Նույնիսկ ֆրանսիական լիցեյում ֆրանսերենի դասավանդումը պետության ուշադրությանը չի արժանանում

Նույնիսկ ֆրանսիական լիցեյում ֆրանսերենի դասավանդումը պետության ուշադրությանը չի արժանանում
Երեւանում հոկտեմբերի 7-12-ն անցկացվելու են Ֆրանկոֆոնիայի օրեր։ Հայաստան են ժամանել ավելի քան 3 հազար 500 մարդ, 40-ից ավելի երկրների ղեկավարներ։ Տնտեսական ֆորում, Ֆրանկոֆոնիայի ավանի բացում, ֆրանկոֆոն աստղերի մասնակցությամբ գալա համերգ եւ այլ միջոցառումներ։



ԵՊՀ Ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոս **Թագուհի Բլբուլյանը**, ով ֆրանսիական կառավարության կողմից թոշակ է ստացել` Մոնպելյեի Պոլ Վալերի համալսարանում դոկտորականը պաշտպանելու համար, կարծում է, որ Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում լավ կանդրադառնան մեր պետության մշակութային, դիվանագիտական եւ քաղաքական կյանքի վրա, որովհետեւ մեր պատմության ընթացքում՝ դեռեւս 5-րդ դարից սկսած, Հայաստանը խորը մշակութային առնչություններ է ունեցել Ֆրանսիայի հետ։ «Ու համակրանքը ֆրանսերենի ու ֆրանսիական մշակույթի նկատմամբ միշտ եղել է, եւ ըստ էության այդ համակրանքն ու սերն է պահել, որ այսօր մեր երկրում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է տեղի ունենում։ Ֆրանսիան նաեւ այն երկիրն է, որն առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարծես դուռ է, որը դեպի Եվրոպա է բացվում, մեր հայացքն ավելի շատ Եվրոպա է ուղղված, քան որեւէ այլ երկիր։ Կարծում եմ՝ այս միջոցառումը կխթանի ֆրանսերենի զարգացումը, չնայած պետք է ասեմ, որ ֆրանսերենի վիճակը գնալով վատանում է, որովհետեւ անգլերենն ավելի շատ մեծ տարածքներ է գրավում։ Կարծում եմ՝ վերին կառույցները թերանում են այդ հարցում, փոխարենը խթանեն, քաջալերեն, որ ընտրեն այդ լեզուն»,- ասում է նա ու ընդգծում, որ ուզում է՝ Ֆրանկոֆոնիայի օրերն առիթ դառնան, որպեսզի մեր պետական պաշտոնյաները, ԿԳՆ-ն մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնեն ֆրանսերենին․ «Նաեւ իրենք էլ իրենց հերթին հասկանան, թե ինչ տեղ է գրավում այդ լեզուն, եւ ինչու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի ունեցավ հենց Հայաստանում, հատկապես որ անցկացնելու վայրի հետ կապված բավականին երկար ժամանակ վեճեր էին գնում, տարբեր երկրներ էին հայտեր ներկայացրել, բայց, ի վերջո, որոշեցին, որ մեր մոտ պետք է լինի։ Սրանից պետք է եզրակացություններ անել եւ ավելի մեծ տեղ տալ այդ լեզվին ու մշակույթին ոչ միայն խոսքով, այլ նաեւ՝ գործով»։



Ֆրանսերեն լեզվի ուսուցումն ի՞նչ մակարդակում է։ Թ․ Բլբուլյանն ասաց․ «Նույնիսկ ֆրանսիական լիցեյում ֆրանսերենի դասավանդումը մեր պետության կողմից ուշադրության չի արժանանում, եւ այդ դպրոցներն էլ մի տեսակ կիսահուսալքված վիճակում են, Հայ-ֆրանսիական հիմնադրամ դպրոց կա, որը դեսպանատունն է ֆինանսավորում, եւ նրանց վիճակը շատ լավ է։ Այդտեղ նաեւ դեսպանների երեխաներ են սովորում եւ այն մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն իրենց երեխաներին այդտեղ տանելու, որովհետեւ թանկ է»։



