Պատմություն շեվալյե Դե Գրիեյի և գեղեցկուհի Մանոնի սիրո մասին

Պատմություն շեվալյե Դե Գրիեյի և գեղեցկուհի Մանոնի սիրո մասին
Հոկտեմբերի 7-ին` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ժյուլ Մասնեի «Մանոն» լիրիկական օպերայի պրեմիերան: Թատրոնի արտիստները, երգչախումբը և նվագախումբը երաժշտության միջոցով «պատմեցին» շեվալյե Դե Գրիեյի և գեղեցկուհի Մանոն Լեսկոյի սիրո պատմությունը: Դիրիժոր Քրիստոֆեր Օքասեքը իր ձեռքերի հավասարակշռությամբ և երաժշտականությամբ կարողացավ փոխանցել Մասնեյի ֆենոմնալ մեղեդայնությունը, որը իր ողջ հմայքով ակնհայտորեն ներծծված էր ողջ երաժշտական կտավի մեջ: Ֆրանկոֆոնիայի օրերին ընդառաջ, երբ ողջ Հայաստանում «իշխում է» ֆրանսիականության մթնոլորտ, այս պրեմիերան լավագույն տուրքն էր ֆրանսիական դասական արվեստին, քանզի բեմահարթակ էր բարձրացել մի կոմպոզիտորի ստեղծագործություն, ով շարունակելով Գունոյի և Բիզեի ավանդույթները, իր երաժշտական մելոսի շնորհիվ կարողացել էր դառնալ ֆրանսիական երաժշտական երկնակամարի ամենափայլուն աստղը, կոմպոզիտոր, ում անքննելի տաղանդը և օժտվածությունը օպերային ժանրում կարողացավ ապահովել նրա շռնդալից հաջողությունը Ֆրանսիայի և ողջ Եվրոպայի երաժշտական թատրոններում: Իր առաջին բեմադրությունից հետո (1884 թ, Փարիզ, Opéra-Comique) «Մանոն» օպերան այնպիսի հաղթարշավ սկսեց, որ կոմպոզիտորի կյանքի օրոք բեմադրվեց մոտ 1000 անգամ: Եվ ահա, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի համընդգրկուն աշխատանքի շնորհիվ «Մանոնի» կանգառը այս անգամ Հայաստանն էր: Մեր թատրոնը ներկայացրեց մի օպերա, որի գրական հիմքը Աբբատ Պռեվոյի «Պատմություն շեվալյե Դե Գրիեյի և Մանոն Լեսկոյի մասին» (1731) նովելն էր. ռեալ սիրո պատմություն, որն իր ժամանակի ամենաընթերցված և պահանջված գրական ստեղծագործությունն էր համարվում: Ֆրանսիացի ընթերցողը այնքան սիրեց այս նովելը, որ այն դարձավ նաև Օբերի բալետի, Պուչինիի օպերայի գրական հիմքը նույնպես, իսկ Մանոն անունը դարձավ Ֆրանսիայի սիմվոլներից մեկը:



Ֆրանսիական կոմպոզիտորի ամենահեղինակավոր աշխատանքը, որտեղ համատեղված էին ֆրանսիական գալլիական ոճը, նատուրալիստական ու իմպրեսիոնիստական տարրերը, խանդավառորեն ընդունվեց հայ հասարակության կողմից: Հանդիսատեսի արձագանքը գերազանցեց բոլոր սպասումները: Արտիստների հրաշալի ձայները, նվագախմբի հավասարակշռված և էմոցիոնալ նվագը, ֆրանսիական կոլորիտային բեմադրությունը և իհարկե անզուգական երաժշտությունը ձուլվեցին միմյանց հետ և ստեղծեցին այնպիսի մթնոլորտ, որտեղ հանդիսատեսը չկարողացավ զսպել իր զգացմունքները. հոտնկայս և չդադարող ծափերը, թաց աչքերն ու բուռն ողջյուններն էին այն գնահատականը, որ հանդիսատեսը կարող էր բեմին փոխանցել դահլիճից:



