխանիզմ էր կիրառվում: Այս իրավիճակում անհասկանալի է` ինչու պետք է խոչընդոտեն: Փաստն այն է, որ այս խնդրի պատճառով չի աշխատում դատական համակարգը, դժվարանում է թե՛ փաստաբանների եւ թե՛ դատարանների կազմերի համար: Նրանք էլ չեն կարողանում այժմ աշխատել, եւ երբ վերականգնվի համակարգը, նրանց համար էլ մեծ ծավալների հասնող գործեր են գնալու, հրատապության կարգով բոլոր գործերը պետք է վարույթ ընդունեն եւ այլն, եւ այլն: Բնականաբար, ռեսուրսները չեն հերիքելու, եւ այստեղ տուժելու են ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ փաստաբանները, ե՛ւ դատարանի աշխատողները»,- նշեց փաստաբանը:
Կարծիքներ