Պետական մակարդակով հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի ուսուցումը քաջալերելու քայլեր գոնե ինքը չի նկատել։ Ֆրանսերենի ուսուցիչների ներկայությունը մի շարք վայրերում՝ Գորիսում, Շիրակում, նվազել են․ «Շրջաններում տեղեր կան, որ ուսուցչի խանդավառության, նվիրվածության շնորհիվ ֆրանկոֆոն միջանցքներ են ստեղծում, եթե այդ ուսուցիչները չլինեն, այդ օջախները վաղը, մյուս օրը կվերանան»։



Իսկ մշակույթի մակարդակում ամեն ինչ նորմալ է, լավ արվեստագետը կարողանում է պատուհան բացել դեպի Ֆրանսիա, Եվրոպա․ «Աշխատում ենք ֆրանկոֆոն միջավայր ստեղծել, բայց ես չգիտեմ՝ մեզնից հետո արդյոք երիտասարդները կկարողանա՞ն շարունակել այս գործը, որովհետեւ շատ քիչ վճարվող աշխատանք է։ Այս ասպարեզում նվիրյալներ են պետք։ Պետությունից պետք է սկսվի այդ հովանավորումը, որ այդ ամեն ինչը ստանա կարգավորված, համակարգված բնույթ, եւ ինչ-որ համամասնություն պահպանվի անգլերենի, ֆրանսերենի եւ գերմաներենի միջեւ»։ Ֆրանսիական լիցեյը, Ֆրանսիական համալսարանը, ըստ նրա, ստեղծում են ֆրանկոֆոն մթնոլորտ, բայց դա քիչ է․ «Երբեմն ինչ-որ խուլ գյուղից եկած ուսանողները դառնում են առաջատար՝ շնորհիվ իրենց ուսուցիչների նվիրվածության, եւ դառնում են շատ ավելի ֆրանկոֆոն, քան ֆրանսիական դպրոցից դուրս եկած աշակերտը։ Ամեն դեպքում, պետք է պահպանել այն, ինչ կա, բայց ես մի քիչ թուլացման միտում եմ տեսնում»։



Այսօր ԵՊՀ-ում մոտ հազար ուսանող կա, ովքեր ուսումնասիրում են ֆրանսերենը, որն ավելի բարդ լեզու է, քան անգլերենը․ «Մենք անգլերենի բաժնից ունենք ուսանողներ, որ շատ հեշտությամբ սովորում են ֆրանսերեն, այսինքն՝ եթե որեւէ լեզվի հիմք ունեն, ապա կարողանում են ավելի հեշտ սովորել, քան մեկը, որ բոլորովին լեզու չգիտի։ Եվ հետո՝ լեզու սովորելը ոչ միայն լեզուն է, դա մտածելակերպ է, նույնիսկ կարելի է ասել՝ կենսակերպ»։



ԵՊՀ դասախոսն ասում է, որ Ֆրանկոֆոնիան մեզ տալու է այսօրվա Ֆրանսիայի պատկերը, այն բազմամշակութային հասարակություն է․ «Մենք ավելի միատարր ենք, որովհետեւ ինքնապահպանման խնդիր ենք ունեցել, բայց Ֆրանսիան ինքը բազմամշակութային է։ Հուսով եմ, որ այս գագաթնաժողովից հետո պետական այրերը կմտածեն ինչ-որ մի համակարգ, որով կկարողանան խթանել ֆրանսերենի ուսուցումը դպրոցներում։ Դպրոցներում պետք է պայմաններ ստեղծվեն ֆրանսերենի ուսուցման համար, եւ միայն անգլերենի պրոպագանդա չգնա, որովհետեւ հաճախ ուսուցիչները մտնում են դասարան ու ասում են՝ ձեր ինչի՞ն է պետք ֆրանսերենը, եկեք անգլերեն սովորեք»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**