Հայտնի և անհայտ հայ երիտասարդները․ ֆոտո

Հայտնի և անհայտ հայ երիտասարդները․ ֆոտո
Պարզվում է, որ Հոլանդիայի առաջին եւ միակ «Luxury marketing» ընկերությունը («Studio Succes») պատկանում է երկու հայ երիտասարդների:



Յուրաքանչյուր հայ ուրախությամբ ու հպարտությամբ է լցվում, երբ լսում կամ տեսնում է, թե մեր հայրենակիցներն աշխարհի այս կամ այն մասում ինչպիսի հաջողությունների են հասել:



Կան մի շարք հաղորդաշարեր, որ մեզ տեղյակ են պահում աշխարհի հայերի մասին: Թերեւս տեղին է հիշել «Շանթ» հեռուստաընկերության «Աշխարհի հայերը» հաղորդաշարը: Սակայն հավատացե՛ք՝ հայ հանրությունն այս առումով դարձյալ տեղեկացված լինելու կարիք ունի:



Ավելի քան յոթ միլիոն սփյուռք ունեցող մեր ազգի մի շարք շնորհալի զավակների մեծածավալ գործունեությանը հայաստանաբնակներս հաճախ անհաղորդ ենք։ Բանն այն է, որ նրանք առավել համեստ են ու տեղեկատվական հարթակներում չեն ցանկանում երեւալ:



Օրերս գործուղումից վերադարձած դասընկերուհուս հանդիպեցի. ոգեւորված, հիացած, երբեմն էլ զարմացած, ինչ-որ բաներից էլ հիասթափված պատմում էր Հոլանդիայից:



Էհ՜, Աստված Վիլյամ Սարոյանի հոգին լուսավորի, լավ է ասել էլի. «Աշխարհի որեւէ ծայրում, եթե հանդիպեն երկու հայ, կկերտեն մի նոր Հայաստան...»:



Արի՛ ու տե՛ս՝ դասընկերուհիս Հոլանդիայում պատահական հանդիպել էր երկու հայի: Կարենն ու Տարոնը հայի խելացի ու բազմաշնորհ գենը կրող, պարզ, բարի ու գործունյա տղաներ են: Ասում են՝ միլիոնատեր չեն, բայց ձգտում են միլիոնատեր դառնալ, ունեն իրենց գրառումների նոթատետրը: Սահմանել են նշաձող եւ, փառք Աստծո, մինչ օրս կարծես թե յուրաքանչյուր տարիքի համար սահմանված նպատակները կյանքի կոչելով՝ առաջ են ընթանում:



Պարզ ու ուղիղ հարցնում եմ ընկերոջս, թե իրեն ի՞նչն առավել դուր եկավ այդ տղաների պարագայում: Նույնքան պարզությամբ ու ժպիտով պատասխանում է. «Ազգային մտածելակերպը»,- ու հավելում, որ նրանց մտածողության հիմքում ՀԱՅՆ է ու ՀԱՅԱՍՏԱՆԸ: Թերեւս սա էլ կարելի է համարել օտար ափերում ապրող ու ստեղծագործող այդ հայորդիների հաջողության գրավականը:



Այսպիսով, հավատալով իրենց ուժերին ու նպատակասլացությանը՝ տղաները Հոլանդիայում ստեղծում են մարքեթինգային ընկերություն: Ի պատիվ հայերիս՝ Հոլանդիայի «Luxury»-ի ուղղությամբ մասնագիտացված եզակի ընկերության հիմնադիրները մեր հայրենակիցներ Կարեն Հակոպյանն ու Տարոն Մոսեսյանն են:



«STUDIO SUCCES Lux Branding» ընկերությունը սպասարկում է վերնախավին եւ այն բրենդներին, որոնք ձգտում են դեպի բարձունքներ: Նրանց հիմնական նպատակն է ապահովել «Luxury brand»-ների հեղինակությունը:



Կարենի ու Տարոնի ընկերության կայքէջ կարելի է մուտք գործել միայն VIP-ով: Այցելելով նրանց կայք՝ տեսնում ենք հետեւյալ գրառումը. «Access only for exclusive audience» (Մուտքը բացառիկ լսարանի համար): Կայքն այցելելու համար պետք է լրացնել համապատասխան հարցաթերթիկը, որից հետո՝ 14-30 օր, պետք է սպասել արձագանքին:



Նրանք «Փարիզի նորաձեւության շաբաթ»-ի (Paris Fashion Week) պաշտոնական հովանավորներից էին։ Մյուս հովանավորներն են եղել «ING Ki private banking»-ը, որը սպասարկում է Հոլանդիայի միլիոնատերերի բանկային գործողություները եւ «Taranis Capital Group»-ը՝ ամերիկյան ներդրող ընկերությունը:



Ուսումնասիրելով նրանց «instagram»-ի էջը՝ պարզում ենք, որ նրանք համագործակցում են «Miss Universe Germany» հետ: Դեռ ավելին, տղաների գործողության շրջանակը բավականին լայն է, եւ չեն սահմանափակվում միայն «Miss Universe Germany»-ով․ հայազգի երիտասարդներն աշխատում են «BaroQco» բրենդի համար, որը պատրաստում է աշխարհի լուրջ «Miss»-երի մեծամասնության թագերը:



«Karma Loog» բրենդի կայքի ստեղծողները եւս մեր հայրենակիցներ Կարենն ու Տարոնն են։ Միլիարդատերերը, ովքեր ցանկանում են շքեղ հագուստներ գնել, պատվիրում են «Karma Loog»-ի միջոցով, եւ ապրանքն առաքվում է ինքնաթիռով: «Karma Loog»-ը Հոլանդիայի ամենաթանկ խանութն է եւ աշխարհում ընդունված ամենաթանկ բրենդներից մեկը:



Նրանք պատրաստել են «Karma Loog»-ի պաշտոնական կայքը եւ նրանց ամենաթանկ տեսականին են նկարահանել:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/43588784_1876683372423558_6972127910333251584_n.jpg?_nc_cat=104&oh=649780276962398051d4b0ba1ca2f1ad&oe=5C1BCA29)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/43437552_332819584119383_7909064344371986432_n.jpg?_nc_cat=109&oh=9e63e80062452aad9fa2c59cbcd4487c&oe=5C16B4DB)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/43527295_171668677076979_5910224777137618944_n.jpg?_nc_cat=104&oh=615eab73cbb12ac7f7e794c579cb8a98&oe=5C16A962)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/43433451_173562780230147_2575984439108567040_n.jpg?_nc_cat=102&oh=85ab4f34aa3433be4d7a1287aba70686&oe=5C498535)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/43485801_332795594193068_6275286539052253184_n.jpg?_nc_cat=100&oh=c9d903ec58e8e7f23a7db7db428a1a63&oe=5C481E68)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/43546364_272560533375461_4513149744851189760_n.jpg?_nc_cat=108&oh=066676db10001a817a4abfa17c68732a&oe=5C4F7340)