Գրառումներ կատարելու պատրաստվող հայեր՝ երեխայիս են սպանել. ավագանու անդամները վիրավորել են որդեկորույս մորը

Գրառումներ կատարելու պատրաստվող հայեր՝ երեխայիս են սպանել. ավագանու անդամները վիրավորել են որդեկորույս մորը
«Հրապարակ»-ը բազմիցս և հանգամանորեն անդրադարձել է Գյումրի քաղաքում տեղի ունեցած 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքին: Սպանված երիտասարդի մայրը՝ Ռուզան Ադանալյանը, դեռ նախորդ իշխանությունների օրոք պայքարում էր որդու սպանությունը բացահայտելու համար: Կնոջ խոսքերով՝ մինչ օրս որդու սպանության շարժառիթն ու իրական հանցագործները հայտնաբերված չեն: Ինչպես ամեն շաբաթ, նախորդ շաբաթ էլ Ռուզան Ադանալյանը կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էր անում՝ հանդիպում պահանջելով ՀՀ վարչապետի հետ: Սակայն տիկնոջը ոչ միայն չի հաջողվել հանդիպել վարչապետին, այլև միջադեպ է գրանցվել:



«Էդքան դուխով ես, դուրս արի, Փաշինյան» եւ այլ արտահայտություններ էր արել Ռուզան Ադանալյանը վարչապետին ուղղված: Կառավարության շենքի դիմաց կատարված իրադարձություններից հետո բուռն տարածում գտավ տեսանյութն ամբողջ ծավալով: Տեսանյութի համար Ռուզան Ադանալյանին ֆեյսբուքում սկսեցին քարկոծել եւ վարկաբեկել ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլև «Իմ քայլը» դաշինքի հայտնի ավագանու անդամներ՝ ոչ կոռեկտ մեկնաբանություններ անելով կնոջ հասցեին: «Ինձ այդկերպ ուզում են ոչնչացնել, ստեղծել տպավորություն, թե ես ցնորված եմ կամ չգիտեմ՝ ով: «Իմ քայլը»դաշինքի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի և նույն դաշինքի չակետրներով այլ տղամարդկանց գրառումները պարզապես ևս մեկ անգամ փաստեցին,որ սերժականներից մեր ուժերով ազատագրված Հայաստանը մեր ձեռքով էլ հանձնեցինք տկարամիտ և տարրական դաստիրարակությունից զուրկ մի խումբ զուտ ֆիզիկական մարմինների, կասեմ՝ ի պատասխան նմնան թեթև-սոլիկների գրառմանը: Վարչապետին տեսնելու բոլոր հնարավորությունները սպառած լինելու պատճառով և դեպքին վերաբերող հրատապությունից ելնելով նպատակ եմ ունեցել հանդիպելու նրան, ինչին ընդդիմացան ոստիկանները: Բարձրաձայն հայտարարել եմ Հանրապետության հրապարակում՝ Փաշինյանը, որ նշում է,թե բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության ենթարկվեն,որևէ մեկ պաշտոնատար անձ չպետք է մնա անպատիժ՝ պաշտոնեական հանցագործություններ կատարելու համար,ներկա պահին դրանք օդի մեջ ասված խոսքեր են: Տեսանյութի տակ արված գրառումներից պարզ դարձավ,որ մեր հասարակությունը ոչ թե զբաղված է բանական և գիտակից մարդուն հարիր դրսևորումներ ցուցաբերելով,որով կարող է ինչ-ինչ չափով օգտակար լինել իր ժողովրդաշինությանը,այլ ուղղակի տարրական դաստիրակության պակաս ունեցող մի զանգվածի,ով ընդունակ է ամեն ինչի,անգամ սրբապղծության,առավել ևս ,երբ չակերտավոր տղամարդիկ էին փորձել աղավաղել և իրենց գիտակցությանը անհաս հանգամանքներին որակումներ տալ: Հրապարակված նյութի վերաբերյալ գրառումներ կատարելու պատրսատվող հայեր՝ երեխայիս են սպանել... Եվ ինձ չի կարող վհատեցնել և որևէ էական նշանակություն չի կարող ունենալ որևէ կարծիք,անկախ դրա լավ կամ վատ բովանդակությունից: Որոշակի տեսակետներ հայտնելով ՝ որևէ մեկը չի կարող որդուս սպանության քրեական գործում առկա փաստաթղթերն ու ապացույցները ծածկել ,կամ անառողջ քննադատությամբ դուխ տալ մարդասպաններին… Ես պահանջել եմ արդարադատություն…պահանջել եմ համապատասխան միջոցներ ձեռնարկել որդուս դանակի հարվածներ հասցրած և ներկա պահին ազատության մեջ գտնվող անձանց,կազմակերպիչներին և հովանավորներին պատասխանատվության ենթարկել, որը Նոր Հայաստանի ՀՀ գլխավոր դատախազի անհապաղ կատարման ենթակա գործողությունն ու սուրբ պարտականությունն է... » ,-կատարվածի վերաբերյալ «Հրապարակ»-ին իր կարծիքը հայտնեց Ռուզան Ադանալյանը՝ նշելով, որ ձեռագիրը նույնն է, ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակ էր, ոչինչ չի փոխվել:



«Հեղափոխությունից որոշ ժամանակ անց գոնե ՀՀ գլխավոր դատախազությունում մի փոքր անհանգստություն առաջացավ ,բացի դրանից մարդիկ ցույցեր էին իրականացնում՝ պահանջելով Արթուր Դավթյանի հրաժարականը,իսկ վերջինիս ըստ իր հայտարարությունների արձագանքում էր,թե ինքը ԱԺ-ի որոշման համաձայն է նշանակվել և չի պատրաստվում հրաժարական տալ,սակայն պարտավորվում է նոր էջից սկսել:Հիմա արդեն ՀՀ գլխավոր դատախազությունը ևս գլխի է ընկել,որ առանձնապես բան չի փոխվել,իրենց և դատավորների հանցավոր գործողություններին կպնող չկա և շատ ճարպկորեն հաղթահարեցին այդ վախը: Ի դեպ ինձ համար մինչ օրս խիստ անհասկանալի և կասկածելի մնաց ,թե ուր մնացին այն բազմաթիվ ստորագրահավաք իրականացնող կազմակերպությունները,առանձին քաղաքացիներ,ովքեր՝ անկախ ամեն ինչից, պահանջում էին ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը...և որքանով հիշում եմ մեծաքանակ անձանց ստորագրություններ էին հավաքվել...Քանի դեռ որդուս սպանության գործը չի քննվել ըստ էության,օբյեկտիվ,լրիվ և բազմակողմանի,քանի դեռ ՀՀգլխավոր դատախազը իր գործիքակազմով չի ենթարկվել պատասխանատվության,ապա հեղափոխություն ասվածը դեռևս պատրանք է»,-ավելացրեց նա: Նշենք, որ « Իմ քայլը » դաշինքով ավագանու անդամ ընտրված Արամ Մանուկյանը տեսանյութի տակ գրառում էր կատարել. «Էսի աչքիս Քոչարյանի ֆեյքերից ա: Տավար, նախիրը դու ես» : Իսկ երգիչ, նույն դաշինքով ավագանի ընտրված Արթուր Իսպիրյանը լրացրել էր. «Գիժ անտեր»:



**Արևիկ Հակոբյան**