Օպերայի լիբրետոն, որը մշակվել էր Ա. Մելյակի և Ֆ. Ժիլլի կողմից, զարգացրել էին սյուժեն առավել լայն, բազմաբնույթ և հյութեղ ֆոնի վրա: Օպերայի առանցքում Փարիզի քաղաքային կյանքն է տարբեր սոցիալական շերտերին պատկանող մարդկանց իրական կյանքը, որի առանցքում, իհարկե, երկու սիրահար զույգերի սիրո պատմությունն է:



Ներկայացման ռեժիսորն էր լատվիացի հայտնի ռեժիսոր Անդրեյս Ժագարսը, ով օպերայի գործողությունները 18-րդ դարից տեղափոխել էր 20-րդ դարի 60-ականների Փարիզ, այդ իսկ պատճառով այն, ինչ տեղի էր ունենում բեմում, հիշեցնում էր ֆրանսիական հայտնի քաղաքային կյանքը իր բոհեմական կենցաղով: Շատ տպավորիչ էր տեսնել, թե ինչպես է ներկայացման ռեժիսորը կարողացել ստեղծել անզսպելի կրքի և պոետական նուրբ սիրո նրբերանգները մեկ ստեղծագործության մեջ: Տեսարանները, որոնք բնութագրում էին ֆրանսիական կյանքը, ներկայացված էին գրականագիտական ճշգրտությամբ, իսկ դետալները և հագուստը հիշեցնում էին իսկական նրբանկատ ֆրանսիացու կերպար. լաքապատ կոշիկներ, մեծ գլխարկներ և կեղծամներ, ֆրանսիական ոճով դիմահարդարում: Ինչպես ցանկացած մելոդրամ, այնպես և «Մանոն»-ը ռեժիսորից պահանջում էր տեսարանների և գործողությունների կոնտրաստներ. հյուրանոցից դեպի փարիզյան աղմկոտ փողոց, Սան Սյուլպիս եկեղեցուց դեպի խաղատուն և ահա այս հակադիր և տարբեր տեսարաններում պետք էր ստեղծել դրամատիկ ու երաժշտական ներդաշնակություն, որը տարբեր մասնագետների համատեղ ջանքերով հնարավոր եղավ տեսնել մեկ ընդհանրության մեջ: Ռեժիսորի ամենամեծ պահանջը համոզիչ լինելն էր. երկար տարիների ռեիսորական փորձով Անդրեյս Ժագարսը օպերային երգիչների հետ աշխատում էր Ստանիսլավսկու դերասանական մեթոդով, որը կոտրել էր բոլոր կարծրատիպերը և օպերա բերել իրական դրամատիկ արտիստական ռեալիստական խաղ: Արտիստներից պահանջները մեծ էին, ոչ միայն պարտիտուրի գերազանց իմացություն, այլև դարաշրջանի և սիմվոլների:



Քրիստինա Պաստերնակը զգեստային լուծումներ էր գտել, այնպես, որ արտիստների երգչախումբի և մենակատարներ զգեստները համապատասխանեն Կոկո Շանելի և Դիորի բարձր ոճին: Հատուկ նրբաճաշակությամբ էին ընտրված Մանոնի զգեստները, որոնք համապատասխանում էին Իֆ Սեն-Լոռանի հավաքածուներին: 60-ականների նորաձևությունը, լիարժեք ազատության, սիրո և անսահման երջանկության զգացողության ժամանակաշրջանը հնարավոր եղավ փոխանցել դահլիճից և ամենակարևորն այն էր, որ Փարիզի այդ նրբանկատ բույրը, 60-ականների ճաշակը, զգացվեց նաև դահլիճում: Հանդիսատեսը հավատաց հերոսներին, հավատաց նրանց հարաբերություններին, տառապանքին, սիրուն և վայելեց այն:



Մերի Մովսիսյանը, ով մարմնավորում էր Մանոնի կերպարը, հիացրեց հանդիսատեսին իր կանտիլենային երգեցողությամբ: Հատկապես տպավորիչ էր Մանոնի գավոտը երրորդ գործողության մեջ, որտեղ առավել ցայտուն է բացահայտվում նրա կերպարի թե’ արտիստական և թե’ երգչական կողմը: Մանոնի լեյթեմաները` լինելով նրա զգացմունքայնության արտահայտման հիմնական ձևը, կարմիր թելի պես անցնում էին ողջ օպերայով և արտահայտում նրա տառապանքը և սերը: Բավականին երիտասարդ սոպրանոն կարողացավ ստեղծել իր կերպարի դրամատուրգիան`անմեղ սկզբում և տրագիկ վերջում:



Լիպարիտ Ավետիսյանը` լինելով գրական Դե Գրիեյի հետ գրեթե նույն տարիքում, նույնքան լավ էր զգում նրա զգացմունքները, որոնք կունենար հենց Դե Գրիեն, նրա հույսերը, կասկածները, սերը և խանդավառությունը: Նրա տենորը` իր լիրիկական կանտիլենայով և հախուռն զգացմունքայնությամբ համապատասխանում էր կոմպոզիտորի մելոդրամայի բոլոր պահանջներին: Նրա ձայնը նույնքան տպավորիչ էր, որքան և իր կերպարը, այն ներդաշնակության մեջ էր բոլոր առումներով:



Իսկ Դե Գրիեյի հայրը` Կոմս Դե Գրիեն զարմացրեց հանդիսատեսին իր հարուստ ձայնով, տեմբրի մեջ զգացվում էր իր կերպարին հատուկ ազնվականությունը, վեհությունը, պատվախնդրությունը, ով ոչ մի դեպքում չէր կարող զիջումների գնալ: Երգիչը կարողացել էր իր ազդեցիկ ձայնով, պրոֆեսիոնալ երգեցողությամբ և արտիստիզմով ստեղծել ազնվական ընտանիքի հոր իրական կերպար, ում զարմանքը ահռելի մեծ էր տեսնելով որդուն «սխալ» և ընտանիքի համար ոչ հարիր միջավայրում, բայց ներում չկա, քանզի հասարակությունը այն թույլ չէր տա:



Լեսկոյին մարմնավորող Կիմ Սարգսյանը իր փափուկ բարիտոնով կարողացավ ստեղծել խաղային և խարիզմատիկ կերպար: Նրա երգողոցության մեջ կար պրոֆեսիոնալիզմ, երաժշտականություն և լիրիկական մելոդրամային հատուկ ավանդույթներ:



Աշոտ Ղանթարջյանը` ով մարմնավորում էր Բրետինիի կերպարը, կարողացավ ճիշտ և գրագետ մատուցել այն, երգել Մասնեի երաժշտական ոճով ` պահպանելով 19-րդ դարի վոկալ ավանդույթները:



Օպերայի բոլոր դերակատարները`Ռուբեն Նուրիջանյան, Սոֆյա Բաղդասարյան, Թամարա Դադոյան, Գրետա Բագիյան, Խաչիկ Բեկյան մեկ ընտանիքի նման,մեծ ոգևորությամբ կարողացան մեզ փոխանցել ֆրանսիական ամենահայտնի ստեղծագործությունը, բոլորն էլ պրոֆեսիոնալ էին, բոլորն էլ ճիշտ կերպարի մեջ:



19-րդ դարի ֆրանսիական երաժշտությունից անմասն չէն կարող լինել խոսակցական հատվածները` ռեչետատիվները, որոնց ժամանակ հնչում էր երաժշտություն, որն էլ ապահովում էր մելոդրամայի իրական պատկեր: Իսկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երգիչները խոսում և երգում էին ճիշտ ֆրանսերեն: Իսկ այդ արդյունքը ապահովել էր Սերինե Թադևոսյանը, ով հսկայական լեզվական աշխատանք էր տարել երգիչների հետ, որի ընթացքում բացվել էին ֆրանսերեն լեզվի բոլոր գաղտնիքները:



Վոկալ բոլոր ավանդույթները, երգեցողական տեխնիկան և ֆրանսիական ոճին հատուկ նրբերանգները և այլ հմտությունների հետ աշխատել էր վոկալ հայտնի մասնագետ Աքսել Էվերարտը:



Կատարված աշխատանքը ահռելի էր, այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմաիական թատրոնը շնորհիվ Կոնստանտին Օրբելյանի համաշխարահային մակարդակի ներկայացումներ ունի, քանզի նրա ահռելի ջանքերի և անասելի աշխատանքի արդյունքում այսօր մեր երգիչները վայելում են իրենց աշխատանքի պտուղները, հանդիսատեսի սերը և ջերմությունը:



**Հայկ Տիգրանյան**